«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2011-12-20 | #231, 2011-12-21 | #232, 2011-12-22


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԽՏՈՐԸ, ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ադրբեջանական սխտորի հայտնվելը Երեւանի խանութներում հասարակական լայն հնչեղություն ստացավ, ինչը դրական պետք է համարել: Քանի դեռ հարեւան երկրում հակահայկական հիստերիա է տարածվում պետական մակարդակով, ամեն վտանգ կարելի է սպասել այդ երկրից եւ այդ ժողովրդից: Այսինքն, ադրբեջանական սխտորի Երեւանում վաճառվելն իսկապես ազգային անվտանգության ոլորտից է:

Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին, ապա այս առումով նույնպես անընդունելի է Ադրբեջանից որեւէ ապրանք ներմուծելը, քանի դեռ այդ երկրում արգելվում է հայկական ապրանքների վաճառքը, ինչի մասին տեղեկություններ են հրապարակվել նաեւ մեր թերթում:

Ընդհանրապես, մինչ ղարաբաղյան հարցի կարգավորումը հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների հաստատումը հնարավոր է, եթե նման ցանկություն դրսեւորվի Ադրբեջանի կողմից: Սակայն այդ երկիրը դարձյալ ոչ միայն նման ցանկություն չունի, այլեւ շրջափակման է ենթարկել Հայաստանին, դրդելով, որ Թուրքիան եւս նույնն անի: Ավելին, Ադրբեջանը կատաղորեն դեմ է հանդես գալիս Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների որեւէ բարելավման: Ի դեպ, բավականին հետաքրքրական են Թուրքիայի եւ Հայաստանի առեւտրատնտեսական հարաբերություների տրամաբանությունը եւ մեր պետության որդեգրած մոտեցումը դրանց նկատմամբ:

Հայաստան-Թուրքիա քաղաքական հարաբերություններ այս պահին չկան, տնտեսական հարաբերություններն էլ միակողմանի են: Այսինքն, կա Թուրքիայից Հայաստան ներմուծում, բայց չկա Հայաստանից Թուրքիա արտահանում: Երբ որոշ «լիբերալներ» սկսում են ծաղրել հայաստանյան այն քաղաքական ուժերին, գործիչներին կամ սովորական մարդկանց, որոնք կոչ են անում իրենց հայրենակիցներին Թուրքիայում իրենց հանգիստը չանցկացնել կամ թուրքական ապրանք չգնել, հարկ է, որ այդ մասին չմոռանան: Ավելին, հարկ է, որ թուրքական ապրանքների նկատմամբ պետական քաղաքականությունն էլ համարժեք լինի մեր նկատմամբ վարվող քաղաքականությանը:

Բանն այն է, որ Թուրքիայում հայկական արտադրության ապրանքների նկատմամբ մեծ մաքսատուրքեր են դրված, ինչն անիմաստ է դարձնում Հայաստանից դրանց արտահանումն այդ երկիր:

Սա հակասում է թե՛ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), թե՛ ընդհանրապես շուկայական տնտեսության սկզբունքներին: Քանի որ Թուրքիան համաձայնություն էր տվել մեր երկրիՙ ԱՀԿ մուտքին պայմանով, որ ինքը մեր երկրի հետ տնտեսական հարաբերություններում այդ կազմակերպության սկզբունքներով չի ղեկավարվելու, ապա ի՞նչն է խանգարում, որ մենք էլ նույն կերպ վարվենք:

Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներին արգելել հնարավոր չէ, բայց թուրքական ապրանքների նկատմամբ էլ մեզ մոտ պետք է բարձր մաքսատուրքեր սահմանել: Դրա համար ոչ ոք Հայաստանին մեղադրել չի կարող, իսկ մեղադրելու դեպքում էլ անմիջապես կբարձրանար հարցը, թե ինչո՞ւ է Թուրքիան այդ կերպ վարվում եւ ինչո՞ւ է Թուրքիայից Հայաստան ներմուծումը հարյուրմիլիոնավոր դոլարներ կազմում, իսկ հակառակ ուղղությամբՙ մեկ-երկու միլիոն դոլար: Հայաստանի կառավարությունը գուցե չի գնում թուրքական ապրանքների նկատմամբ մաքսատուրքի բարձրացմանն այն մտավախությամբ, որ դրանք շատ դեպքերում էժան են եւ սոցիալական խնդիրներ կարող են առաջանալ: Սակայն դա էլ արդարացված չէ, քանի որ թուրքական ապրանքները հիմնականում ավելի թանկ են, քան չինականը, եւ կարելի է դրանք փոխարինել տեղական կամ այլ երկրից ներմուծվող ապրանքներով: Ծայրահեղ դեպքում, անհրաժեշտ է բարձր մաքսատուրք սահմանել գոնե այն թուրքական ապրանքների նկատմամբ, որոնցից արտադրվում են նաեւ Հայաստանում:

Ի դեպ, մինչեւ վերջերս հայկական բեռնատարները իրավունք չունեին մուտք գործել Թուրքիայի տարածք, բայց եկող տարվանից նման հնարավորություն նրանք արդեն կունենան, բայց միայն դեպի Եվրոպա գնալու դեպքում: Սա թեեւ շատ փոքր, բայց դրական զարգացում է: Մնում է միայն, որ խորանա եւ տարածվի, ինչը քիչ հավանական է թվում վերեւում նշված պատճառներով: Հետեւաբար, թուրքական ներմուծման դեմ համապատասխան միջոցառումների կիրառումն անհրաժեշտ է, քանի դեռ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները չեն ձերբազատվել քաղաքական գործոններից եւ չեն դարձել հավասարակշռված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4