«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2012-06-14 | #108, 2012-06-15 | #109, 2012-06-16


ԷԴԳԱՐ ՄԱԼԱՔՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ ՊԼԶԵՆԻ «ՎԻԿՏՈՐԻԱՅՈՒՄ»

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանն այս օրերին գտնվում է Չեխիայում, որտեղ փորձաշրջան է անցնում Պլզենի «Վիկտորիայում»: Ակումբի պաշտոնական կայքում թիմի սեփականատեր Թոմաս Պացլիկը նշել է, որ փոխարինող են փնտրում Վացլավ Պիլարժին, որը տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: Նա նաեւ նշել է, որ «Փյունիկի» հետ վաղուց պայմանավորվածություն կար փորձարկելու Մալաքյանին «Վիկտորիայում»:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մրցել էր Պլզենի «Վիկտորիայի» հետ ու 2 խաղերում էլ պարտվել էր ընդհանուր 1-9 հաշվով: «Փյունիկից» միակ գոլի հեղինակ էր դարձել հենց Էդգար Մալաքյանը: Թիմի մարզիչներն այն ժամանակ հավանել էին Էդգարի խաղը եւ պարբերաբար հետեւել էին հայ ֆուտբոլիստի ելույթներին: Նշենք, որ Մալաքյանն աչքի էր ընկել նաեւ անցյալ տարվա սեպտեմբերին կայացած Չեխիայի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականների մրցավեճում (1-1):

«Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Պավել Վրբան նշել է, որ շատ լավ տպավորություն է ստացել Մալաքյանի խաղից, որը հանդես է գալիս այն դիրքում, որտեղ խաղում էր Վացլավ Պիլարժը: Նա հույս է հայտնել, որ հայ ֆուտբոլիստը թիմում իրեն լավ կդրսեւորի:

Էդգար Մալաքյանն արդեն հասցրել է առաջին հարցազրույցը տալ ակումբի պաշտոնական կայքին: Նա նշել է, որ «Վիկտորիայում» հանդես գալն իր համար շատ լավ հնարավորություն է դրսեւորելու խաղային ունակությունները: Այն նաեւ մարտահրավեր է Էդգարի համար, որը ցանկանում է ապացուցել, որ կարող է լավ ֆուտբոլ ցուցադրել: Բացառված չէ, որ Էդգարն արդեն այսօր թիմի կազմում մասնակցի «Դոմաժլիցեի» հետ ընկերական խաղին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4