«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


«ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Հայտարարել է Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարքը

Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը ամերիկյան CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է դեկտեմբերի 20-ին, ասել էր. «Թուրքիայում ես ինձ Քրիստոսի պես խաչված եմ զգում»: Նրա խոսքերը բուռն հակազդեցություն էին առաջ բերել երկրում: Արտգործնախարար Դավութօղլուն դրանց առնչությամբ սպառնալից ոճով նշել էր. «Հուսամ, որ հույն պատրիարքի խոսքերը լեզվի անտեղի սայթաքում են»:

Դեկտեմբերի 23-ին հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հաղորդագրությամբ պատասխանել է հակազդեցություններին, իսկ Բարդուղիմեոս պատրիարքը հարցազրույց է տվել «Միլլիեթին»ՙ մասնավորապես ասելով. «Հարգարժան Էրդողանը, ի տարբերություն մյուս գործիչների, ավելի շատ է հետաքրքրվում ազգային փոքրամասնություններով: Նա հանդուգն է եւ բարի կամքի տեր: Հայերին, քրդերին, ալավիներին ընդառաջ համարձակ քայլեր է կատարում: Հերթը մեզ էլ է հասնելու, սակայն ասածներս սուտ չեն, ճշմարտություն են: Ես ընդամենը ճշմարտությունն եմ ասել: «Խաչվել» արտահայտությունը օգտագործել եմ փոխաբերական իմաստով, տանջվելու, զրկանքներ կրելու իմաստով: Տանջվում ենք, որովհետեւ Կ. Պոլսո հույն հոգեւոր ճեմարանը փակ է, իսկ մեր հոգեւորականներըՙ տարեց, 75-ին մոտ: Այս ճեմարանը բացվել էր դեռեւս օսմանյան շրջանում: Բաց էր նաեւ Աթաթուրքի օրոք: Ինչո՞ւ Աթաթուրքը չփակեց: Նրա հաջորդները նմանապես... Հանկարծՙ 1971-ին փակեցին: Մինչդեռ Լոզանի պայմանագիրը մեզ տալիս է հոգեւոր ճեմարան ունենալու իրավունք: Մենք նոր իրավունքներ չենք պահանջում: Ուզում ենք վերականգնել Լոզանի պայմանագրով նախատեսված մեր իրավունքները: Ասում են, երկրում դավանանքի ազատություն կա: Այո, կա, բայց հոգեւորական չկա, որովհետեւ հույն համայնքը երկիրը լքեց կամ ստիպված եղավ լքելու: 1964-ին 24 ժամվա մեջ Կիպրոսի պատճառով 15 հազար հույն արտաքսվեց: 1955-ին մեզ կոտորեցին, հրկիզեցին մեր եկեղեցիները, մեր տներն ու խանութները թալանեցին, հունական գերեզմաններըՙ նմանապես, ջարդեցին եկեղեցիների խաչերը: Մեր համբերությունը հատում է, իսկ համայնքըՙ սպառվում: Եվ ոչ մի լուծում: Տարիներն անցնում են: Պատրիարքարանը խեղդամահ է լինում: Ընդամենը 3 հազար հույն է մնացել: Մեր հրաշալի եկեղեցիները դատարկ են»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4