«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2009-12-08 | #225, 2009-12-09 | #226, 2009-12-10


«ԵԹԵ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՉՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Սպիտակ տանը նախագահ Օբաման զգուշացրել է վարչապետ Էրդողանին

Այդ մասին դեկտեմբերի 9-ի համարում տեղեկացնում է «Հյուրիեթը»: Ստորեւ մասնակի կրճատումներով ուշադրության ենք ներկայացնում հրապարակման թարգմանությունը:

«Երկուշաբթի օրը Սպիտակ տանը ընդունելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանինՙ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրեց նրան: Նա հասկացրեց, որ եթե Թուրքիայի ազգային մեծ ժողովը չհաստատի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, ապա ԱՄՆ Կոնգրեսը կարող է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունել:

Դրան իսկույն արձագանքեց վարչապետ Էրդողանը: Ընդ որում, երբ Օբաման այդ մասին արտահայտվում էր Սպիտակ տանը փակ դռների հետեւում, Էրդողանը նրան պատասխանեց մամուլի ներկայացուցիչների առջեւ «Գերման Մարշալի» հիմնադրամում ունեցած ելույթի ժամանակ:

Թեեւ նա բացահայտորեն չհիշատակեց Հայկական հարցի մասին, սակայն ակնհայտ էր Էրդողանի հաղորդած եւ չհաղորդած ազդանշանների հասցեատերը, որը դեռեւս մեկ օր առաջ Թուրքիայի հետ «ռազմավարական գործակցությունը» «տիպական գործակցության» մակարդակի բարձրացնող նախագահ Օբաման էր: Էրդողանն իր ելույթն սկսեց հետեւյալ խոսքերով. «Տիպական գործակցությունը, որ երկու երկրների համերաշխության առումով ավելի քան բարձր է ռազմավարական գործակցությունից, ինքնըստինքյան պարտավորություններ է ենթադրում...»:

Էրդողանի այս խոսքերին հաջորդող հետեւյալ նախադասությունն էլ Սպիտակ տանը հասցեագրված ազդանշաններ էին. «Անհրաժեշտ է թուրք-ամերիկյան համագործակցությանը մոտենալ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից եւ վճռականորեն դիմագրավել ներքաղաքական հաշվարկների, տարաբնույթ լոբբիների ու շահադիտական խմբավորումների պատճառած ճնշումներին, ինչպես նաեւ դժվարություններին, նախքան կյանքի կոչվելը կանխել բացասական նախաձեռնությունները...»:

Այս վերին աստիճանի դիվանագիտական խոսքերի պարզաբանումը հետեւյալն է. վարչապետը «ներքաղաքական հաշվարկներ» ասելով նկատի ունի հաջորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում նշանակված ընտրությունները, որոնց արդյունքում Կոնգրեսի անդամների 1/3-ը փոխարինվելու են նորերով: Ներկա պահին Կոնգրեսում մեծամասնություն են կազմում Օբամայի կուսակցությանՙ դեմոկրատների ներկայացուցիչները: Օբամային երկրում արդեն սկսել են նախընտրական խոստումները չկատարելու մեջ մեղադրել: Օբաման վախենում է, որ պաշտոնավարման վերջին երկու տարիներին ստիպված կլինի աշխատել այն Կոնգրեսի հետ, որտեղ մեծամասնություն կկազմի մրցակից Հանրապետական կուսակցությունը: Այդ իսկ պատճառով էլ Հայկական հարցը կարող է շահարկման «նյութ» դառնալ Կոնգրեսի առաջիկա տարվա ընտրություններում: Հենց այդ մասին է ակնարկում վարչապետ Էրդողանի «ներքաղաքական հաշվարկներ» արտահայտությունը: Ամենեւին դժվար չէ կռահել, թե նա «տարաբնույթ լոբբիների» մասին արտահայտվելիս ում նկատի ունի: Ի վերջո, ԱՄՆ-ում գործում է հայկական հզոր լոբբիինգ:

Կարճ ասած, Էրդողանը կոչ է անում Օբամային ներքաղաքական հաշվարկներով տեղի չտալ լոբբիներին եւ հետամուտ լինել այն «տիպական գործակցությանը», որը նա հաստատել է Թուրքիայի հետ, որովհետեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայանպաստ ամեն մի որոշում կնշանակի դեռեւս չհասունացածՙ ձախողման դատապարտել «տիպական գործակցության» կոնցեպցիան, երբ աննախադեպ բարձրանում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4