«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2012-06-09 | #105, 2012-06-12 | #106, 2012-06-13


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՀԱՂԹԵՑ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբում ընդգրկված հավաքականներից միայն Հայաստանի հավաքականին չէր հաջողվել խոշոր հաշվով հաղթել խմբի բացահայտ հետնապահ Անդորրայի ընտրանուն: Եվ ահա երեկ մեր ֆուտբոլիստներն այդ բացը լրացրեցինՙ հաղթելով 4-1 հաշվով: Հիշեցնենք, որ երբ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ հավաքականի գլխավոր մարզչին հարց էինք ուղղել հնարավոր խոշոր հաշվի վերաբերյալ, նա նշել էր, որ կարեւորը մրցակցին հաղթելն է, թեկուզ 1-0 հաշվով, սակայն գեղեցիկ խաղ ցուցադրելով:

Կարելի է փաստել, որ խոշոր հաշվով հաղթելը ստացվեց, իսկ ահա գեղեցիկ խաղի ականատես չդարձանք: Մեր ֆուտբոլիստները բազում գոլային պահեր ստեղծեցին, սակայն անչափ նպաստավոր դիրքերից վրիպեցին: Այլապես կարող էին կրկնակի շատ գոլեր խփել:

Գովելի է իհարկե, որ մերոնց հաջողվեց արդեն 4-րդ րոպեին բացել հաշիվը: Արտակ Եդիգարյանի տուգանային հարվածից հետո գնդակը հետ մղվեց ձողից ու վրա հասած Հովհաննես Հովհաննիսյանը բացեց հաշիվը:

Հյուրերը, որ գրեթե ողջ թիմով պաշտպանվում էին, նաեւ երբեմն դիմում էին հակագրոհների: Դրանցից մեկի ժամանակ էլ տուգանայինի խաղարկումից հետո Ադամ Սմիթը վերականգնեց հավասարակշռությունը: Լավ էր, որ ընդամենը 3 րոպե անց Տարոն Ոսկանյանը կրկին առաջ մղեց ՀՀ հավաքականին: Իսկ ընդմիջումից հետո Արտակ Եդիգարյանն ու Կամո Հովհաննիսյանը հաշիվը դարձրին 4-1:

Հաղթանակն իհարկե ուրախալի է, սակայն հավաքականի ցուցադրած խաղի որակը չգոհացրեց: Ավելի ուժեղ հավաքականների հետ մրցավեճում նման խաղով հաղթելը դժվար կլինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4