«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


ԵՂԱՆԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վաղը սպասվում է ...

Եղանակի տեսությունը նույնպես քաղաքականացված է մեր երկրում:

Ըստ իշխանական լրատվամիջոցներիՙ վաղը եւ հաջորդ օրերին մայրաքաղաքում սպասվում են պայծառ, արեւոտ ցերեկներ, հրավառություններով լեցուն գիշերներ: Հանրապետությունում եւ Հայոց աշխարհում անամպ ու կայուն եղանակներ են, թույլից չափավոր քամիներ, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Շիրակի մարզերումՙ տեղումներ, թեթեւ անձրեւի տեսքով: Մթնոլորտային ճնշումը, օդի աղտոտվածությունը եւ գեոմագնիսական դաշտի լարվածությունը թույլատրելի նորմայի սահմաններում են:

Ընդդիմադիր մամուլում կկարդանք. «Թուրքիայից մեր հանրապետություն է ներխուժել ցուրտ օդի զանգված, ինչը երկար կպահպանվիՙ մինչեւ արտահերթ նախագահական ընտրություններ: Սեւ ամպեր են կուտակված Արցախ աշխարհի գլխին: Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Շիրակի մարզերում սպասվում է ուժեղ կարկուտ, իսկ հակակարկտային կայանների ռադիոլոկացիոն սարքավորումների համար նախատեսված գումարները մարզպետարանները վաղուց մսխել են: Արտաքին մթնոլորտային ճնշումները եւ երկրի ներքին կյանքի լարվածությունը հարցականի տակ կարող են դնել մեր երկրի ինքնիշխանությունը: Օլիգարխները ոչ միայն օդն են աղտոտում, այլեւ ժողովրդավարական արժեքներն են ոչնչացնում, վաղվա օրն անկանխատեսելի է, վտանգված է մեր երեխաների ապագան: Բոլորս դեպի հանրահավաք»:

Հաջորդ օրը իշխանական թերթերը գրեցին. «Չնայած պայծառ ու արեւոտ եղանակին` ընդդիմության հանրահավաքին շատ քիչ մասնակիցներ եղան, սա վկայում է, որ նրանց վարկը օր օրի ընկնում է: Մարդիկ համոզվում են, որ ընդդիմության առաջնորդների զազրախոսություններն իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Առաջ, Հայաստան»:

Ընդդիմադիր թերթերը գրեցին. «Չնայած իշխանության կողմից հանրապետություն ներմուծած սառնամանիքին եւ ձնաբքերին, ինչի հետեւանքով փակվել էին մայրաքաղաք մտնող գրեթե բոլոր ճանապարհները, հանրահավաքը կայացավ նախորդից ավելի մարդաշատ պայմաններում: Ելույթ ունեցողները նոր ու անհայտ փաստերով բացահայտեցին իշխանությունների իսկական դեմքն ու էությունը: Աղետալի է մեր վաղվա օրը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ուղիղ երեք ամիս անց: Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

Երեք ամիս անց, ըստ իշխանական մամուլի, հանրապետությունում եւ Հայոց աշխարհում դարձյալ սպասվում են արեւոտ ու պայծառ օրեր, կայուն եղանակներ, ըստ ընդդիմադիր մամուլի` օրհասական ու աղետալի օրեր, փոթորկալից եղանակներ:

Հ. Գ. Մարդիկ այլեւս չեն հավատում ոչ իշխանամետ եւ ոչ էլ ընդդիմադիր մամուլի եղանակի տեսություններին: Արեւոտ օր են խոստանում, անձրեւ, կարկուտ ու ձյուն են տեղում: Ամպամած եղանակին հույսի արեւն է շողում: Նրանք չգիտենՙ թեթեւ հագնեն, թե տաք: Ստիպված տնից դուրս չեն գալիս: Ըստ պաշտոնական վիճակագրությանՙ ընտրությունների եւ հանրահավաքների մասնակիցների թիվը տարեցտարի նվազում է:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4