«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2012-06-16 | #110, 2012-06-19 | #111, 2012-06-20


ԱՐՈՆՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ԿԱՌԼՍԵՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Մոսկվայում վերջնագիծը հատեց Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը: Ավարտական տուրից առաջ մրցաշարում բավականին հետաքրքրական իրավիճակ էր ստեղծվել: Շատերի համար անսպասելի աղյուսակը 5 միավորով գլխավորում էր իտալացի Ֆաբիանո Կարուանան, 4,5-ական միավորով նրան հետապնդում էին Թեյմուր Ռաջաբովն ու Մագնուս Կառլսենը:

9-րդ տուրում Կարուանան սեւերով խաղում էր Լեւոն Արոնյանի հետ, որն արդեն կորցրել էր գլխավոր մրցանակին տիրելու հնարավորությունը: Սակայն Լեւոնը մարտականորեն էր տրամադրված եւ հաղթելով Կարուանային, օգնեց Մագնուս Կառլսենին շահելու 1-ին մրցանակը: Կառլսենը սեւերով պարտության մատնեց անգլիացի Լյուկ Մակշեյնին ու վաստակելով 5,5 միավոր, շրջանցեց Կարուանային: Նորվեգացի գրոսմայստերը կպարգեւատրվի 30 հազար եվրոյով: Լեւոն Արոնյանը 4,5 միավորով Ալեքսանդր Մորոզեւիչի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց 4-7-րդ տեղերը ու արժանացավ 7 հազար եվրո պարգեւավճարի:

Թեյմուր Ռաջաբովը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ եւ Ֆաբիանո Կարուանայի հետ 5 միավորով բաժանեց 2-3-րդ տեղերը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 17,5 հազար եվրո: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Տոմաշեւսկի-Գրիշչուկ, Կրամնիկ-Մորոզեւիչ պարտիաները: Նակամուրան ու Մակշեյնը 4-ական միավորով բաժանեցին 8-9-րդ տեղերը, իսկ Եվգենի Տոմաշեւսկին 3,5 միավորով եզրափակեց աղյուսակը: Նա բոլորից քիչՙ 1500 եվրո պարգեւավճար կստանա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4