«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2010-03-02 | #37, 2010-03-03 | #38, 2010-03-04


100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆԱԿԱՆ ԵՆ

Հասարակական սեկտորն է ինքնակամորեն պատասխանատվություն ստանձնել

Սովորական մի բնակարանում, ոչ ժամանակակից տեխնիկայով արդեն տասը տարի է, ինչ 2008 թվականին հիմնադրված «Հայագիտական համազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը թվայնացնում է հայկական հնատիպ գրքերն ու պարբերականները (մինչեւ 1920 թվականը), ինչի մասին զրուցեցինք կազմակերպության ղեկավար Գեւորգ Ներսիսյանի հետ:


- Հնատիպ գրքերի ի՞նչ Ժառանգություն ունենք այսօր:

- «Հայագիտական համազգային կենտրոն» կազմակերպությանը պատկանող 120 անուն հայկական հնատիպ գրքերից 100-ն արդեն թվայնացված է: Մեզ հասած 1106 անուն հայերեն հնատիպ գրքերը, որ տպագրվել են աշխարհի 35 քաղաքներում, պահվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների թանգարաններում ու գրադարաններում, ինչն առավել կարեւոր է դարձնում դրանց թվայնացումն ու մատենագրումը` ընթերցողներին ու հետազոտողներին մատչելի դարձնելու համար:

- Ձեր ձեռնարկած ծրագիրն ի՞նչ նպատակ ունի:

- Ծրագիը, որ ձեռնարկել եւ իրականացնում է կազմակերպությունը, նպատակ ունի մինչեւ 2012 թվականը ստեղծել հայ գրքարվեստը ներկայացնող, ինչով անասելի հարուստ է հայ մանրանկարչությունից արժեքավոր փոխառություններ առած գրատպությունը, կատարյալ զարդարան, որն, անկասկած, հնարավորություն կտա ոլորտում համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաեւ հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ լույս ընծայել «Զարդարվեստը հայ տպագիր գրքում» մատենաշարը, որի յուրաքանչյուր հատորյակը լուրջ գիտական աշխատություն է:

- Այդ ուղղությամբ թվայնացումից զատ գործ արվե՞լ է:

- Այս կապակցությամբ աշխատանքների իրականացման գործում ներգրավել ենք Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի երիտասարդ ուսանողներին: Հարկ եմ համարում նշել, որ «Գրիգոր Մարզվանեցու հրատարակությունները եւ նրանց զարդարվեստը» թեմայով գիտական աշխատությունը հաջողությամբ պաշտպանվել է: Իսկ Ոսկան Երեւանցու եւ Մխիթար Սեբաստացու հրատարակություններն ու նրանց զարդարվեստը ուսումնասիրման փուլում են եւ ավարտին կհասցվեն հաջորդ տարվա ընթացքում:

- Ծրագիրը բավական տարողունակ է, արդյո՞ք արդեն իրականացված աշխատանքը 2012-ին այն ավարտելու պնդման համար իրատեսական հիմք է տալիս:

- Մինչ օրս կատարած աշխատանքը կազմակերպել ենք սեփական միջոցներով: Ստեղծել ենք համակարգչային ծրագրային միջավայր, որը ոչ միայն ընկալում, այլեւ ամփոփում է մուտքագրված նյութերը: Սակայն հույսը դնելով միայն սեփական միջոցների վրա, աշխատանքները հնարավոր է ավարտին հասցնել ոչ թե երկու, այլ տասը տարի անցՙ 2022 թվականին: Հասկանալի է, որ շտապելու անհրաժեշտությունն այլեւս անժխտելի է:

- Վստահաբար, գործունեության ընթացքում առնչվում եք նաեւ անցյալից եկող խնդիրների, առաջընթաց եղե՞լ է դրանց լուծման հարցում:

- 100 տարի առաջ, հայ տպագրության 400-ամյակը նշելիս, խնդիրներն այսօր ծառացածների հետ համարյա նույնական էին: Իսկ դրանք սահմանողը ինքըՙ Ամենայն հայոց բանաստեղծն էր: Այն ժամանակ Պետերբուրգի հայկական գաղութը, ինչպես նշված է Հովհաննես Թումանյանի կազմած փաստաթղթում. «... ուշադրության առնելով հայոց պատմագրության ու հայագիտության խեղճ վիճակն ու մեծ կարեւորությունըՙ խորհրդակցություն ունեցավ հայկական տպագրության 400-ամյակին նախաձեռնել-հիմնելու հայոց պատմագրության եւ հայագիտության ազգային ֆոնդ», որի նպատակն ամրագրող տասը կետերից թերեւս երկուսը կարելի է կատարված համարել Մատենադարան ինստիտուտ-թանգարանի հիմնադրմամբ ու հայագիտական բուհերի ստեղծմամբ, մնացյալ ութ կետերի իրականացումը կրկին տրված է ապագային, չնայած արդեն ունենք պետություն, որը պատրաստվում է նշել հայ գրատպության 500-ամյակը: Հազիվ թե շահեկան կամ պատվաբեր լինի մեզ համար համաշխարհային մակարդակում արժեքավոր հայոց գրատպության հաջորդ հոբելյանը նշելիս նույն խնդիրներին դիմահար պատահելը: Այդ նկատառումը նույնպես ուշադրության առնելով, իրականացնում ենք եւս մի նախագիծՙ հայկական պարբերական մամուլի մատենագրությունը, ինչի համար ստեղծել ենք հատուկ ծրագիր, որն ընդունակ է հայկական պարբերական մամուլի ավելի քան 200 տարվա պատմության ընթացքում 41 երկրներում ստեղծված 3100 անուն պարբերականների ողջ բովանդակությունը, այդ թվում նաեւ լուսանկարները թվային մատենագրությամբ ներկայացնելու: Այս ծրագրով արդեն իսկ մշակվել է տարբեր պարբերականների 500 համար:

- Մի՞թե կատարվող աշխատանքի կարեւորության գիտակցումը լիակատար բացակայում է պատկան մարմիններում:

- Իհարկե, ո՛չ: ՀՀ մշակույթի նախարարությունը մեզ համար ապահովել է Հայաստանի գիտական ու հասարակական գրադարաններում, թանգարաններում, արխիվում պահվող նյութերի օգտագործման հնարավորությունը, իսկ 2011 թվականին Կենտրոնի մասնագետները հնարավորություն կունենան աշխատելու Ֆրանսիայի գրադարաննեում ու թանգարաններում, բայց արդեն ֆրանսիական կողմի աջակցությամբ: Նման պատրաստակամություն հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի ու համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մատենը ժամանակ առաջ կայացած հանդիպման ընթացքում:

- Ներկայացված օժանդակությունը բավակա՞ն եք համարում նշված ժամկետում ծրագիրն ավարտին հասցնելու համար:

- Սա, իհարկե, գնահատելի հնարավորություն է, որը նկատելիորեն կնպաստի մեր կազմակերպության նպատակիՙ հայկական գրահրատարակչական ժառանգության եւ դրա միջազգային մշակույթում ազդեցության ներկայացումը կազմակերպելուն, սակայն ակնհայտ է, որ առանց պետական մոտեցման, պատշաճ ֆինանսավորման եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների պարզապես կուշանանք:

Զրույցը վարեցՙ ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4