«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2011-11-17 | #208, 2011-11-18 | #209, 2011-11-19


ԵՐԿԻ՞ՐԸ ԵՐԿԻՐ ՉԷ, ԹԵ՞...

Մեր ժողովրդի ամենասիրված «հիթը»

Թե ով է «երկիրը երկիր չէ» արտահայտության հեղինակը, չենք կարող ասել, բայց ավագ սերնդի ներկայացուցիչները կհաստատեն, որ այս արտահայտությունը շատ տարածված էր նաեւ խորհրդային տարիներին եւ վերաբերում էր խորհրդային երկրին ու կարգերին: Ու թեեւ խորհրդային «երկիրը», որ «երկիր չէր», փլուզվեց, բայց այդ արտահայտությունը այդ երկրի հետ չանհետացավ եւ փոխանցվեց անկախ Հայաստանին: Հիմա գուցե ավելի շատ եւ ավելի հաճախ է դա հնչում, քանի որ խորհրդային ավտորիտար համակարգում այդ արտահայտությունը ասվում էր միայն ընկերական շրջապատում, հարեւանների հետ զրուցելիս կամ ընտանիքում, հիմաՙ ամենուր, անընդհատ եւ առանց դրա համար պատասխանատվություն կրելու մտահոգության: Կարեւոր էլ չէ, թե այս կամ այն դեպքում որքանո՞վ է «երկիրը» մեղավոր կամ ընդհանրապես մեղավո՞ր է, թե՞ ոչ: Կարեւորն այն է, որ կա մի արտահայտություն, որը կարելի է ասելՙ շրջապատից հավանության արժանանալու ակնկալիքով եւ դրանով գտնել մեղավորՙ առանց իրական մեղավորին փնտրելու: Գուցե չարժեր արդեն զավեշտ դարձած այս արտահայտության վրա այդքան կենտրոնանալ, եթե դրա տակ թաքնված չլիներ ժողովրդի մի ստվար հատվածի, եթե չասենքՙ մեծամասնության, մտածելակերպը, հոգեբանությունը:

Ռուսաստանյան հայտնի սոցիոլոգիական ընկերությանՙ ԱՊՀ տարբեր երկրներում անցկացրած հարցումներից մեկում տրված էր «Կյանքում ձեզ երջանիկ համարո՞ւմ եք» հարցը: Դժվար չէ կռահել, թե ամենից քիչ դրական պատասխան որտեղից էր ստացվելՙ Հայաստանից: Մեր հայրենակիցների մոտ 22 տոկոսն էր գոհ իր կյանքից: Մեզանից հետո իրենց կյանքից ամենադժգոհը ուկրաինացիներն էին, որոնց 23 տոկոսն էր գոհ իր կյանքից: Դատելով այդ հարցման արդյունքներիցՙ ամենավատը ապրում են ոչ թե ԱՊՀ ամենաաղքատ երկրում բնակվող տաջիկները, ներքին պառակտումներից տառապող ղրղզները, բամբակի ցանքատարածություններում տանջալից աշխատանք կատարող ուզբեկները, այլ առաջին հերթին հայերը, ապա ուկրաինացիները: Սա արդեն «երկիրը երկիր չէ» մտածողության ակնառու դրսեւորումն է, որի հիմքում ամեն ինչից եւ անընդհատ դժգոհ լինելն է:

Դժգոհում են բոլորըՙ հարուստն ու աղքատը, բանվորն ու գործարարը, օլիգարխն ու կրպակատերը, նախարարն ու առաջատար մասնագետը, պետական ծառայողն ու մասնավոր ընկերությունում աշխատողը, գյուղացին եւ քաղաքացին, թոշակառուն եւ ուսանողը, գիտնականը, մանկավարժը, բուժաշխատողը, մի խոսքովՙ բոլորը: Դժգոհելը դարձել է մեր բնավորության ամենաանտանելի գիծը: Դժգոհելը դարձել է ինչ-որ բան դեպի լավը փոխելու գլխավոր խոչընդոտը: Դժգոհելը դարձել է սեփական թերությունները քողարկելու լավագույն միջոցը:

