«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2011-12-02 | #219, 2011-12-03 | #220, 2011-12-06


ԿՈՆՅԱԿ ԵՎ ԴԵՂԵՐՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի՞նչ է ծրագրվում իրականացնել այստեղ մինչեւ 2020-ը

«Արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարությունը», որին մի քանի անգամ անդրադարձել ենք մեր թերթում, կիրակի օրը քննարկվեց ՀՀԿ սեմինարի ժամանակ: Հիշեցնենք, որ անկախության 20 տարիների ընթացքում այն արդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին համալիր ծրագիրն է: Ըստ այդ ռազմավարության, արդյունաբերության 11 ճյուղերի կառավարությունը խոստանում է պետական աջակցություն ցուցաբերել, ներկայացնելով աջակցության ձեւերը, ժամկետները, աղբյուրները եւ այլն:

Առաջին փուլի համար ընտրված են 3 ոլորտներՙ կոնյակագործությունը, դեղագործությունը եւ ճշգրիտ ճարտարագիտությունը: Վերջինիս մասին արդեն գրել ենք: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել մյուս երկուՙ կոնյակագործության եւ դեղագործության ոլորտներում առաջիկա 9 տարիներինՙ 2012-2020-ին:

Կոնյակագործությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է եղել եւ մնում: 2010-ին Հայաստանում արտադրված 107 մլն դոլարի կոնյակից արտահանվել է ավելի քան 95 մլն դոլարի կոնյակ, որի հիմնական մասըՙ 80 տոկոսը, Ռուսաստան: Կոնյակագործության մեջ ընդգրկված է շուրջ 1800 մարդ, կոնյակագործության համար խաղողագործության մեջՙ 8-10 հազար, իսկ խաղողի այգետարածքները 15 հազար հա են:

Ոլորտի զարգացման ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ 2015-ին վերոնշյալ ցուցանիշները հետեւյալ կերպ կփոխվենՙ արտադրությունը կկազմի 160-195 մլն դոլար, արտահանումը 150-180 մլն դոլար, արտահանումը Ռուսաստանՙ 70 տոկոսը, որին պետք է ավելանա արտահանումը Չինաստան, կազմելով 5-7 տոկոս: Զբաղվածների թիվը կոնյակագործության պետք է հասնի 2600-3100-ի, խաղողագործների թիվըՙ 12-13,5 հազարի, խաղողի այգետարածքներըՙ 26 հազար հա-ի:

2020-ին ծրագրվում է արտադրությունը հասցնել 270-320 մլն դոլարի, արտահանումըՙ 250-300 մլն դոլար, որից Ռուսաստանՙ 65 տոկոս, Չինաստանՙ 8-10 տոկոս, զբաղվածների թիվըՙ 4000-4700-ի, խաղողագործների թիվըՙ 16-18 հազարի, խաղողի այգետարածքներըՙ 33 հազար հա-ի:

Այս ցուցանիշներին հասնելու համար որոշակի քայլեր են նախատեսվում կոնյակագործության ամբողջ շղթայում եւ հատկապես նրա ամենաթույլ օղակներումՙ որակի վերահսկման եւ վաճառքի հարցերում: Մասնավորապես, որակի ապահովման ուղղությամբ ժամանակակից լաբորատորիայի հիմնում, որը թույլ կտա ստուգել կոնյակի իսկությունը, իսկության հավաստագրման ինստիտուտի լիարժեք գործունեություն, որակի տարբերանշանների շնորհում եւ այլն:

Ինչ վերաբերում է վաճառքին, ապա բացի առկա շուկաներից` Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից, նոր շուկաներ մուտք գործելու խնդիր է դրվում: Առաջին փուլում դա կլինի Չինաստանը, երկրորդ փուլումՙ Արեւելյան Ասիայի, Արեւելյան Եվրոպայի եւ այլ երկրներ: Դրա համար արտադրողներին կտրամադրվի այդ շուկաների մասին տեղեկատվություն, կստեղծվի «Հայկական կոնյակ» բրենդը, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կբացվեն առեւտրային ներկայացուցչություններ եւ այլն:

2012-2015-ին, այս նպատակներին հասնելու համար նախատեսվում է մոտ 5,6 մլն դոլար ֆինանսավորում տրամադրել, որի 38 տոկոսը պետական ֆինանսավորումն է լինելու: Այդ նույն երեք տարիների ընթացքում միասին վերցրած, ակնկալվում է ունենալ գրեթե 700 մլն դոլար արտահանված արտադրանք եւ մոտ 35 մլն դոլար հարկային մուտքեր:

Դեղագործության ցուցանիշները, համեմատած կոնյակագործության հետ, ավելի համեստ են, բայց այս ոլորտը նույնպես համարվում է դինամիկ զարգացող եւ հեռանկարային: 2010-ի տվյալներովՙ Հայաստանում դեղարտադրության մեջ ներգրավված են 550 աշխատող, արտադրության ծավալներըՙ 8,8 մլն դոլար, արտահանումըՙ 5 մլն դոլար: Դեղերի արտահանման ծավալներով մեր երկիրը համադրելի է Նիկարագուայի, Ֆիջիի եւ Նիգերիայի հետ:

2015-ին արտադրության ծավալներն այստեղ նախատեսվում է հասցնել 30-35 մլն դոլարի, արտահանումըՙ 20-25 մլն դոլարի, որից 10-15 մլն դոլարը անդրազգային ընկերությունների պատվերները պետք է լինեն, իսկ աշխատողների թվաքանակըՙ 900-950-ի: Արտահանման ծավալներով այդ ժամանակ համադրելի պետք է լինենք Էստոնիայի, Ֆիլիպինների, Սաուդյան Արաբիայի հետ:

2020-ին արտադրությունը ծրագրվում է հասցնել 95-135 մլն դոլարի, արտահանումըՙ 75-115 մլն դոլարի, որից 50-90 մլն դոլարը անդրազգային ընկերությունների պատվերներ: Արտահանման ծավալներով համադրելի պետք է դառնանք Լյուքսեմբուրգի, Բելառուսի, Մարոկկոյի, Չիլիի, Ուրուգվայի հետ: Ինչպես երեւում է, ռազմավարության մեջ կարեւոր դեր է հատկացվում անդրազգային ընկերությունների պատվերներին, որի ձախողման դեպքում, ինչպես նշվում է ռազմավարության մեջ, արտահանման ցուցանիշները կկազմեն 2015-ի նախատեսվածի 40-50 տոկոսը, իսկ 2020-ինՙ 20-35 տոկոսը:

Եթե ներկայումս հայկական դեղագործական արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՊՀ երկրներ (Վրաստան, Ռուսաստան եւ այլն), ապա որակի եվրոպական ստանդարտների տեղայնացումից, հավաստագրման եւ վերահսկման մարմնի ձեւավորումից եւ միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի արտահանել նաեւ այլ երկրներ: Տեղական հումքային բազայի ստեղծում, մասնագիտական կրթության բարելավում, արտահանման ֆինանսավորման մեխանիզմի ստեղծում, վենչուրային ֆինանսավորում նորարարական նախագծերին, անդրազգային ընկերությունների կողմից դեղերի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու խթանում, ներքին եւ արտաքին շուկաներում հայկական դեղերի վաճառքի խթանում եւ մի շարք այլ քայլեր, որոնք կառավարության ներկայացրած ռազմավարության համաձայն, կնպաստեն նաեւ դեղագործության զարգացմանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4