«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2012-06-16 | #110, 2012-06-19 | #111, 2012-06-20


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Կազանում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ փուլի մրցաշարում պարզապես հիանալի խաղ է ցուցադրում Էլինա Դանիելյանըՙ վստահ հաղթանակներ տոնելով մրցակցուհիների նկատմամբ: 8-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով պարտության մատնեց Կատերինա Լահնոյին եւ վաստակելով 6 միավոր, շարունակեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Նրան կրնկակոխ հետապնդում է Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկը, որի համար եւս 8-րդ տուրը հաղթական էր: Աննան առավելության հասավ մրցաշարի հետնապահներից մեկիՙ Ալիսա Գալյամովայի նկատմամբ ու վաստակեց 5,5 միավոր: 5-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Համպի Կոներուն եւ Վիկտորիա Չմիլիտեն: Կոներուն հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտուանետա Ստեֆանովային, իսկ Չմիլիտեն հաշտություն կնքեց Տատյանա Կոսինցեւայի հետ:

Աստիճանաբար մրցաշարային վիճակը բարելավում է աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը հաղթելով Ալեքսանդրա Կոստենյուկին, վաստակեց 4,5 միավոր ու Լահնոյի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է թուրք Բեթուլ Յիլդիզը, որը հաշտություն կնքեց Նադեժդա Կոսինցեւայի հետ:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի 3,5 միավոր ունեցող Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: Հաջորդ տուրում Էլինայի մրցակցուհին կլինի 2 միավորով նախավերջին տեղում ընթացող Ալիսա Գալյամովան: Իսկ մրցաշարը Դանիելյանը կավարտի աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանի հետ մրցավեճով, որն էլ կարծում ենք, վճռորոշ կլինի 1-ին տեղի համար մղվող պայքարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4