Բնավ չենք ասում, թե մեր երկրում չկան լուրջ խնդիրներ: Ավելին, ի տարբերություն «երկիրը երկիր չէ» ասողների, այդ մասին հրապարակավ, մեր թերթում բազմիցս արտահայտվել ենք, քննադատել այս կամ այն երեւույթը, պատասխանատու պետական պաշտոնյային, կառույցին: Հարցն այլ է: Կյանքից հավերժ դժգոհողները, որոնցից շատերը բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում, երբեք եւ ոչ մի դեպքում չեն դիտարկում, թե իրենք մեղավոր չե՞ն, որ «երկիրը երկիր չէ»:

Ամենամոտ հարազատները ինչ-որ մեկին զրկեցին տնից, ինչ-որ մեկը մեքենայով սխալ վազանց կատարեց, ինչ-որ մեկը սխալ անցավ փողոցը, վաճառողը խանութում ինչ-որ մեկին վատ սպասարկեց, ինչ-որ մեկը գործընկերոջը «գցեց», ինչ-որ մեկը դաժան սպանություն կատարեցՙ ո՞վ է մեղավորը: Դե իհարկե «երկիրը», որը «երկիր չէ»: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ասումՙ գուցե ժողովուրդը ժողովուրդ չէ՞, եւ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ երկիրը, այսինքնՙ պետությունը: Ոչ ոք չի մտածում, թե ինքն ի՞նչ պետք է անի, որ երկիրը երկիր դառնա:

Մեր մտավորականների ճնշող մեծամասնությունը խոսում է բարձրագույն արժեքներից, բայց զուրկ է տարրական բարեկրթությունից, գործարարների ճնշող մեծամասնությունը գործում է ստվերում, բայց խոսում է անարդարություններից, պետական պաշտոնյաների մեծ մասը խոսում է իր անբասիր լինելուց, բայց թաղված է հովանավորչության եւ կոռուպցիայի մեջ, խորշում է քաղաքացիների հետ շփվելուց եւ աշխատանքային առօրյան անցկացնում ինտրիգների ու բամբասանքների մեջ, մենք բոլորս նշում ենք մեր քաղաքի սանիտարական վատ վիճակի մասին, բայց առանց մտածելու աղբը շպրտում ենք փողոցում: Սրանք ամենատարրական օրինակներն են, որի դեպքում յուրաքանչյուրն իր տեղում չպետք է անի այն, ինչը պղտորում է դիմացինի եւ մեր բոլորիս կյանքը:

Սակայն ինչպե՞ս փոխել դոգմա դարձած մտածելակերպը, ինչպե՞ս է հնարավոր մշտապես դժգոհ մարդուն ասել, որ եթե փոխվի իր եւ մեր բոլորիս մտածելակերպը, ապա մեր երկիրն էլ կդառնա այնպիսին, ինչպիսին մենք կլինենք: Նման բացառիկ հնարավորություն ստեղծված էր 1988-ի ազգային զարթոնքի ժամանակ: Եթե այդ պահն օգտագործեին անկախ Հայաստանի առաջին իշխանությունները, ապա մեծագույն հավանականություն կար, որ կկառուցեինք այնպիսի երկիր, որտեղ շատերը կգիտակցեին, որ իրենք եւս պատասխանատու են երկիրն ավելի լավը դարձնելու համար: Սակայն ժողովրդական վստահության հսկայական ռեսուրսը 90-ականների իշխանությունները ամբողջությամբ ջախջախեցին: Այն վերականգնել անհնար է, մնում է ստեղծել վստահության նոր ռեսուրս, որի պարտավորությունն ընկած է գործող իշխանությունների վրա, եւ որի համար ավելի մեծ ժամանակ եւ ջանքեր կպահանջվեն նրանցից: Իսկ մինչ այդ «երկիրը երկիր չէ»-ն շարունակում է մնալ մեր ժողովրդի ամենասիրված «հիթը»:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4