«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2012-06-06 | #102, 2012-06-07 | #103, 2012-06-08


ՋՐԱԳՆԴԱԿԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ ԻՐԱՎԻՃԱԿ Է

Ցավալի այդ փաստը հայտնի դարձավ երեկ «Պոստսկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որին ներկա էին ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Կարեն Գյունաշյանը եւ միջազգային մրցավար Ռուբեն Եսայանը :

Ապրիլի 22-ին ջրագնդակի ֆեդերացիայի արտահերթ նիստում այդ կազմակերպության նոր նախագահ ընտրված Կարեն Գյունաշյանն իր դժգոհությունն արտահայտեց նախկին նախագահ Գագիկ Հովհաննիսյանից, նշելով, որ վերջինս խեղաթյուրել է հայկական ջրագնդակի պատմությունը, ինչպես նաեւ հրաժարվում է իրեն հանձնել ֆեդերացիայի կնիքն ու փաստաթղթերը:

Նա նշեց, որ ըստ նախկին նախագահի, հայկական ջրագնդակի հիմնադիրը Բորիս Մարգարովն էՙ մոռանալով մարզաձեւի իսկական երախտավորներին, որոնք մեծ ներդրում են ունեցել ջրագնդակը Հայաստանում արմատավորելու եւ զարգացնելու գործում: Նրանց թվում են Սարգիս Քոչարյանը, Ալբերտ Կոստանյանը, Յուրա Դավթյանը եւ այլ արժանավորներ:

Նախկին ջրագնդորդը տեղեկացրեց, որ տարբեր երկրներից հրավերներ են ստացել մրցաշարերի մասնակցելու համար, սակայն կնիքի բացակայության պատճառով հնարավոր չէ մրցումների մեկնել: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ստիպված կլինի կնիքի վերադարձման հարցով դիմել պետռեգիստր: Կարեն Գյունաշյանը նաեւ նշեց, որ կան ջրագնդակը Հայաստանում կենդանացնելու ծրագրեր, սակայն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն: Հայաստանում ընդամենը մի քանի թիմ է գործում, առայժմ առաջնություն չի անցկացվում:

Ժամանակին ջրագնդակը բավականին լավ հիմքերի վրա էր Հայաստանում: Երեւանի «Դինամոն» մասնակցում էր ԽՍՀՄ 1-ին խմբի առաջնությանը, Հայաստանում մի շարք թիմեր էին գործում, որոնք վիճարկում էին հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Մեր անվանի ջրագնդորդներից մի քանիսն էլ հանդես են եկել ԽՍՀՄ տարբեր հավաքականներում: Այսօր վիճակը լրիվ այլ է: Մարզաձեւի ֆեդերացիան, որը պետք է զբաղվի ջրագնդակի զարգացմամբ, հայտնվել է մի այնպիսի խառնաշփոթ իրավիճակում, որ գլուխ չես հանում, թե ով է իրական նախագահը: Կարծում ենք, որ այս հարցում իրենց վճռորոշ խոսքը պետք է ասեն սպորտնախարարությունն ու ՀԱՕԿ-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4