«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2011-03-10 | #42, 2011-03-11 | #43, 2011-03-12


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՈՒՂԵՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԼՈԲԱԼ ԱՐՇԱՎԻՆ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» այստեղ գործող երիտասարդական կազմակերպություների մեջ աչքի է ընկնում իր ակտիվությամբ: Վերջերս նրանք դասախոսությունների շարք էին կազմակերպել ժամանակակից գենետիկայի եւ գենոմային անկայունության վերաբերյալ: Այդ թեմաներով Երեւանում դասախոսություններ կարդացին տարբեր երկրների հայտնի գիտնականները: «Ազգը» այդ մասին գրել է փետրվարի 24-ի համարում: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» նախաձեռնել է հետաքրքրական մեկ այլ միջոցառում: Մարտի 14-20-ին «Ճանաչիր քո ուղեղը» խորագրով երիտասարդական մրցույթ է անցկացնում: Մրցույթի վերաբերյալ «Ազգը» զրուցեց ՀԿ-ի նախագահի` Արսեն Գասպարյանի հետ: Նրա փոխանցմամբ` տարբեր երկրներում մարտի 14-20-ը «Ուղեղի ճանաչման շաբաթ» է անցկացվում, որին մասնակցում են շուրջ 2800 կազմակերպություններ եւ բուհեր 82 երկրից: Հայաստանից «Ուղեղի ճանաչման շաբաթին» միացել են երիտասարդ կենսաբանները: Արսեն Գասպարյանն ասում է` 82 երկրներում տարբեր միջոցառումներ են լինելու` թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, սեմինարներ: Դրանց նպատակը ուղեղի, նյարդային հիվանդությունների ու դրանց բուժման եղանակների մասին ինֆորմացիան հասարակությանը մատչելի ձեւով ներկայացնելն է: «Այդ շրջանակում մենք էլ «Ճանաչիր քո ուղեղը» մրցույթն ենք անցկացնում, որին անկախ մասնագիտությունից կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան երիտասարդները», ասում է զրուցակիցս: Մասնակցել ցանկացողները մանրամասներին ու պայմաններին կարող են ծանոթանալ yba. am կայքից, որտեղ տեղադրված է նաեւ ուղեղի ու նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին համապատասխան հարցաթերթիկը: «Մեր կայքում նաեւ տեղադրել ենք ինֆորմացիա այդ հիվանդությունների մասին», նշում է Արսեն Գասպարյանը եւ բացատրում, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ խաթարվում է նյարդային բջիջների ֆունկցիան. «Դրանցից են օրինակ` Պարկինսոնի ու Ալցհեյմերի հիվանդությունները»: Մրցույթը կազմակերպելու համար դրամաշնորհ տրամադրել են «Դանա» հիմնադրամն ու «Եվրոպական նյարդաբանական միությունների ֆեդերացիան», նաեւ մրցանակներ են լինելու: «Սակայն ոչ գումարի տեսքով», հավելում Ա. Գասպարյանը:

Ավելի քան 10 տարի աշխարհում անցկացվում է «Ուղեղի ճանաչման շաբաթը»: «Բայց ինչքանով տեղյակ ենքՙ այս տարի առաջին անգամ է Հայաստանը միանում գլոբալ արշավին», հավելեց Արսեն Գասպարյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4