«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2011-05-04 | #80, 2011-05-05 | #81, 2011-05-06


«ԲԵՄԸՙ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՏԱՐԱԾՔ»

Ավելի լայն հնարավորություններՙ երիտասարդ արվեստագետներին

Կոմիտասի անվան երաժշտական տան շաբաթ օրվա երեկոն անցավ Անի Այդինյանի դաշնամուրային երաժշտության մենահամերգով: Չնայած չդադարող անձրեւինՙ դահլիճը լեփ-լեցուն էր, եւ հաճելի էր տեսնել շնորհալի երիտասարդ դաշնակահարի հանդեպ հանդիսականի վերաբերմունքի ջերմությունը եւ այն ներքին փոխըմբռնումը, որ գոյացավ ու զարգացավ համերգի ընթացքին: Համերգային ծրագրում հնչեցին Բախի «Խորալային պրելյուդներ», Բրամսի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով», Մ. Ռավելի «Թախծոտ թռչունները», «Ջրի խաղը», Ռախմանինովի «Պրելյուդ», Պրոկոֆեւի Սոնատ թիվ 7 ստեղծագործությունները:

Նկատելի էր երիտասարդ դաշնակահարուհու պատասխանատու վերաբերմունքը դահլիճին ու բեմին, համակրելիՙ նրա բեմական զուսպ արտաքինը, չնայած հուզմունքին` վստահ էր պահվածքը: «Համերգից հուզված եմ եւ ցնցված: Տարիներ շարունակ հետեւում եմ նրա զարգացումներին եւ կարող եմ վկայել կատորողական արվեստի մեծ աճը: Ընտրել էր դժվարագույն ծրագիր եւ պատվով հաղթահարեց: Ինձ հիացրեց Պրոկոֆեւի Սոնատի կատարումը. իսկապես դաշնակահարուհի է, ձեւավորված պրոֆեսիոնալ արտիստ: Համերգային ծրագիրը մատուցվեց ամբողջական, դաշնակահարի մեկնաբանությունը համահունչ էր կոմպոզիտորական մտածողությանն ու արտահայտություններին», սա կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի կարծիքն է: «Զուսպ, բայց առինքնող արտիստականություն, ստեղծագործությունը ամբողջությամբ եւ ամենանուրբ երանգներով բացահայտելու կարողություն», այսպիսին էր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի տպավորությունը: Սարգիս Գուրզադյանի մտահոգությունը տաղանդավոր երիտասարդ մարդկանց հուսահատության չմատնելն ու չհեռացնելն է երկրից, տեսնել, գնահատել կարողություններն ու ունակությունները, աջակցել նրանց:

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինն ավարտելով (դասատուՙ Ելենա Սահակյան)ՙ Անի Այդինյանը ընդունվել է Կոմիտասի անվ. կոնսերվատորիա, սովորել պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանի դասարանում եւ ավարտել գերազանցության դիպլոմով: Դպրոցական տարիներին մասնակցել է հանրապետական տարբեր մրցույթների, 1996-ին «Զարթոնք» մրցույթի 2-րդ մրցանակին արժանացել: Կոնսերվատորիական ուսման 3-րդ տարին առանձնակի հաջող էր, երբ իրեն հնարավորություն ընձեռվեց մասնակցելու Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքի երիտասարդ դաշնակահարների 2005-ի միջազգային մրցույթին: Որի համար հարկավոր եղավ հաղթահարել որոշ դժվարություններ, ի մասնավորի Հայաստանում Իտալիայի դեսպանության հարուցած խոչընդոտները եւ մեկնելու արտոնություն ստանալ հաջողվեց Մոսկվայում Իսպանիայի դեսպանության միջոցով միայն: Իր երկրի միակ ներկայացուցիչը լինելու հանգամանքը պարտավորեցնող էր, միաժամանակ ներշնչող: Անին հանդես եկավ Պրոկոֆեւի թիվ 7 Սոնատի կատարմամբ եւ համարվեց լավագույնը, շահեց 1-ին մրցանակը: Մրցույթին եւ հաղթողներին անդրադարձավ իսպանական մամուլը: Այս հաջողությանը հետեւեցին Սան-Սեբաստիան եւ Սաբադելլ քաղաքներից մենահամերգների հրավերներ:

