«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍՎԱԾ Է

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Երեկՙ տարեկան արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ նոր ատոմակայանի կառուցման գործընթացն սկսված է: Այն ներառում է ֆինանսական աղբյուրեների որոնումը, ուսումնասիրությունները, նախագծային աշխատանքները: Ինչ վերաբերում է բուն շինարարության փուլին, ապա գործընթացի բնականոն ընթացքի դեպքում, կսկսվի 2013-ի կեսերին եւ կավարտվի 2016-ին: «Եթե ուշանան, գուցե ավարտվի 2018-ին», ասաց նախարարն, ավելացնելով, որ մինչեւ նոր ատոմակայանը չգործի, հինը չի դադարի գործել: Նա միաժամանակ հայտնեց, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի հետ կատարվածը մեկ տարով հետ գցեց ատոմակայանների կառուցման գործընթացն ամբողջ աշխարհում:

Գազի գների վերաբերյալ Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Գազպրոմից» գների փոփոխության վերաբերյալ որեւէ գրություն չկա:

Խոսելով Իրանի հետ էներգետիկ համագործակցության ծրագրերի մասինՙ Արմեն Մովսիսյանը նշեց, որ Իրանում տեղի ունեցող գործընթացների պատճառով դրանք հետ են ընկել ժամանակցույցից: Դրանց թվում նաեւՙ Իրանից Հայաստան նավթատար խողովակաշարի կառուցումը: Սակայն Իրանի նախագահի Հայաստան այցի ժամանակ կստորագրվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները սկսելու պայմանագիրը: Էներգետիկայի նախարարը այն կարծիքը հայտնեց նաեւ, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացման դեպքում մեր էներգետիկ համակարգում ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի:

Հրազդանի 5-րդ բլոկի առնչությամբ Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ սկսվել են փորձնական աշխատանքները, արտադրվել է 20 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, եկող տարվանից նոր բլոկն ամբողջությամբ կաշխատի: Երեւանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկներով էլ նախատեսվում է 100 մգվտ էլեկտրական էներգիա ստանալ Լեռնային Ղարաբաղի ածուխի հանքերից:

«Նաիրիտի» մասին էներգետիկայի նախարարն ասաց, որ մասնագետներ են հրավիրվել ճշտելու համար, թե ինչ ծրագրով ներդրումներ պետք է արվեն, որ առաջիկա 20-40 տարում ընկերությունը մրցունակ լինի: Իսկ «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձերը, Արմեն Մովսիսիյանի հավաստիացմամբ, այսօր կամ վաղը կտրվեն: «Գոնե մեկ ամսվանը», ավելացրեց նախարարը:

Քաջարան գյուղի շուրջն ստեղծված իրավիճակին անդրադառնալովՙ նախարարը տեղեկացրեց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային միջգերատեսչական խումբ եւ մեկնել տեղում իրավիճակն ուսումնասիրելու:

Ներկայացնելով 2011-ի ցուցանիշներըՙ Արմեն Մովսիսյանը հայտնեց նաեւ, որ այս տարի 14,5 տոկոսով կամ 933 մլն կվտ/ժ-ով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել եւ 295 մլն կվտ/ժ-ով կամ 28 տոկոսով ավելացել է դրա արտահանումը: Գազի ներկրումը նույնպես ավելացել էՙ 312 մլն խմ-ով կամ 17,7 տոկոսով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4