«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


ՏԱՐԵԳԻՐՔ-2010-Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Հայոց լեզուն ու հայ դպրությունը շարունակվում են գոյատեւել աշխարհի որեւէ անկյունում, որտեղ թեկուզ սակավաթիվ հայեր կան: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությունը լավագույն վկայությունն է ասվածի: Հիշատակության արժանի է ճեմարանիՙ հասարակայնության հետ կապերի բաժնի կանոնավոր աշխատանքը, որի շնորհիվ հանրությանը պարբերաբար իրազեկվում է ինչպես ճեմարանական անցուդարձերի, այնպես էլ հնդկահայոց հոգեւոր հովվության գործունեության մասին: Այս իրադարձությունները համապարփակ ներկայացնելու գաղափարի ծնունդ է «Հնդկահայք» տարեգիրքը, որի երկրորդ հատորը լույս տեսավ վերջերս Կալկաթայում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, հիմնադիր-հրատարակիչ հնդկահայոց հոգեւոր հովիվ Խորեն աբղ. Հովհաննիսյանի հոգածությամբ, Ս. Նազարեթ եկեղեցու վարչության մեկենասությամբ:

Հնդկահայոց հոգեւոր եւ կրթական կյանքը ամփոփող տարեգրությունն ավելի տպավորիչ է դառնում պատկերագրքային հրատարակությամբ: Տարեգրքի երկլեզվյա (հայերեն եւ անգլերեն) բոլոր տեքստերը ուղեկցվում են գունավոր համապատասխան լուսանկարներովՙ բարձրորակ տպագրված: Տարեգիրքն իր բնույթով, փաստորեն, շարունակում է հնդկահայոց ազգային, մշակութային այն ավանդույթները, որոնք ձեւավորվել են այս հեռավոր երկրում դարեր առաջ. սա նաեւ ինչ-որ առումով տուրք է հայ առաջին տպագիր մամուլինՙ «Ազդարարին»ՙ լույս տեսած Մադրասում, 1794 թ.:

Տարեգրքի կազմողները (աշխատասիրությամբ Նախշուն Դուրգարյանի) բարեխղճորեն հավաքել, ամփոփել են անցնող տարվա ընթացքում հայոց հոգեւոր եւ ճեմարանական կյանքին վերաբերող իրադարձությունները (հոբելյանական հանդիսություններ, հանդիպումներ, կրթական, մշակութային, բարեգործական ծրագրեր): Ճեմարանական կյանքում արձագանք են գտել ազգային, պետական ու եկեղեցական բոլոր կարեւոր տոները եւ պատշաճորեն նշվել: Կատարվել են տոնախմբություններ Սուրբ Ծննդյան տոների եւ Ամանորի առիթներով, Հայաստանի եւ Հնդկաստանի անկախության օրերին նվիրված հանդիսություններ. վերջինս 2010-ին համընկավ Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին: Անցած տարի հանդիսավորապես նշվեց ճեմարանի հիմնադրման 189-րդ տարեդարձը:

2010-ին Հնդկաստանի տարբեր քաղաքներում լայնորեն նշեցին Մայր Թերեզայի ծննդյան 100-ամյակը, որին Կալկաթայում մասնակցեց ճեմարանի կառավարիչ հայր Խորեն Հովհաննիսյանը:

Հիշարժան իրադարձություններից են Անգլիկան եկեղեցու պետ Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռուան Վիլյամսի հետ հանդիպումը, պաշտոնական այցով Կալկաթա մեկնած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Հայոց մարդասիրական ճեմարան:

Կրթական կյանքի կարեւոր մաս են կազմում տարաբնույթ մրցույթները. Սուրբ Սարգսի տոնին, օրինակ, կազմակերպվել է նկարչական մրցույթ, հետաքրքրական եւ ուսանելի է եղել գիտելիքի մրցույթը: Հայոց լեզվին նվիրված ցերեկույթ, գրական-երաժշտական ձեռնարկներ, գրքի ցուցահանդես, Արցախյան գոյամարտի հերոս-նահատակ Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշ-երեկո, Մարգար Մելքոնյանիՙ «Եղբորս ճանապարհը» գրքի շնորհանդես, Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին նվիրված ցերեկույթ. այս ամենը հարստացնում են ճեմարանական առօրյան, նպաստում սաների գեղագիտական ճաշակի զարգացմանը, ընթերցանության, մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնում:

Ուշադրության են արժանի հատկապես հնդկահայոց հոգեւոր հովվի ուխտագնացություններն ու բարեգործական ծրագրերի նրա մասնակցությունը, ինչպես Սայդաբադի Ս. Աստվածածին եւ Չինսուրայի Ս. Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցիներ, ապա եւՙ այցելություն Կալկաթայի հայկական ծերանոց, «Anandhagar» բարեգործական հաստատության Հայ եկեղեցու «ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների խնամքի կենտրոն», ուր ապաստանել են 3-13 տարեկան հիվանդ որբեր, մասնակցություն անապաստան եւ կարիքավոր երեխաների վերադաստիարակման, վերականգնման «Դոն Բասքո Աշալայամի» կազմակերպության արծաթե հոբելյանին:

Հիշարժան է եղել Հարավային Չինաստանի Շենզեն քաղաքում 40 հայորդիների մասնակցությամբ կայացած պատմական կնունքը, որի մկրտության խոհուրդը կատարել է Խորեն աբղ. Հովհաննիսյանը:

Ինչպես այս տարի, անցած տարի նույնպես Ապրիլքսանչորսիՙ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին Ս. Նազարեթ մայր եկեղեցու բակում ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ պատարագ է մատուցվել:

Տարեգրքում զետեղված են նաեւ նամակ-շնորհավորանքներ «Հնդկահայքի» նախորդ հրատարակության առիթով ստացված, ընդարձակ անդրադարձներ կան հնդկահայ համայնքի երեւելիներին, նաեւ համայնքի կյանքի ավելի քիչ հայտնի դրվագներին վերաբերող:

Խորեն աբղ. Հովհաննիսյանի «Մի էջ հնդկահայ նվիրակության պատմությունից» հետաքրքրական հրապարակումը ներկայացնում է հրաշագործ մի եղելություն: Հետաքրքրական է ծանոթացումը Վազգեն Ա-ի 1963-ին Դելի կատարած այցելության մանրամասներին. նա առաջինն էր հայ կաթողիկոսներից, որ մեկնեց Հնդկաստան: Հնդկահայ համայնքին, նրա ձեւավորմանը, ավանդույթներին եւ ներկա ժամանակներում անհրաժեշտ նոր մեթոդներին ու ծրագրերին է անդրադառնում Ռիչարդ Հովհաննիսյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4