«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՀԱՅԱՍՏԱՆԸ 6 ՄԻԱՎՈՐՈՎ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԸ

Մրցունակության ցուցանիշով զբաղեցնելով 92-րդ տեղը 142 երկրների մեջ

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը երեկ հրապարակեցին Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էր եւ ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա նշեց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարեւորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն ուղղված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահանման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է», ասաց Տիգրան Սարգսյանը:

Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքովՙ հնարավորություն է տալիս համետատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել Հայաստանի ընդհանուր պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաեւ ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:

Համաձայն Ազգային մրցունակության զեկույցի, Հայաստանի մրցունակությունը, որն աստիճանական անկում է գրանցել 2005-ից ի վեր, 2011-ին Հայաստանն զգալիորեն բարելավել է իր դիրքը 2010-ի համեմատ: Հայաստանն 2011-ին զբաղեցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջՙ 2010-ի արդյունքների համեմատ բարելավելով իր դիրքը 6 միավորով: 2008-ից դիտվող անկման միտումների համատեքստում, 2011-ին գրանցվել է 4,6 տոկոս աճի տեմպ: Զեկույցում արձանագրվել է, որ համեմատ այլ երկրներիՙ Հայաստանը համարվում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մեկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնվում է կառավարելիության մակարդակում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4