2007-ին Անին մեկնեց Ֆրանսիաՙ մասնակցելու Լիոնի ազգային կոնսերվատորիայի կատարելագործման դասընթացներին, մեկ տարի սովորեց Մարի-Պոլ Աբուլկերի դասարանում: Մասնակցեց Դեբյուսիի անվ. նշանավոր կվարտետի անդամ Վինսենթ Դեպրեսկի վարպետության դասընթացներին, նաեւ կամերային երաժշտության փառատոների, մենահամերգներ ունեցավ:

Բեմական գործունեության երեւանյան շրջանը տարբեր դժվարություններ է հարուցում: «Իմ բախտը բերել է, երբ կողքիս ունեմ ինձ հավատացող, աջակցող մարդիկ, նախեւառաջՙ ընտանիքիս հոգատարությունը», ասում է Անին, խոստովանում, որ երաժշտության հանդեպ մանկուց ունեցած հետաքրքրությունների ու հակումների զարգացմանը նպաստել է հայրըՙ ճարտարապետ Ռոբերտ Այդինյանըՙ ոչ միայն երաժշտասեր, այլեւ հատկապես հայ ազգային եւ հոգեւոր, նաեւ դասական երաժշտության գիտակ: Երախտագիտությամբ է խոսում ուսուցիչներիՙ Ելենա Սահակյանի եւ Ռոզա Թանդիլյանի մասին. «Ռոզա Թանդիլյանը , նա Առնո Բաբաջանյանի ուսանողուհին է եղել, մեզ էր փոխանցում Բաբաջանյանական դաշնամուրային դպրոցի արվեստի գաղտնիքները: Նա ոչ միայն բարձրակարգ մասնագետ է, այլեւ նվիրյալ ուսուցիչ, մեծ մարդ: Ես հետեւում եմ իր խորհուրդներին եւ նա իմ կողքին է միշտ: Հաջողություններիս համար նախեւառաջ նրան եմ պարտական: Հաճախ է ասումՙ նվագիր, ինչպես ազատ արտիստ: Եվ ես հասկանում եմ, որ իմացության այն հենքի վրա, որ ստացել եմ իրենից, ներքին զգացմունքային ազատություն զարգացնելն անհրաժեշտ է»:

«Բեմը բացահայտվելու տարածք է: Իմ այս համերգը համարժեք էր վեցամսյա անհատական պարապմունքներիս: Լիոնից հետո ես ավելի շատ սկսեցի աշխատել. կատարելագործվելու դեռ շատ ճանապարհ կա անցնելու: Եվ լավ է, որ ես տեսնում եմ դա»:

Մոտեցումների, համոզմունքների ինքնաքննության մի փորձ էր շաբաթ օրվա համերգային ծրագիրը. «Զգում էի հանդիսականին շատ մոտ, որ հազվադեպ է պատահում: Հնարավորինս աշխատում էի անկեղծ լինել նրանց հետ. չէ՞ որ նրանց համար էի նվագում: Երբ բեմ դուրս եկա, զգացի դահլիճի դրական էներգիան եւ հասկացա, որ պետք է ավելին փոխհատուցել: Երբ այդքան մարդ քեզ ունկնդրելու է եկել, ուրեմն սպասելիք ունի: Ի վերջո, ոչ մեկին ոչինչ չես ապացուցում եւ զարմացնելու համար չէ արվեստը, այլՙ մարդկանց օգնելու»:

...Համերգի ավարտին ծաղիկների միջից ժպտացող դաշնակահարի հուզված հայացքը փնտրում էր ուսուցչին: Ռոզա Թանդիլյանը այսպես գնահատեց իր սանի ելույթը. «Ակնհայտ է երաժշտական տարբեր ոճերի զգացողությունը եւ տեխնիկական հնարքների տիրապետումը, ինչը ցայտուն դրսեւորվեց Պրոկոֆեւի Սոնատի կատարման ընթացքում: Արտիստիկ է, անկաշկանդ եւ ունի բոլոր հնարավորությունները լավագույն բեմերում եւ տարբեր նվագախմբերի հետ հանդես գալու»: Այս խոսքերը համահունչ են Գրիգոր Գուրզադյանի կանխատեսմանն արտահայտած վերջին ժողովածուում. «Կուսանաց վանքի այդ սքանչելի դշխուհու ապագան աշխարհի բեմահարթակներն են լինելու...»: Տարիներ առաջ ակադեմիկոսն իր գործերից մեկըՙ «Անի... Կուսանաց վանք...» էսսեն, նվիրել էր երիտասարդ դաշնակահարուհուն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4