Հանքավանում ավարտին է մոտենում Երեւանի «Արարատի» վաղամեռիկ հարձակվող Համլետ Մխիթարյանի ֆուտբոլի հուշամրցաշարը, որին մասնակցում են պատանեկան 8 թիմեր: Մասնակիցներից մեկըՙ Դոնեցկի «Մետալուրգը» չժամանեց Հայաստան, ուստի այդ թիմի փոխարեն մրցաշարին մասնակցում է Չարենցավանի «Ադանան»:
Նախնական փուլում մասնակից թիմերը բաժանվել են 2 ենթախմբի: Առաջին ենթախմբում վստահ է հանդես գալիս Կրասնոդարի «Կուբանի» մինչեւ 13 տարեկանների թիմը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին («Ակադեմիա»ՙ 3-0, «Բանանց»ՙ 7-0, «Շիրակ»ՙ 7-0), մտավ եզրափակիչ: Այսօր կայանալիք վճռորոշ խաղում «Կուբանը» գլխավոր մրցանակը կվիճարկի «Փյունիկի» հետ: Փյունիկցիները նույնպես առավելության հասան մրցակիցների նկատմամբՙ պարտության մատնելով «Գանձասարին», «Ադանային» եւ «Միկային»:
Երեկ մրցաշարի մասնակից թիմերի ֆուտբոլիստները ներկա գտնվեցին «Հանրապետականում» կայացած Հայաստան-Ղազախստան խաղին: