«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2010-07-06 | #125, 2010-07-07 | #126, 2010-07-08


ՁԵՆԸՙ ՏԱԿԸ, ՔԱՐԸՙ ՎՐԵՆ

Հիմա շատ է խոսվում միջազգային հանրային կարծիքի մասին, ասում ենՙ աշխարհի վիճելի, կնճռոտ հարցերը լուծվում են հենց նրա օգնությամբ: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ եւ ինչպե՞ս է ձեւավորվում միջազգային հանրային կարծիքը: Ինձ թվում էՙ այդ կարծիքը ձեւավորվում է նույն սկզբունքով, ինչ ապրանքների գները կոլխոզշուկայում: Ճիշտ է` կոլխոզշուկան հիմա արխայիկ հասկացություն է, 21-րդ դարի այս սերունդը դժվար էլ հասկանա, ուստի կփորձեմ հանրամատչելի եղանակով ներկայացնել դրա էությունը:

Դիցուք, գյուղացիական, կոլեկտիվ եւ խորհրդային տնտեսություններն իրենց ապրանքները բերում են շուկա` վաճառելու կամ փոխանակելու: Ամեն մեկն իր ճաշակով սկսում է ապրանքի գովքն անել, ժամանակակից լեզվով ասած` իր գովազդային հոլովակը պտտեցնել: Եվ ի վերջո այդ ամենից հետո ձեւավորում է շուկայական կամ միջազգային հանրային կարծիքը:

Հիմա տեսնենք, թե ինչպես է ազդում միջազգային հանրային կարծիքը մեր տարածաշրջանի վրա: Այստեղ շուկայական աշխույժ առեւտուր է ընթանում,

Ադրբեջանը, որը կոլխոզշուկայում հայտնի վաճառող է, ձենը գլուխը գցած գոռում է.

«Վայ, հարայ, հասեք, վաճառասեղանիս մոտ ինձ համար հանգիստ ննջում էի, էդ հարամզադա հայերը եկել, ապրանքիս 20 տոկոսը ձեռիցս խլել, տարել են»:

Կոլխոզշուկայի ողջ ժողովուրդը հավաքվում է նրա գլխին ու փորձում է Ադրբեջանի լացը կտրելու համար մի որոշում կայացնել: Առաջարկություն է լինում հայերին բերել շուկայի մեջտեղ, հարցնել. «Էդ քանի՞ գլխանի եք, որ օրը ցերեկով էս քնած մարդու վրայից իր ապրանքը տարել եք»:

Հայերը գալիս, ասում են. «Ինչ քնած, ինչ բան, սրա լացուկոծին մի նայեք, էդ ապրանքն ի սկզբանե մերն է եղել, ինքը դա լավ գիտի, էն մութ ժամանակներում սրանք մտել են բազարբաշի Ստալինի դամարը, մեր ապրանքները իրենցով արել, հետո, երբ շուկան լուսավորվեց, փորձեցինք մեր ապրանքը հետ ուզել, էս ղամմազները էնպիսի մի Սումգայիթ սարքեցին մեր գլխին, որ մարդկությունը էդպիսի բան մեկ էլ 1915 թվականին սրանց ազգակից թուրքերի մոտ էր տեսել: Էդքանով չբավարարվեցին, կռիվ սարքին, դե մենք էլ` կռիվ դա կռիվ, տվինք սրանց, իրեց լեզվով ասած` անդազան հանինք, հետո սրանք տեսան, որ իրենց ողջ ապրանքը կկորցնեն, ոտուձեռ ընկած, մարդ մեջ գցին, որ կռիվը դադարեցնենք: Մենք էլ դադարեցրինք: Հիմա թե ինչ են ուզում սրանք` մեկ իրենք գիտեն, մեկ էլ իրենց եղբայր թուրքերը»:

Մեյդան մտան թուրքերը. «Էդ հայերին մի հավատացեք, դա համաշխարհային սուտ է, միայն պատմաբանների հանձնաժողովը կարող է հաստատել կամ հերքել դրանց ասածները: Այո, թուրքերս ու ադրբեջանցիներս մի ազգ ենք, մենք մենակ չենք թողնի մեր եղբայրներին, դրա համար էլ մեր դռները փակում ենք հայերի առջեւ»:

Իլհամ Հեյդարօղլին զգաց, որ ճիշտ պահն է ցուցադրելու մոսկովյան կրթության իր գիտելիքները. «Հայերը խոսքի գլուխ խոսում են ինքնորոշման մասին, բայց չեն հասկանում, որ հայ ազգը վաղուց արդեն ինքնորոշվել է Հայաստան կոչված պետության մեջ»:

- Եթե թուրքերն ու ադրբեջանցիներն էլ մի ազգ են, ըստ ձեր տրամաբանության, դուք էլ եք արդեն ինքորոշվել կամ Թուրքիա, կամ Ադրբեջան պետության մեջ, ուրեմն ձեզնից մեկը սխալ է ինքնորոշվել,- ուսուցողական դասընթացի տրամաբանության դասատուի ոճով բացատրել սկսեցին հայերը:

