«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2011-07-09 | #127, 2011-07-12 | #128, 2011-07-13


ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԳԱՂԹԱԾ ՀԱՅԵՐԻ 60-70 ՏՈԿՈՍԸ ԹԼՓԱՏՈՒՄ Է ԻՐ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ

Կալիֆոռնիայի հայ համայնքի շրջանում երեխաների թլփատումը բավական լայն տարածում ունի: Բժշկական մարդաբան, մագիստրոս Աստղիկ Վարդանյանը նշում է, որ հենց այս փաստը գլխավոր պատճառ դարձավ, որ ինքը եւ իր ամուսինՙ հոգեբույժ Արթուր Պողոսյանը հիմնեցին «Հայք նախագիծ» (haikProject.org) կազմակերպությունը: Սա այս կարգի միակ կազմակերպությունն է հայաշատ այս նահանգում, որ զբաղվում է հայ մանուկների առողջապահական խնամքի խնդիրներով:

Թլփատումը սովորաբար իրականացվում է անմիջապես երեխայի ծննդից հետո, հիվանդանոցում, երբ երեխան ընդամենը մեկ օրական է:

Բժշկական խոշոր եւ հեղինակավոր կազմակերպություններից ու միություններից շատերը, ինչպես Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան, Ամերիկյան բժշկական ասոցիացիան, կանադական ու ավստրալիական նույնանուն կազմակերպությունները թլփատումը չեն համարում կանխարգելիչ միջոց: Կանադայում, Ավստրալիայում ու Անգլիայում վաղուց դադարել են իրականացնել այն: Սակայն սա բավական թանկ` 400-800 դոլար արժեցող վիրահատություն է` շահավետ թե՛ բժշկի եւ թե՛ հիվանդանոցի համար, եւ սովորաբար խրախուսվում է, որովհետեւ ծախսերն անմիջականորեն փակվում են պետական բուժ-ծրագրերի կողմից:

«Թլփատումն անվնաս վիրահատություն չէ, ինչպես փորձում են հավատացնել դրա կողմնակիցները: Այն լուրջ վիրաբուժական գործողություն է հատկապես նորածին երեխայի համար, որի դիմադրողականությունը դեռ զարգացած չէ: Երեխաների մեծ մասը թլփատվում է առանց ցավազրկման: Ցավը նրանցից շատերի մեջ համարյա neirogenik shock (coma) է առաջացնում», ասում է Աստղիկ Վարդանյանը: «Երեխան կարող է դժվարամիզություն, արյան վարակում եւ արյունահոսություն ունենալ: Տարեկան մոտ 120 այսպիսի դեպքեր են գրանցվում: Սակայն թլփատման հետեւանքով մահվան դեպքերի վիճակագրությունը հետազոտելն անհնար է, քանի որ շատ դեպքերում գրանցվում է մահվան ոչ թե առաջնային, այլ երկրորդային պատճառը, ասենք, գանգրենա, արյունահոսություն»:

Թլփատումն անցանկալի է նաեւ այն առումով, որ երեխան կորցնում է նյարդային բազմաթիվ հանգույցներով զգայուն մի համակարգ, որը հետագայում մեծ դեր է խաղալու նրա սեռական զգայունակության պահպանման հարցում:

Աստղիկ Վարդանյանը ներկայացնում է սեփական հետազոտությունների արդյունքները, որ կատարել է մանկապարտեզներից, առանձին հիվանդանոցներից վերցրած տվյալների ու հարցումների հիման վրա: Ըստ այդմ, Միջին Արեւելքի երկրներից (Իրան, Լիբանան, Եգիպտոս) ԱՄՆ եկած հայերի 60-70 տոկոսը թլփատում է իր նորածին երեխային, եւ շատ դժվար է տարհամոզել նրանց թլփատման բացասական հատկությունների վերաբերյալ:

Քրիստոնեական մեր կենսաձեւին անհարիր այս իրողությունը մերժում են միայն Հայաստանից եկած հայերը, նրանց շրջանում թլփատումների տոկոսը խիստ ցածր է:

«80-ական թթ. ամերիկացիների մոտ 90 տոկոսը թլփատում էր երեխաներին: Այսօր ԱՄՆ-ում եւս հսկայական շարժում է սկսվել դրա դեմ: Այսօր այդ տոկոսն իջել է 60-ի, Կալիֆոռնիայում 39 է, այնուամենայնիվ, հայերի շրջանում մնում է բարձր», նշում է Աստղիկ Վարդանյանը: Պետական բուժ-ծրագրերը որոշ նահանգներում դադարել են փակել թլփատումների ծախսերը:

Վերադարձեք բնական ծննդաբերությանը

«Հայք» նախագիծը Կալիֆոռնիայի բնակիչ հայ եւ այլազգի մայրերին դիմում է նաեւ այսպիսի կոչով: Տիպիկ ամերիկյան հիվանդանոցներում ծննդաբերությունը խիստ հագեցած է տեխնիկական գերծախսատար միջամտություններով: Դրանք, ինչպես թլփատումը, խրախուսվում են հիվանդանոցներում եւ բժշկական հաստատություններում, որովհետեւ յուրաքանչյուր միջամտության ու գործողության համար պետական ու մասնավոր ապահովագրություններից գումար է ստացվում:

Պտղի սրտի էլեկտրոնային մոնիտորինգը, մեջքի վրա պառկած ծննդաբերելը եւ բազմաթիվ այլ միջամտություններ սահմանափակում են կնոջ շարժունակությունը, ուժ տալու կարողությունը, խանգարում մոր եւ երեխայի արյան շրջանառությունը եւ սրտի աշխատանքը: Այս իրավիճակում միակ ցուցումը լինում է կեսարյան հատումը: ԱՄՆ-ում բոլոր ծնունդների 30 տոկոսը կեսարյան հատումով է կատարվում: Որոշ եվրոպական տվյալների համաձայնՙ կեսարյան հատումների հետեւանքով մայրական մահացությունը 8-12 անգամ ավելի բարձր է հատկապես կրկնակի կեսարյանների ժամանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներովՙ ծննդաբերության ժամանակ մայրերի մահացության սանդղակում ԱՄՆ-ը 49-րդն է աշխարհում: Դա նշանակում է, որ 49 երկիր ԱՄՆ-ից ավելի քիչ մայրական մահացություն ունի:

Ինչ վերաբերում է մանկական մահացության սանդղակին, ապա ԱՄՆ-ն այստեղ 30-րդն է: Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի բժշկական ծախսերն ըստ շնչի ամենաբարձրն են աշխարհում:

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4