«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԻՍԱԵՐԳԻԾԱՆՔ ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Օհ, թուլություն, քո անունն է... տղամարդկություն

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասացՙ «Հարկավոր է մտածել կին նախագահի մասին», կարծես այդ պահին քար նետած լիներ ճահճի մեջ, եւ դրա բնակիչները միանգամից լռեցին: Միակ տղամարդկություն ցույց տվողը եղավ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որը լրագրողների հարցին զարմանքով պատասխանեցՙ «Կին նախագա՞հ... չեմ պատկերացնում», ապա տեսնելով, որ իրեն հարց տվողները կին լրագրողներ են, ներողություն խնդրեց, թեեւ, մեր մեջ ասած, այնքան էլ «տղամարդկություն» չունեցավ բացատրելու, թե ինչու չի պատկերացնում կին նախագահ Հայաստանում: Վարդան Բոստանջյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին թողնենք իրենց պատկերացումների հետ եւ քննարկենք այն հարցը, թե ինչու Հայաստանում տղամարդիկ չեն պատկերացնում կին նախագահ ունենալու հնարավորությունը, երբ աշխարհում, թվում է, այդ հարցը վաղուց լուծված է:

Ժամանակին կին նախագահը աշխարհի շատ երկրների պատկերացումների մեջ նույնպես չի եղել: Գերմանացիներն, օրինակ, կնոջ տեղը պատկերացնում էին երեք K-երի մեջՙ Kinder, Kucher, Krauzer, այսինքնՙ երեխա, խոհանոց, եկեղեցի: Բայց նույն այդ գերմանացիներն իրենց երկրի կանցլեր ընտրեցին Անգելա Մերկելին: Այսօր գերմանացիները հպարտանում են, որ համաշխարհային կոչված ճգնաժամը կանցլերի ահից իրենց երկիր մուտք չի գործում:

Անգլիացիները նույնպես թերահավատ էին կանանց նկատմամբ: Կարծում եք Շեքսպիրը հենց այնպես, խելքին փչելո՞վ է գրելՙ «Օհ, թուլություն, քո անունն է կին»:

Բայց անգլիացիները, չանսալով Շեքսպիրինՙ իրենց երկրի վարչապետ ընտրեցին Մարգարիտ Թետչերին, որին հետո կնքեցին «Երկաթյա լեդի» մականունով:

Ժաննա դը Արկը ֆրանսացիների համար մարտնչող ազատամարտիկի մարմնավորում է: Տեսա՞ք, Եվրոպայում կանայք ինչ դեր են խաղում: Գուցե հիմա էլ կասեքՙ սրանք եվրոպական երկրներ են, մենք ավելի շատ ասիական երկիր ենք: Ոչինչ չունեմ ասելու, մենք երբ պետք էՙ եվրոպացի ենք, երբ պետք էՙ ասիացի ենք: Դե լավ, հիմա գնանք Ասիաՙ Հնդկաստան ու Պակիստան: Հիշենք Ինդիրա Գանդիին ու Բենազիր Բհուտտոյին: Կուզեքՙ հիմա էլ մեզ նման եվրասիացի ռուսների մոտ գնանք, հիշենք եկատերինաներին ու ելիզավետաներին:

Չգիտես ինչու նման դեպքերում մեր մեջ ազգային հպարտության հիվանդագին զգացում է արթնանումՙ մենք հայ ենք, ինչո՞ւ պիտի ուրիշներին ընդօրինակենք: Բայց ինչու նույն հարցը չենք տալիս մեր ազգային ժողովականներին այն ժամանակ, երբ նրանց որոշումները հանրության կողմից եթե լավ չեն ընկալվում, նրանք տեղնուտեղը որպես հիմնավորում հնչեցնում ենՙ «Գիտեք, որ Եվրոպայում նույնպես այսպիսի որոշումներ են ընդունվում»: Դրանից հետո անմիջապես ընկալում ենք, որ նման որոշումները մեզ անհրաժեշտ են:

