«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


«ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ԴԻՄԱՑԱՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ» 60-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Դեկտեմբերի 21-ին լրանում է հայ ազգային զարթոնքի ակտիվ մասնակից, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի 60-ամյա հոբելյանը: Դեռ վաղ հասակում Մարկոսյանը զինվորագրվում է ազգային ազատագրական պայքարին, 1969-ին անդամակցելով Ազգային միացյալ կուսակցությանը: 1974-ին, երբ ուսանող էր, որպես «վտանգավոր պետական հանցագործ» կալանավորվում է: Խորհրդային իշխանությունները նրան դատապարտում են 4 տարվա ազատազրկման եւ 2 տարվա աքսորի:

Մարկոսյանն ազատազրկումն անցկացնում է Մորդովիայի եւ Ուրալի կալանավայրերում, իսկ աքսորըՙ Ղազախստանում: Հազիվ էր աքսորից վերադարձել, նրան ներկայացնում են նոր մեղադրանքներ: Այս անգամ նա դատապարտվում է 3 տարվա ազատազրկման, որն անցկացնում է «մահվան» կոչվող քրեական ճամբարի արտակարգ ծանր պայմաններում: Եվ այս ամենին հաջորդում է նաեւ երկու տարվա տնային կալանքը:

1976-77 թթ. Մարկոսյանը երկու անգամ անցնում է քաղբանտարկյալի «ստատուսի»: Նա համերաշխություն է հայտնում 60-ականներին ազգային ինքնության գիտակցման համար կալանված Ուկրաինայի մշակույթի եւ արվեստի լավագույն գործիչներին: Համերաշխության եւ երեւույթի դատապարտման նրա դիմումը հետագայում դառնում է իր դեմ հարուցված բազմաթիվ մեղադրանքներից մեկը:

1987-96 թթ. հանդիսանալով ԱԻՄ-ի հիմնադիր անդամ, Մարկոսյանը քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալում: Նա «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության հիմնադիրներից է, միաժամանակ «Սյունիք» աշխարհազորի հրամանատարական կազմի անդամ: 1998-2000 թթ. ընտրվել է Հայաստանի նախկին քաղբանտարկյալներիՙ «Ակումբ-65» հասարակական կազմակերպության նախագահ:

2006-ին Հայաստանի անկախության գործում ունեցած ավանդի եւ ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ Ռազմիկ Մարկոսյանին շնորհվել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի «պատվավոր» դոկտորի կոչում: Նրա բարոյական կերպարի խտացված արտահայտությունը պետք է համարել հանգուցյալ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի հետեւյալ խոսքերը. «Ռազմիկ Մարկոսյանը մնաց տոտալիտարիզմի դեմ պայքարողներից հավանաբար այն միակը, որ դիմացավ ոչ միայն սովետական բանտերի եւ ճամբարների, այլեւ ազատության փորձությանը, իսկ դա, ինչպես ցույց տվեց կյանքը, շատ ավելի դժվար խնդիր է»:

60-ամյա հոբելյանի առթիվ Ռազմիկ Մարկոսյանին ջերմորեն շնորհավորում են տնօրեն Մհեր Նավոյանի գլխավորությամբ Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի աշխատակիցները, կոմպոզիտորներ Մարտուն Իսրայելյանը, Արթուր Շահնազարյանը, Աշոտ Զոհրաբյանը, դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ բոլոր նրանք, ովքեր գնահատում են հայ ազգային զարթոնքի նշանակությունն անկախության ձեռքբերման գործում:

Խմբագրությունը միանում է շնորհավորանքներին:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4