«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2011-12-15 | #228, 2011-12-16 | #229, 2011-12-17


ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նշվեց կենսաթոշակային նոր համակարգին նվիրված համաժողովում

Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը երեկ տեղի ունեցավ Երեւանում, որին մասնակցեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Իր ելույթում նա նշեց, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորելու իրենց ապահով ծերությունը: Համակարգն ունենալու է երեք բաղադրիչՙ պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (ենթադրում է քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որն էլ կրկնապատկելու է պետությունը) եւ կամավոր կուտակային` քաղաքացիների հայեցողությամբ:

Նոր համակարգն, ըստ վարչապետի, փոխում է քաղաքացիների մտածողությունը: «Այսուհետեւ աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար եւ կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար», ասաց Տիգրան Սարգսյանը, շարունակելով. «Մենք ստեղծում ենք ազատ մտածող մարդու միջավայր, որը պետք է կարողանա իրացնել իր ազատությունը: Սա նշանակում է, որ կենսաթոշակային բարեփոխումները առաջիկա 10 տարիների ընթացքում մեր հասարակությունում փոխելու են տնտեսական եւ ֆինանսական մտածողությունը»:

Վարչապետը միաժամանակ նշեց, որ պետությունը ստեղծելու է բարենպաստ միջավայր ներդրումային հիմնադրամների համար, որոնց նկատմամբ օրենքով սահմանվելու են խիստ չափանիշներ: Բացի դրանից, պետությունը կրկնապատկելու է այն խնայողությունները, որոնք կուտակային համակարգի միջոցով իրականացնելու են մեր քաղաքացիները:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հունվարի 1-ից: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի 1-ից:

Խոսելով այսօրվա կենսաթոշակառուների խնդիրների մասինՙ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ճգնաժամի տարիներին անգամ պետությունը ոչ միայն ամբողջությամբ կատարեց իր պարտավորությունները, այլեւ ավելացրեց թոշակները եւ սոցիալական նպաստները: Նա կրկին հիշեցրեց, որ 2012-ի հունվարի 1-ից կառավարությունը 10-ական տոկոսով բարձրացնելու է սոցիալական ապահովության նպաստներն ու կենսաթոշակները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4