«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2012-02-21 | #32, 2012-02-22 | #33, 2012-02-23


ՍՈՑԻՈԼՈԳ. ՀՀԿ-Ն ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունների գլխավոր առաձնահատկությունն անվանում է ՀՀԿ եւ ԲՀԿ հակամարտությունը: «Նրանք երկուսն էլ իշխանություն են, սակայն պայքարելու են միմյանց դեմ: Հիմնական դերակատարները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն են: Հասարակության տրամադրությունը պարզելու նպատակով ասոցիացիան հարցում է անցկացրել, զրուցել են 1000 հոգու հետ: Պարզվել է, որ հարցվածների 75 տոկոսը հենց վերոնշյալ 3 կուսակցություններին է ընտրելու: Խորհրդարան մտնելու համար ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» կուսակցությունները պետք է պայքարեն մնացյալ 25 տոկոսի ձայնի համար:

Ըստ Պողոսյանի` այս տարի բնակչության մասնակցությունը կլինի 55 տոկոս: Քաղաքացիական ակտիվության մակարդակն է բարձրացել: Սոցիոլոգի բնութագրմամբ` այսօր հայ ընտրողն առավել պահանջկոտ է, առավել քննադատաբար է մոտենում իշխանություններին: «Ընտրողը փոխվել է, իշխանություններին հեշտ չի լինի այս անգամ գոհացնել, ու հենց այդ պատճառով նոր խորհրդարանում ՀՀԿ-ին չի հաջողվի մեծամասնություն կազմել: Նա չի հավաքի 50 եւ անց տոկոս», ասում է նա` հավելելով, որ առավել հետաքրքրական կլինեն ընտրություններից հետո անակնկալ կոնֆիգուրացիաները:

Պողոսյանի ներկայացմամբ` ընտրողների մեծամասնությունը չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը: Հաճախ ընտրողներն առաջնորդվում են ոչ թե կուսակցության անդամների կամ կուսակցության ծրագրերով, առաջարկություններով, այլ կուսակցության առաջնորդով: Թե ինչպես է ստացվում, որ ընտրողների մեծամասնությունը չի հավատում ընտրությունների արդար անցկացմանը, սակայն ձայնը տալիս է իշխանությանը, սոցիոլոգը բացատրում է հայ ընտրողի առանձնահատկությամբ: «Նրանք, ովքեր ձայն են տալիս ԲՀԿ-ին, իշխանության մեջ որոշակի փոփոխությունների ակնկալիքներ ունեն, նրանք, ովքեր ՀՀԿ-ին են ձայն տալիս, գոհ են իշխանություններից», ասում է Պողոսյանը:

Հայտնի քաղաքական գործիչներով կուսակցությունների կազմի համալրումը նա նմանեցնում է ֆուտբոլային տրամաբանությանը, երբ այլ ակումբներից հայտնի լեգեոներների են հրավիրում: «Սա աշխատող մեթոդ է», ասում է Պողոսյանը` ընդգծելով, որ Վարդան Օսկանյանի ընդգրկումը ԲՀԿ-ում միանշանակ օգուտ է կուսակցությանը: Նրա մեկնաբանությամբ, թեպետ ՀԱԿ-ն իր պայքարով որեւէ արդյունքի չհասավ ոչ իշխանափոխության, ոչ արտահերթ ընտրությունների առումով, այնուամենայնիվ, նա էլ մեծ արձագանքողներ ունի, որովհետեւ դժգոհությունները, խնդիրները շատ-շատ են:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4