Ինչո՞ւ տղամարդ մեր քաղաքական գործիչները չեն հանդուրժում կամ չեն ուզում պատկերացնել կին նախագահ իրենց գլխին: Թեեւ Աստծո ամեն օր խոսում են հանդուրժողականությունից: Կանանց սեռի գերադասության առումով շատ հարցեր նրանք այսօր լավ էլ պատկերացնում են: Օրինակՙ դպրոցներում աղջիկ գերազանցիկների թիվն ավելին է, քան տղաներինը, բուհերումՙ նույնպես: Կանայք ավելի օրինապահ են, ավելի կարգապահ, ավելի ճշտակատար, քան տղամարդիկ: Կին բռնցքամարտիկ ունենք աշխարհի չեմպիոն, կին ծանրամարտիկ ունենք աշխարհի չեմպիոն, տղամարդկանց ֆուտբոլային մի կարգին թիմ չենք կարողանում ստեղծել, սակայն կանանց բասկետբոլի թիմով հպարտանում ենք այսօր: Դեռ հնադարում փափկասուն տիկնայք ենք ունեցել Հայոց աշխարհի, որոնք գոյամարտում տղամարդկանցից ոչ պակաս քաջասիրտ ու կորովի են եղել. այս ամենը ոչ միայն պատկերացնում, այլեւ հարկ եղած դեպքում հպարտորեն ընդունում ենք: Նաեւ ընդունում ենք, որ Ազգային ժողովում արդարամիտ, ճշմարիտ ու համարձակ խոսք կին պատգամավորներից ավելի շատ ենք լսում, քան տղամարդ կոչվածներից: Ինչո՞ւ ստի ու կեղծիքի, անարդարի ու բռնության դեմ, որոնք քիչ չեն մեր կյանքում, ավելի հազվադեպ ըմբոստանում են տղամարդիկ, քան կանայք: Սկսում ես մտածելՙ տղամարդիկ երեւի ինչ-որ բանից երկնչում են: Ինչի՞ց, հաստատ ոչ կանանցից: Միգուցե նրանք մտածում են, որ կորցնելու բաներ կունենան, օրինակՙ իրենց աթոռները, բիզնեսի շահերն ու հեռանկարները: Թերեւս նաեւ այդ ամենը «ախպերավարի» լուծելու հնարավորությունը, իսկ կին նախագահի դեպքում, մտածում են, «քույրիկանալը» անսովոր ու անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ:

Կանանց դերը անտեսելը նոր երեւույթ չէ մեր կյանքում: Իշխանության հասած նախկին իշխանավորներն էլ ե՛ւ առաջ, ե՛ւ հիմա պայքարի առաջին շարքեր են մղում այսպես կոչված, ներողություն արտահայտությանս, ԲՏՌ (մարտական տրանսպորտային հաշվարկ) կանանց, մինչդեռ իշխանության գալուց հետո այդ նույն կանանց դերը նրանք նույնպես չեն պատկերացնում: Խոպան շտապող տղամարդիկ իրենց տունուտեղը կնոջ հույսին թողնելը նույնպես չեն պատկերացնում: Այսօր լրագրության մարտական գծի կրակի բերանում կին լրագրողներին թողելը մենք պատկերացնում ենք, իսկ. տղամարդ լրագրողների «Բազե»-ների կամ «Միասին» - ների ճամբարներում չխցկվելը արդեն պատկերացնելի չէ:

Կին նախագահ ընտրելը դեռեւս չի նշանակում մայրիշխանության վերադարձ: Պատմության անիվը հետընթաց չի կարող պտտվել: Ուստի առանց տագնապի եկեք պատկերացնենք, որ եթե կա տղամարդ նախագահ, կարող է լինել նաեւ կին նախագահ, որը կարող է տղամարդուց ոչ պակաս, գուցե շատ հարցերում նույնիսկ առավել օգտաշահ լինել երկրի համար: Ի վերջո կինն է ծնում եւ դաստիարակում բոլոր ժամանակների նախագահներին ու պատգամավորներին, մեծահարուստներին ու ունեզուրկներին, օրենքով եւ անօրեն գողերին, իրական ու շինծու բարեգործներին, իսկական եւ կեղծ բարգավաճ ու օրինաց երկիր ստեղծողներին: Կանայք նույնպես իրենց կանացի բնազդով եւ գիտակցությամբ, տղամարդկանցից ոչ պակաս պատասխանատվությամբ կարող են իրենց նպաստը բերել երկրի առաջընթացին: Եվ եթե այս ամենը կրկին չեն պատկերացնում մեր տղամարդ քաղաքական գործիչները, ուրեմն եկել է ժամանակն ասելուՙ «Օհ, թուլություն, քո անունն է տղամարդկություն»:

Ես երեւի մահացու վիրավորանք հասցրի իմ սեռի ներկայացուցիչներին, գուցե եւ արժանի եմ միջնադարյան ինկվիզիցիայի կամ ճիզվիտական ամենադաժան պատժամիջոցներին: Սակայն ինձ սփոփում է այն միտքը, որ այդ պատժին մենակ ես չեմ արժանանալու, ինձ հետ նույն բախտին պիտի որ արժանանա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ առաջ քաշեց այս հարցը, եւ որին չարձագանքեցին կամ չլսելու տվին մեր ժամանակների տղամարդ քաղաքական գործիչները:

ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4