«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2012-03-24 | #54, 2012-03-27 | #55, 2012-03-28


ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Facebook սոցիալական ցանցում մեկն աչքալուսանք էր տվել, թե այսօր Երեւան է ժամանում մերկապարուհի Վարդան` Վարդանուշ Մարտիրոսյանը, ու ես էլ արձագանքեցի, թե մեր քաղաքականները մի այնպիսի մերկապար են պարելու շուտով (հուսով եմ` հասկացաք, որ խոսքը քաղաքական մերկապարի մասին է, թե չէ մեկ էլ տեսար` մերոնք ուղիղ իմաստով հասկացան), որ մեզ բոլորիս հերիք կանի այս ողջ նախընտրական 40 օրը, ու ոչ մի մերկապարուհի ոչ մեկին պետք չի գա: Թարսի պես երեկ առաջին նախանախընտրական «քաղաքական» գոհարներն արդեն շաղ էին տալիս` հավաքող նույնպես կար: Օրինակ` միակ ու անկրկնելի մարքսիստ Դավիթ Հակոբյանը ՀՀԿ ցուցակի մասին ասել էր, թե այնտեղ ով ասես կա` մակաբույծներ (դե, մասնագիտությամբ բժիշկ մարքսիստը պիտի որ լավ իմանա մակաբույծներին), պորտաբույծներ, «հավաքված են բոլորը` ուրացողից մինչեւ շնացող», ու 20 տոկոս ձայն ՀՀԿ-ն հազիվ ունենա, եթե հաղթի էլ` իշխանագողությամբ է հաղթելու: Դեռ ՕԵԿ-ն էլ, ըստ մարքսիստի, խորհրդարան չի անցնի: Եթե ՀՀԿ-ն ձայն նվիրի` այդ դեպքում միայն կանցնի: Բնական է, որ նրան պատասխանեցին, եւ էն էլ ինչ կերպ. Հեղինե Բիշարյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե Դավիթ Հակոբյանը շա՜տ փոքրիկ մարդ է, խոշորացույցով պետք է գտնել նրան, որ իմանանք, թե նրա կարծիքն ինչ արժե, ու նման մարդու քաղաքական դաշտում Բիշարյանը չի ճանաչում, իսկ ՕԵԿ-ի անդամների թիվը 160 հազար է:

Իսկ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում էդ մարքսիստին` «ինչ որ ինքը բարբաջել է` իր երեւակայությունների ժանրից է ուղղակի», քանի որ ըստ Զաքարյանի` ՀՀԿ ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր խղճի, մտքի, մասնագիտական կարողության եւ գործունեության շրջանակներում ամեն ինչ արել է` հասարակությանն ու պետությանը ծառայելու համար եւ այդպես էլ շարունակելու է: ՀՀԿ-ականն ընդհանրապես Դավիթ Հակոբյանին լուրջ չի վերաբերվում, այլ հումորով, ու նրան ուղարկում է հումորային հաղորդումների մասնակցելու ծոցը:

Գոհարների շարքում է նաեւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի` ակումբներից մեկում «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանին ուղղված «հաճոյախոսությունը», թե Անուշ Սեդրակյանի «էշը խռուստալից» է` խիստ քաղաքագիտական ձեւակերպում քաղաքագիտության մասնագետին քաղաքական դաշտի ներկայացուցչի կողմից:

Ի դեպ, երեկ թատրոնի միջազգային օրն էր, ու մեր բարձր պաշտոնյաները ուղերձներ էին հղել թատերական աշխարհին, սակայն եթե նայեիր երեկվա քաղաքական լրահոսը` իրական թատրոնը հենց այնտեղ էր:

Մի քիչ էլ սոցիալական կայքերին հայացք նետելով` ընթերցողին ուրախացնենք, որ փաստորեն ողջ թափով եւ ժամանակից շուտ սկսվել է նախընտրական քարոզչությունը: Facebook-ի հայկական տարածքը պայթում է նախընտրական կռվշտոցներից. կան ե՛ւ լուրջ-լուրջ ընդդիմախոսների պատասխանողներ, ե՛ւ բաժանվող ընտրակաշառքի մասին տեղեկություններ, ե՛ւ սովորական լեզվակռիվ, ե՛ւ սեւ ու պայծառ հումորի չնաշխարհիկ ու տարաշխարհիկ դրսեւորումներ, ե՛ւ միմյանց ջնջել բարեկամների ցանկից: Իմ էջում, եւ հավանաբար ուրիշների էջերում էլ, ամենից ակտիվն էլի «Ժառանգության» ներկայացուցիչներն են:

Մեղք չհամարեք, բայց այս անգամ ուզում եմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` իր ֆեյսբուքյան էջում նախընտրական խրատանին ներկայացնել, որոնք բնականաբար ուղված են ՀՀԿ-ական նախարարի կուսակցական ընդդիմախոսներին. 1. մանդատը չտեսած` մի մերկացիր, 2. 4.9 տոկոս կլինես, 5 տոկոս չես լինի, 3. լեզվին զոռ տալուց հիշիր քաղաքական ճողվածքի մասին, 4. ընտրեք չարյաց փոքրագույնը, 5. գցիր, որ չգցեն, 6. Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ, 7. լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին, 8. մարդ կա, մարդ է, մարդ էլ կա` անցողիկ տեղում է, 9. Նազիկ Ավդալյանի քարը ծանր է, 10. մանդատը վարունգ չէ. կամ կա, կամ չկա:

Սակայն ՖԲ-ցիներից մեկը` Սյուզան Խալաթյանը, Աշոտյանից ավելի սրամիտ խրատանի է առաջարկել. 1. մանդատը գարնանն են հաշվում, 2. մանդատը երկաթով կծեծեն, 3. 7 տոկոս չափիր, 5 տոկոս կտրիր, 4. մանդատը թան չէ, ամեն մարդու բան չէ, 5. մանդատ չունես` գլուխդ քորիր:

Ա. Աշոտյանը, սակայն, համ էլ ՖԲ-ում բողոքել էր, թե իր անուն-ազգանունը «իր համեստ ձգողականությունն եւ հրապուրանքն ունի» երեւի, որ Youtube-ում էժանագին հնարք են արել ու իր անունով տեսանյութերի կեղծ ալիք ստեղծել: Էդ պահին էլ ՖԲ-ում հայտնվեց Անահիտ Բախշյանի հաղորդումը, թե Շենգավիթում, Մանանդյան փողոցում ոմն Արսեն, Այվազ մականունով, 8 հազար դրամ է բաժանում ՀՀԿ-ի անունից, իսկ նույն փողոցում, պանդոկի հարեւանությամբ էլ Վոլոդյա անունով մեկը ԲՀԿ-ի անունից է 13 հազար դրամ բաժանում, ու դա Բախշյանն ասել էր «Պանորամա» կայքի թղթակցին: Բայց այդտեղ մենք պարզապես հոգնեցինք ՖԲ-ից ու դուրս եկանք` աշխատավայրի համար փակելով թատրոնի օրը` քաղաքական:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4