Շուկայի ողջ ժողովուրդը ունկնդրելով այս խոսքակռիվը, ի վերջո որոշեց դիմել շուկայի երեք մեծ վաճառականներին` ամերիկացուն, ռուսին եւ ֆրանսիացուն: Այս վաճառականները նախ հարցը քննելուց առաջ իրար մեջ փորձեցին պարզել, թե վեճի մեջ մտածներից ով ինչ դիրք ունի շուկայում, ինչ է վաճառում, ինչ է գնում: Սա է շուկայի հարցերի հարցըՙ ըստ վաճառականների:

Հայերը, պարզվեց, ունեն էծի լավ պանիր, եւ եթե վրայից էլ կոնյակ խմես, մի ամողջ օր կայֆի մեջ կմնաս: Հայերը սովորություն ունեն գնելու շուկայում ինչ կա չկա, հետո տանելու իրենց մոտ, թանկ ու կրակ վաճառելու, հայերը հմուտ վաճառականներ են: Տաղանդավոր մարդիկ շատ ունեն, սակայն տաղանդն առաջ էր չափի միավոր, հիմա իսկի գրոշի արժեք էլ չունի նրանց մոտ:

Ադրբեջանցիներն ունեն ամենագլխավորը` նավթ, որը եթե ճրագի մեջ լցնես, մութ տեղերը լույս կտա: «Եթե նավթ կա, խելքն էլ պետք չէ»,- սրամտեց մեծահարուստ ռուս վաճառականը: Նրանցից մյուսը` ամերիկացին, ավելացրեց, որ էդպես մի նայեք ադրբեջանցիներին, նրանք նավթից բացի ունեն թուրքերի պես հավատարիմ ազգակիցներ, սրանց լեզուն հասկացողների թիվը մեծ է շուկայում, դրա համար էլ սրանց առեւտրին խփելը այդքան էլ ձեռնտու չէ իրենց համար:

«Հայերի լեզուն միայն իրենք` հայերն են հասկանում, ասում ենՙ սրանք աշխարհի լեզուների մեջ առանձին լեզվաընտանիք ունեն, որի կազմում հայերենից բացի ոչ մի լեզու չի մտնում»,- ցավակցական-հանդիմանական ավելացրեց ֆրանսիացին:

Մեծահարուստ վաճառականները տեսան, որ էս խմորը շատ ջուր կվերցնի, որոշեցին միառժամանակ սրանց թողնեն իրար հետՙ լեզու գտնեն, բարիշեն, առեւտուր անեն, մինչեւ իրենք հասկանան, թե ինչն ինչոց է:

Ադրբեջանցի թուրքերն ասին.

- Ոչ մի առեւտուր: Մենք մեր ապրանքն ամբողջությամբ ենք ուզում:

- Ծոծրակդ կտեսնես, ապրանք չես տեսնի,- պատասխանեցին հայերը:

- Գոնե 7-ը:

- Ոչ մեկը:

- Լավ, սկզբում 5-ը, հետոՙ 2-ը:

- Ոչ մի դեպքում: Ղարաբաղը մերն է:

- Մեր 7-ը տվեք, հետո կորոշենք` Ղարաբաղը ձերն է, թե մերը:

- Ղարաբաղը վաղուց ինքնորոշված է: Եթե շատ զահլաներս տանեք, կարող է պատահի մի օր ասենքՙ Աղդամը մեր հայրենիքն է:

- Բա Քելբաջարը, Ֆիզուլին, Ջաբրաիլն ու Զանգելանը, Լաչինն ու Հորադիզը:

- (Մեկուսի) Էս ինչ ղալաթ արինքՙ Աղդամի անունը տվինք:

- Գոնե Քելբաջարն ու Ֆիզուլին,- միջամտեցին թուրքերը:

- Հետ վերադարձրեք մեր Շահումյանը, Գետաշենը, Արծվաշենը, իսկ մեր Նախիջեւանի մասին էլ առանձին կորոշենք` մերն է, թե ձերը:

Այսպես շարունակվում են օրեր, տարիներ: Զարմանալ կարելի է շուկայի մեծ վաճառականների համբերությունից: Երեւում էՙ սրանք էս բազարից կամ գլուխ հանել չեն կարողանում, կամ էլ երեւի իրար մեջ որոշել են սրանց ապրանքները ձեռքերից առնեն, մեջմեջ անեն: Կանեին իհարկե, եթե համոզված լինեին, որ նույն վեճն ու կռիվը հետո էլ իրենց մեջ չի սկսվի: Գուցե երկար տալ, առնելուց հետո մի օր էլ որոշեն այս հարցը լռեցնել, ձենը տակը, քարը վրան թողնել:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4