«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԵԱՀԿ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Այս շաբաթ Աթենքում կգումարվի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստը: Նշելով այդ մասինՙ թուրքական հանրային հեռուստատեսությունը նիստը համարում է վճռորոշ եւ ընդգծում է, որ նիստի օրակարգի առաջնահերթ խնդիրների թվում քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այդ ընթացքում Մինսկի խմբի եռանախագահները հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Ենթադրվում է, որ ԵԱՀԿ շրջանակներում Դավութօղլուն երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Տեղեկացնելով այս ամենի մասինՙ թուրքական հանրայինը ավելացնում է. «Թուրքիան ձգտում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով խաղաղ կարգավորվի: Պաշտոնական Անկարան, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, երաշխիքներով հավաստիացրել էր, որ Թուրքիայի հայկական սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղի հարցը: Շնորհիվ այս հավաստիացմանՙ Բաքվի հետ նորմալացել էին հարաբերությունները: Իսկ Հայաստանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ղարաբաղում ուժ գործադրելու սպառնալիքին, հայտարարել էր, որ այդ դեպքում ինքը Ղարաբաղը կճանաչի որպես անկախ պետություն»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4