«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2011-07-12 | #128, 2011-07-13 | #129, 2011-07-14


ԳԱԶԻ ԳԻՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ, ԻՍԿ «ՆԱԻՐԻՏԻ» ՇՈՒՐՋԸ ԿԲԱՆԱԿՑԵՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ոլորտի մի քանի նորություններին: Դրանցից մեկն առչնվում էր նոր ատոմակայանին: Նախարարը հայտնեց, որ նոր ատոմակայանի բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Կատարվել են նաեւ նոր ԱԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման աշխատանքները: Այս հարցի վերաբերյալ ապրիլին Երեւանում պետք է տեղի ունենար միջազգային համաժողով, որին պետք է մասնակցեին բոլոր շահագրգիռ կողմերը, բայց Ճապոնիայի իրադարձությունների պատճառով հետաձգվեց մինչեւ աշուն:

«Նաիրիտի» հետագա ճակատագրի վերաբերյալ Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ շուտով կսկսվեն գործարանի կառավարման բանակցությունները գերմանական CAC ընկերության հետ, որը միակ հայտն էր ներկայացրել այդ նպատակով հայտարարված միջազգային մրցույթին: Նախարարը հույս հայտնեց, որ բանակցություները հաջող կլինեն, իսկ հակառակ դեպքում նոր մրցույթ կհայտարարվի:

Խոսելով Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր փոփոխությունների մասինՙ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը հավաստիացրեց, որ մինչեւ 2012-ի ապրիլի 1-ը գազի գինը կմնա անփոփոխ:

Ներկայացնելով այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշներըՙ Արմեն Մովսիսյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է մոտ 16 տոկոսով, ներքին սպառումըՙ 7,5 տոկոսով, իսկ արտահանումըՙ 63 տոկոսով: Հանքարդյունաբերությունն աճել է 28 տոկոսով, այդ թվում ոսկու արտադրությունըՙ մոտ 2 անգամ, մոլիբդենինըՙ 5 տոկոսով, պղնձինըՙ նվազել 5 տոկոսով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4