«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2012-06-06 | #102, 2012-06-07 | #103, 2012-06-08


ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Վարշավայում կայանալիք Լեհաստան-Հունաստան մրցախաղով կտրվի ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնության մեկնարկը: Այդ հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 20-ին եւ կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Իսկ ժամը 22.45-ին Լեհաստանի մեկ այլ քաղաքումՙ Վրոցլավում մրցավեճի կբռնվեն ռուսներն ու չեխերը:

24 օր շարունակ Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության հանդիպումները կգտնվեն ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում: Պատվավոր մրցանակի համար պայքարի դուրս կգան 16 ուժեղագույն հավաքականները, որոնք նախնական փուլում բաժանվել են 4 խմբի: 1-ին խումբը կազմել են Լեհաստանի, Հունաստանի, Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները: Բավականին ուժեղ հավաքականներ են ընդգրկված 2-րդ խմբում. Հոլանդիա, Դանիա, Գերմանիա, Պորտուգալիա:

Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիների մրցակիցները 3-րդ խմբում Իտալիայի, Իռլանդիայի եւ Խորվաթիայի հավաքականներն են: 4-րդ խմբում մրցավեճի կբռնվեն Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի ընտրանիները: Խմբերում լավագույն արդյունքի հասած 2-ական հավաքականները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում, որտեղ 1-ին խմբի հաղթողը կմրցի 2-րդ խմբում 2-րդ տեղը գրաված հավաքականի հետ, իսկ 2-րդ խմբի հաղթողի մրցակիցը կլինի 1-ին խմբում 2-րդը ճանաչված ընտրանին: Նույնպիսի սկզբունքով կկազմվեն նաեւ քառորդ եզրափակիչի մյուս 2 զույգերը 3-րդ եւ 4-րդ խմբերից: Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում:

Եվրոպայի առաջնություններն անցկացվում են 1960-ից 4 տարին մեկ: Առաջին չեմպիոնը ԽՍՀՄ հավաքականն է: Առավել հաճախՙ 3 անգամ չեմպիոն են հռչակվել գերմանացիները (1972, 1980, 1996-ին), 2-ական անգամ հաջողությունն ուղեկցել է իսպանացիներին (1964, 2008-ին) եւ ֆրանսիացիներին (1984, 2000-ին): Մեկական անգամ Եվրոպայում լավագույնն են ճանաչվել Իտալիայի (1968), Չեխոսլովակիայի (1976), Հոլանդիայի (1988), Դանիայի (1992) եւ Հունաստանի (2004) հավաքականները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4