«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


«ԵԹԵ ԵՍ ՖԱՇԻՍՏ ԵՄ, ԱՊԱ ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՎԱՆԵԼ ԴԵՐՍԻՄԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՂ ԱԹԱԹՈՒՐՔԻՆ, ՆԱ Է՞Լ Է ՖԱՇԻՍՏ»

Հայտարարում է Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օյմենը

«Ազգը» նոյեմբերի 20-ի եւ 21-ի համարներում անդրադարձավ Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ, նախկին դեսպան Օնուր Օյմենի Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նոյեմբերի 10-ի նիստում ունեցած ելույթին: Հիշեցնենք, որ այդ նիստում նախնական քննարկման էր դրվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության «Քրդական նախաձեռնությունը»: Դրա իրականացման անհրաժեշտությունը հիմնավորելու համար Թուրքիայի վարչապետը, նկատի առնելով PKK-ի հետ կռիվներում զոհվածներին, ասել էր. «Անհրաժեշտ է լուծել քրդական հարցը, որպեսզի մայրերն այլեւս չարտասվեն երկրում»:

Պատասխան ելույթով ամբիոնին էր մոտեցել Օյմենը եւ հարցրել վարչապետին. «Մի՞թե Աթաթուրքը բանակցությունների սեղանին նստեց Շեյխ Սաիդի հետ: Նա բանակցե՞լ է Դերսիմի ապստամբության պարագլուխների հետ: Մայրերը չե՞ն արտասվել Դերսիմի ապստամբության օրերին: Դուք այդպես եք ասում, որովհետեւ ահաբեկչության դեմ պայքարելու հանդգնություն չունեք»:

Օյմենի խոսքերը բուռն հակազդեցություն էր առաջացրել հատկապես ալավիների շրջանում, որոնց թվաքանակի մասին տվյալները տատանվում են 7-20 միլիոնի միջեւ: Համենայնդեպս, 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումից հետո գեներալ Քենան Էվրենի կարգադրությամբ անցկացված գաղտնի հաշվառման տվյալներով, Թուրքիայում կար 12 միլիոն ալավի:

Խնդիրն, իհարկե, ալավիների թվաքանակը չէ, այլ քրդական հարցի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն Քեմալ Աթաթուրքի օրինակին հետեւելու եւ PKK-ին զենքի ուժով ճնշելու Օյմենի կոչը վարչապետ Էրդողանին: Սա այն դեպքում, երբ կառավարությունը 1937-38 թթ. Դերսիմի ապստամբությունը ճնշել է շուրջ 90 հազար դերսիմցիներին սպանելու գնով: Թերեւս դա է պատճառը, որ վարչապետ Էրդողանը, հակառակ Դերսիմի իրադարձությունները որպես ապստամբություն որակելու Թուրքիայի պաշտոնական թեզին, օգտագործեց «Դերսիմի կոտորած» արտահայտությունը եւ դարձավ «Հյուրիեթի» գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օսքյոքի երկիմաստ հարցադրման թիրախ. «Եթե «Դերսիմի միջադեպը» կոտորած է, ապա ի՞նչ բնութագիր ենք տալու Հայկական հարցին»:

Նոյեմբերի 22-ին «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքային վարչությունների խորհրդակցության ժամանակ վարչապետ Էրդողանը, եթե ոչ Օսքյոքին, ապա գոնե Օյմենին մեկ անգամ եւս պատասխանեց. «Պարզորոշ ասեմ... ստատուս-քվոյի օգտին արտահայտվել, կնշանակի լինել սպանությունների, արյունահեղ կռիվների, ավերվածության, անարդարության, անիրավացիության եւ անօրինականության մասնակիցը... «Մայրերն, իհարկե, արտասվելու են», ասելը անխղճություն է... սպանությունները, կոտորածները, խոշտանգումները, ինչպես նաեւ քարանձավներում անմեղ մանուկների մորթոտումը հաստատել, նույնիսկ գովաբանել է: Սրանք, երբ նեղն են ընկնում, թաքնվում են Աթաթուրքի թիկունքում: Շահարկում են նրա անունը: Համոզված եմ, որ իմ ալավի եղբայրները կպատռեն շահարկողների դիմակը»:

Մինչ վարչապետ Էրդողանը Թուրքիայի պաշտոնական թեզն անտեսելու գնով Դերսիմի իրադարձությունները զանգվածային կոտորած էր անվանում, ալավիներն Օյմենին նույնացնելով Հիտլերի հետ, անվանեցին ֆաշիստ, իսկ նա «Զամանի» նոյեմբերի 17-ի համարում հրապարակված հարցազրույցով պատասխանեց նրանց. «Մի՞թե ֆաշիստ էր նաեւ Աթաթուրքը»:

Հարցազրույցի Աթաթուրքին վերաբերող հատվածը կարեւոր է Թուրքիայում Աթաթուրքի տաբուի վերացման առումով: Իսկ դրա վերացումը անմիջականորեն այդ տաբույով պայմանավորված հարցերը երկրում ազատորեն վերարծարծելու, ինչպես նաեւ այդ հարցերում, որոնց թվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը, պաշտոնական թեզը գոնե մասնակի վերագնահատման առումով: Այդ իսկ պատճառով էլ նպատակահարմար ենք գտնում Օյմենի հետ «Զամանի» արած հարցազրույցի Աթաթուրքին վերաբերող հատվածը:

Թղթակցի «Դերսիմում ավելի քան 90 հազար մարդ սպանվեց, որոնց մեծ մասն անմեղ էին, այդ մասին են վկայում պատմությունն ու ականատեսները: Դուք անտեսո՞ւմ եք այս ամենը» հարցին ի պատասխան, Քենալ Աթաթուրքի հիմնադրած «Իթթիհադ վե Թերաքիի» իրավաժառանգորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենն ասում է. «Պատմությունը թողնենք պատմաբանների հայեցողությանը: Ապստամբությունների ժամանակ աշխարհը միշտ էլ ականատես է եղել դրամաների: Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչեւ օրս քաղաքացիական պատերազմների եւ ապստամբությունների հետեւանքով ավելի քան 18 միլիոն մարդ է սպանվել աշխարհում: Մեզ համար ցավալի է Դերսիմում գեթ անմեղ մեկ մարդու սպանությունը: Իմ ասածն այն է, որ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մեթոդը Աթաթուրքի մեթոդը չէ, ինչպես ներկայացնում են: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Ինչո՞ւ Աթաթուրքն այդպես վարվեց: Ջելալ Բայարը վարչապետն էր: Ֆեւզի Չաքմաքըՙ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Նրանք ֆաշի՞ստ էին: Որեւէ մեկին վշտացնելու մտավախությամբ մեր իմացածը պահում ենք մեր մեջ: Որեւէ մեկին չվիրավորելու համար չենք փորփրում պատմությունը: Իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4