«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2011-07-08 | #126, 2011-07-09 | #127, 2011-07-12


ԺԱՄԱՆԱԿՆ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարվա մայիսից կառավարության որոշմամբ ՀԴՄ կտրոններով անցկացվող «Շահող կտրոն» վիճակահանության կարգը փոխվեց: Այս մասին ապրիլին ընդունված որոշումից հետո այն տեսակետը հայտնեցինք, որ դա ոչ այլ ինչ էր, քան ՀԴՄ-ների կիրառումը տապալելուն ուղղված քայլ: Համաձայն այդ որոշման, բոլոր տեսակի դրամային շահումները վերացվեցին: Սահմանվեց միայն 15 ավտոմեքենա շահելու խաղարկություն: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ նախ նվազեցվել, ապա ընդհանրապես վերացվել էին շահող կտրոնների դիմաց տրվող բոնուսները: Անցել է արդեն ավելի քան 3 ամիս, եւ ի՞նչ կարելի է ասել «Շահող կտրոն» խաղարկության փոփոխված կարգի մասին:

Մեծապես նվազել է ՀԴՄ կտրոնների տրամադրման նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը: Նախկինում, երբ տրվում էին բոնուսներ եւ առկա էր երկու կամ երեք թվով շահումներ ստանալու հավանականությունը, ավել կամ պակաս չափով բնակչությունը ակտիվություն էր դրսեւորումՙ պահանջելով ՀԴՄ կտրոնները առեւտրի եւ սպասարկման կետերից: Ակտիվ սպառողների շրջանակն ընդլայնվում էր, քանի դեռ բոնուսներ էին տրամադրվում չշահած կտրոնների դիմաց: Ակտիվությունը սկսեց նվազել, երբ դրանք դադարեցին տրամադրվել: Իսկ երբ ընդհանրապես դրամական շահումներն էլ վերացվեցին, սպառողների ակտիվությունը պարզապես մարեց: Անգամ ամենաակտիվ սպառողները, որ մինչեւ վիճակահանությունը կամ բոնուսները զուտ իրենց իրավունքների պաշտպանության համար ՀԴՄ կտրոն էին պահանջում, այժմ բոլորովին անտարբեր են դարձել դրա նկատմամբ:

ՀԴՄ կտրոնների խաղարկության եւ բոնուսների տրամադրման այս ամբողջ գործընթացն ուղղակի արտացոլումն է պետության չկարգավորված եւ հախուռն գործունեության: Առանց հաշվարկելու հնարավոր ռիսկերը կամ գործընթացի կեսից պարբերաբար կանոններ փոխելով, պետությունը հերթական անգամ կորցրեց մարդկանց վստահությունը, ակնառու օրինակը ցույց տալով, թե ինչպես չի կարելի կազմակերպել կամ իրականացնել որեւէ գործընթաց: Արդարացումները, թե կեղծիքներ կամ խարդախություններ են կատարվում, դրա համար էլ վերացվեցին բոնուսներն ու դրամանակ շահումները, եթե չասենք ծիծաղելի են, ապա պարզապես որեւէ քննադատության չեն դիմանում: Կեղծիքների կամ խարդախությունների դեմ պայքարող պետական կառույցներ կան, որոնք պետք է կատարեն իրենց պարտականությունները, այլ ոչ թե դրանց պատճառով պետությունը պետք է հրաժարվի իր որեւէ դրական ձեռնարկումից: Օրինակՙ ԱՊՊԱ ոլորտում էլ կեղծիքներ կլինեն եւ արդեն լինում են, չեղյա՞լ է համարվելու այդ գործընթացը: Կամ պետեկամուտների կոմիտեն չէ՞ր կանխատեսել, որ կարող են խարդախություններ լինել:

Ի՞նչ է տեղի ունենում այժմ: Պետությունը անիմաստ, առանց որեւէ կոնկրետ արդյունք հետապնդելու, իներցիայով, ամսական 15 ավտոմեքենա է գնում ավտոմեքենա ներմուծողներից եւ նվիրում պատահական մարդկանց: Այդ խաղարկությունը ոչ մի ակտիվություն չի առաջացնում բնակչության մեջ, քանի որ ինչպես արդեն նշել ենք, յուրաքանչյուրը հասկանում է, որ հենց իր շահելու հավանականությունը գրեթե զրո է: Կարելի է հաշվարկել, թե որքան անիմաստ գումար է կորչում այդ վիճակահանություն կոչվող ձեւական դարձած գործընթացի վրա: Յուրաքանչյուր մեքենայի արժեքը 4-5 մլն դրամից պակաս չի լինի, գումարած խաղարկության եւ դրա գովազդի վրա ծախսվող գումարը: Այսինքն, ամսական 60-75 մլն դրամ, եւս մի քանի մլն դրամ էլ վիճակահանությունն ու դրա գովազդը: Ընդհանուր առմամբՙ ամսական մոտ 80 մլն դրամ: Մայիսից մինչեւ դեկտեմբեր այս գումարը կկազմի 640 մլն դրամ: Սա 16 քմ տարածք ունեցող բնակարաններում ապրող փախստականների կամ 4-րդ կարգի վթարայնության շենքի բնակիչների համար մեկ նոր շենք կառուցելու գումար է:

Ժամանակն է, որ կառավարությունն ու պետեկամուտների կոմիտեն ընդունեն իրենց ձախողումը կամ սխալը, դադարեցնեն ավտոմեքենաների խաղարկումը եւ բյուջեով նախատեսված այդ գումարը, ավտոմեքենա ներմուծողներին ուղղելու փոխարեն, ուղղեն կոնկրետ սոցիալական նպատակի իրագործմանը: Դա թերեւս լավագույն տարբերակը կլինի ՀԴՄ կտրոններին առնչվող հաջողությամբ տապալված գործընթացից դուրս գալու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4