«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2011-07-08 | #126, 2011-07-09 | #127, 2011-07-12


«ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈՐԱԿԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետը

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանից, քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին եւ քննարկել Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին առնչվող հարցերը: Քաղաքապետն ընդգծել է որ մայրաքաղաքում ջրամատակարարման որակը չի բավարարում բնակչության պահանջները եւ հետ է մնում հանրային ծառայություն մատուցող մյուս ընկերություններից: Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու հարցումՙ ակնկալելով նաեւ Համաշխարհային բանկի աջակցությունը:

Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ունենալ համակարգում տիրող իրավիճակի իրատեսական գնահատականը եւ հաստատել ոլորտին աջակցելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունըՙ առաջիկայում հարցը քննարկելով կառավարության հետ:

Տեղադրվել են տեսախցիկներ, ապամոնտաժվել կրպակներ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ Երեւանի 60 խաչմերուկներում եւ կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրումը: Տեսախցիկներ են տեղադրվում նաեւ Երեւանի մետրոպոլիտենում:

Անդրադառնալով ապօրինի, ժամկետանց եւ չգործող կրպակների ապամոնտաժմանըՙ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել աշխատանքը, միաժամանակ նշելով, որ նոր կրպակների տեղադրման թույլտվություն չի տրվելու: Զեկուցվել է, որ հուլիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում ապամոնտաժվել է 893 ապօրինի, չգործող կրպակ:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության, ներկայումս բարեկարգվում են քաղաք մտնող գլխավոր մայրուղիները: Եր-ան-Աշտարակ, Եր-ան-Զովունի խճուղիների միջնաշերտն ու Արգավանդի խաչմերուկից դեպի մայրաքաղաք տանող Իսակովի պողոտայի հարակից տարածքները բարեկարգվելուց հետո, ամբողջությամբ կկանաչապատվեն: Նշված տարածքները ապահովված կլինեն նաեւ ոռոգման նոր ցանցով:

Երեւանի քաղաքապետն ու համատիրությունները

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ անդրադարձել է նաեւ համատիրությունների խնդրին, նշել, որ դրանք բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են, մինչդեռ բնակիչները տեղեկացված չեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Քաղաքապետը շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքումից մինչեւ ծախսերի արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները: Նա վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել արդյունավետ աշխատել համատիրությունների ղեկավարների հետ: Երեւանի քաղաքապետը, սակայն, ինչպես նաեւ կառավարության ղեկավարներն ու այս ոլորտի պատասխանատուները, չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ համատիրությունները իրականում բնակիչները չեն ստեղծել, որ դրանք չգործող կառույցներ են, որոնք չգործելու դիմաց, չգիտես ինչու, դրամ են պահանջում բնակիչներից: Գրեթե 10 տարի շարունակվող այդ վիճակը առավել քան բավարար ժամանակահատված է այդ ամենը հասկանալու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4