«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2011-12-16 | #229, 2011-12-17 | #230, 2011-12-20


«ՏՈՒԳԱՆՔՆԵՐՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԵՆ, ԿԱՐԵՎՈՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ Է»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից հասարակական խորհրդի երեկ տեղի ունեցած ընդլայնված նիստին մասնակցում էին սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, պետական կառույցների ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանդիպման նպատակն է վեր հանել մրցակցության ոլորտի այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը եւ վնասում սպառողների շահերին: Արտակ Շաբոյանի խոսքերովՙ թեեւ մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռեւս չլուծված խնդիրներ, սակայն 2011-ի ընթացքում այս առումով «հանձնաժողովի կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել»: Խոսելով կայացված որոշումների մասինՙ հանձնաժողովի նախագահն ասաց, որ ֆինանսական տուգանքները նաեւ լրջորեն ազդում են տնտեսվարողների վարկանիշի վրա: «Հետեւապես կարեւոր է, որ նման որոշումները լինեն իրավական առումով ուժեղ եւ հիմնավոր, ինչի ապացույցն այն է, որ ողջ տարվա ընթացքում դատական կարգով բողոքարկված տասնյակ որոշումներից որեւէ մեկը անվավեր չի ճանաչվել», տեղեկացրեց Արտակ Շաբոյանը եւ ավելացրեց, որ եթե կասկածներ են ունենում, որոշման կայացումը հետաձգում են:

Արտակ Շաբոյանի ներկայացմամբՙ 2011-ին հանձնաժողովի կողմից նշանակվել է 370 մլն դրամի տուգանքՙ 2010-ի 37 մլն դրամի դիմաց: Նրա հավաստմամբՙ տուգանքներն ինքնանպատակ չեն, կարեւորը մրցակցային միջավայրի բարելավումն է եւ սպառողների շահերի պաշտպանությունը:

Հանձնաժողովի նախագահը միաժամանակ նշեց, որ հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները, եւ անհրաժեշտ է այլ պետական մարմինների հետ համագործակցությունը, քանի որ «հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը փաստեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է: Սակայն առկա բացերն, ըստ նրա, գտնվում են ոչ միայն հանձնաժողովի, այլ նաեւ այլ պետական մարմիններիՙ հարկային, մաքսային համակարգի կամ սննդամթերքի անվտանգության տեսչության իրավասության շրջանակներում: «Հետեւաբար խնդիրների լուծումը համալիր մոտեցում է պահանջում», ասել է Արսեն Ղազարյանը:

Գործարարների այլ ելույթներում արտահայտվող հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությանը, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի կազմակերպմանը: Մասնավորապես, խոսքը գերիշխող դիրք ունեցող առեւտրային ցանցերին մատակարարված եւ դրանց կողմից ապրանքների իրացման ընթացքում առաջացած որոշակի ռիսկերին էր վերաբերում: Այս հարցի առնչությամբ Արտակ Շաբոյանը հավաստիացրել է, որ այն կներառվի հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում:

Ձվի թանկացում չի սպասվում

Պատասխանելով լրագրողների հարցերինՙ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ ասաց, որ իրենք չունեն տվյալներ հացի եւ շաքարավազի շուկաներում խախտումների մասին: Եթե այդպիսիք լինեն, ապա հանձնաժողովը պատասխանատվության կկանչի համապատասխան տնտեսվարողներին: Ձվի թանկացում Ամանորի նախօրեին հանձնաժողովի նախագահը չի սպասում: Նրա հավաստիացմամբՙ այս ոլորտի տնտեսվարողները հրավիրվել են հանձնաժողով եւ զգուշացվել գների չհիմնավորված թանկացում թույլ չտալու մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4