«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2012-06-08 | #104, 2012-06-09 | #105, 2012-06-12


ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Բուլղարիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի վերջին 3 տուրերում անհաջող խաղաց միանձնյա առաջատար Տիգրան Պետրոսյանըՙ զիջելով դիրքերը: Մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տոնած հայ շախմատիստը 5-7-րդ տուրերում ընդամենը 1 միավոր վաստակեց: 5-րդ տուրում նրա հաղթարշավը կասեցրեց Էրվին Լ՛Ամինՙ պարտիան ավարտելով ոչ-ոքի: 6-րդ տուրում Պետրոսյանն առաջին պարտությունը կրեցՙ սեւերով զիջելով Շանգլեյ Լուին: Հաջորդ պարտիայում նա հաշտություն կնքեց Կրասիմիր Ռուսեւի հետ: Պետրոսյանը 7 տուրից հետո 5 միավորով ընթանում է 12-րդ տեղում:

Հայ շախմատիստներից այժմ լավագույն արդյունքն ունի Հրանտ Մելքումյանը, որը 5,5 միավորով 9-րդ տեղում է: Նա գերազանց խաղաց վերջին 3 տուրերումՙ հաջորդաբար հաղթելով Խամպարիա Ակշատին, Դեշուն Քսիուին եւ Թամիր Նաբատուին: Հայ շախմատիստը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Լեւենտե Վայդայից, Շանգլեյ Լուից, Հանս Տիկանենից, Շիլոնգ Լիից եւ Ալեքսանդր Իպատովից:

5-ական միավոր են վաստակել Կարեն եւ Ավետիք Գրիգորյանները, Վլադիմիր Հակոբյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Հրայր Սիմոնյանն ունի 4,5 միավոր, Հովհաննես Գաբուզյանն ու Վլադիմիր Պողոսյանը վաստակել են 4-ական միավոր: Նրանց կես միավոր է զիջում Վահե Բաղդասարյանը, իսկ Նելլի Աղինյանն ունի 3 միավոր:

8-րդ տուրում Մելքումյանը սպիտակներով կմրցի Դրագան Սոլակի հետ: Պետրոսյանի մրցակիցը կլինի Կարեն Գրիգորյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4