«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Առաջընթացի մասին հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը նպաստելու դրսեւորում

  «Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման թուրքական արձագանքներին, նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «որոշակի դժվարությունները», որոնք բացահայտվել են Մյունխենում, չեզոքացնում են արձանագրված «կարեւոր առաջընթացը», հետեւաբար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս հանդիպումը նախորդներից առանձնապես չպետք է տարբերվի: Միաժամանակ նշվել է, որ թուրքական կենտրոնական թերթերն այլ մանրամասներ չեն հայտնում:

Երեկ այդ թերթերից կառավարամետ «Ենի շաֆաքը» «Քելբաջարի հանելուկը» վերնագրով վերստին անդրադարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: Հոդվածը մանրամասներ նույնպես չի հայտնում, պարզապես ենթադրություններ է անում Քելբաջարի վերաբերյալ, որոնք միանգամայն իրարամերժ են: Ընդ որում, «Ենի շաֆաքը» դա չի թաքցնում, այլ, ընդհակառակը, արտահայտում է հենց հոդվածի վերնագրում:

«Ենի շաֆաքը», մատնանշելով Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին առնչվող պաշտոնական հայտարարության բացակայությունը միաժամանակ ընդգծում է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը հակասական տեսակետներ են առաջ քաշում: Ելնելով այդ հանգամանքից, «Ենի շաֆաքը» հարցնում է. «Սա տրամադրությունների շոշափման փո՞րձ է»:

Շոշափման պարագայում խոսքը Քելբաջարի մասին է: «Ենի շաֆաքը» վկայակոչելով «Եվրոնյուսին», նշում է, որ ըստ այս հեռուստաընկերության, Սարգսյանն ու Ալիեւը բանակցել են օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը նախատեսող շրջանակային պայմանագրի շուրջը, համաձայն որի, Հայաստանը պետք է ազատի Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հինգը: Մեկ այլ ենթադրության համաձայն, ինչպես «Ենի շաֆաքն» է նշում, հանդիպմանը քննարկվել է նաեւ հայկական զորքերի Քելբաջարից եւս դուրսբերման հարցը: Թեեւ ադրբեջանական աղբյուրները կարեւորել են այս հանգամանքը, սակայն դրանցից APA գործակալության փոխտնօրեն Նուրշեն Գուլիեւը ասել է. «Քելբաջարի ազատման մասին լուրեր են տարածվել: Մինչ այդ Քելբաջարը չէր նշվում ազատման ենթակա հինգ շրջանների թվում: Ուստի, Քելբաջարի հանկարծակի հիշատակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, քան շահարկման դրսեւորում: Դա չի համապատասխանում իրականությանը: Հայերը հակված չեն ազատելու այդ շրջանը: Համանման ենթադրություններով, ըստ երեւույթին, փորձ է արվում շոշափելու Ադրբեջանի եւ Թուրքիայի տրամադրությունները»:

Որքան էլ «Ենի շաֆաքը» հիշատակի Քելբաջարի մասին, այնուամենայնիվ, խուսափում է շրջանի ազատման վերաբերյալ որոշակի տեսակետից: Ավելին, ընթերցողին թյուրըմբռնումից զերծ պահելու մղումով միաժամանակ մատնանշում է. «Մինչեւ տարեվերջ Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերման լուրերի առնչությամբ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ասաց. «Դա պարզ ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ»: Բացի այդ, Ղարաբաղում ուժ գործադրելու Ադրբեջանի նախագահ Ալիեւի նախազգուշացմանն ի պատասխան, Հայաստանը հայտարարեց, որ այդ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ի տարբերություն «Ենի շաֆաքի», թուրքական գործակալություններն էլ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Փոլուխովի հայտարարության վրա. «Մյունխենյան հանդիպմանը առաջընթաց է արձանագրվել», ապա ավելացնում են. «Էլհան Փոլուխովը նշեց, որ մի շարք հարցերում երկու երկրների տեսակետները մերձեցել են, եւ կողմերը առաջ են շարժվել կարգավորման գործընթացում»:

Քանի որ այդ նույն գործակալությունները նշել էին նախագահի Սարգսյանի հետ հանդիպման նախօրյակին Ալիեւի արած ռազմատենչ հայտարարության մասին, ուստի թուրքական գործակալություններիՙ Փոլուխովից կատարած մեջբերումը պետք է վերագրել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի ազգային մեծ ժողովում քննարկելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նկատառումներին: Ինչ վերաբերում է Քելբաջարի առնչությամբ «Ենի շաֆաքի» կարծիքներին, ապա դրանց հակասականությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այս շրջանի հանձնման առնչվող իրարամերժ լուրերով փորձ է արվում շոշափելու ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ հենց Հայաստանի տրամադրությունները: Պարզապես այդ փորձերը կանխվեցին Ֆարմանյանի հայտարարությամբ:

Այլ կերպ, մյունխենյան հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով որեւէ «առաջընթաց» չի արձանագրել: Առաջընթացի արձանագրման լուրերն ընդամենը հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաեւ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ օգտագործելու պաշտոնական Անկարայի ցանկատեսությունից բխող նկատառումներ ենՙ պայմանավորված, թերեւս, Հայաստանի հետ սահմանի բացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ պայմանավորելու խոստումների գերությունից ձերբազատվելու հաշվարկներով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4