«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2012-07-11 | #125, 2012-07-12 | #126, 2012-07-13


ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՆՈՐԱՁԵՎ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Հայ կանանց մեծամասնությունը հետեւում է այս «նորաձեւությանը»

Լոս Անջելեսում հայ կանանց մեծամասնությունը նախընտրում է կեսարյան հատումով ծննդաբերությունը: Եվ ոչ թե բժիշկների ցուցումով, այլ սեփական կամոք: Այսպիսի իրողություն է նշում ամերիկյան «Հայք» առողջապահական նախագծի համահիմնադիր, բժշկական մարդաբան Աստղիկ Վարդանյանը: Այս առթիվ հստակ վիճակագրություն չկա, բայց մարդաբանը հենվում է վերջին տարիների սեփական դիտարկումների ու հետազոտությունների վրա: Ասենք, որ 2005-ին ստեղծված «Հայք» նախագիծը զբաղվում է Լոս Անջելեսի հայ համայնքի կանանց եւ երեխաների առողջության հարցերով: Նախագիծը կարեւոր առաքելություն է իրականացնում հատկապես բնական ծննդաբերությունը քարոզելու հարցում` սեմինարների, անմիջական խորհրդատվություների միջոցով:

Որքան էլ զարմանալի թվա, բայց ըստ Save the children հանրահայտ կազմակերպության օրերս հրապարակած տվյալների, աշխարհի զարգացած երկրների շարքում Ամերիկան մայրական եւ մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունի: Եվ դա այն դեպքում, երբ այս երկիրն ամենախոշոր ֆինանսներն է ներդնում այս ոլորտում: Իրենքՙ ամերիկացիները այս իրողությունը փորձում են բացատրել այն հանգամանքով, որ աղքատ, ցածր եկամտով եւ ոչ բարձր կրթական մակարդակով շերտը բավական անլուրջ է վերաբերվում իր առողջության հետ կապված հարցերին: Երկրորդ կարեւոր պատճառը համարվում է լայն տարածում ստացած գիրությունը, եւ որպես հետեւանք` շաքարախտի, բարձր ճնշման առկայությունը ամերիկացի կանանց շրջանում:

Աստղիկ Վարդանյանի համոզմամբՙ վճռորոշն այս խնդիրները չեն, այլ այն իրողությունը, որ ամերիկյան հիվանդանոցներում չարաշահվում են բարձր տեխնոլոգիական միջամտությունները ծննդաբերությունների ընթացքում: Կեսարյան հատում պետք է կիրառել միայն բարձր ռիսկով հղիության պարագայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներովՙ բարձր ռիսկով հղիությյամբ կանանց թիվը չպետք է գերազանցի հղի կանանց ընդհանուր թվի առավելագույնը 10-15 տոկոսը (համեմատաբար նիհար կանանցով երկրների համար այդ ցուցանիշը շատ ավելի ցածր է): Ամերիկայում կանանց 35 տոկոսը կեսարյան հատումներով է ունենում իր զավակներին: Որոշ նահանգներում այդ թիվը հասնում է նույնիսկ 50 տոկոսի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս կոչ է արել Ամերիկայինՙ վերադառնալ բնական ծննդաբերությունների ավանդույթին:

Հայտնի է, որ քայլելը, շարժվելը կարեւորվում են հատկապես հղիության վերջին օրը` այդ միջոցով նպաստելով երեխայի բարեհաջող գալստյանը: Սակայն Գլենդեյլի հայաշատ հիվանդանոցներում հայտնված հղի կանայք հիվանդանոց ոտք դնելուն պես հայտնվում են սկզբում սայլակի վրա, ապա անկողնում: Այդպիսին են հիվանդանոցի պահանջները, որոնք, ցավոք, արվում են ոչ թե բժշկական նկատառումներով, այլ հղի կնոջ անվտանգությունն ապահովելու եւ հիվանդանոցին` դատական ատյաններում հայտնվելու հեռահար հավանականությունից ազատելու համար: Անցանկալի են նաեւ ծննդաբերությունն արագացնելու նպատակով կնոջը տրվող դեղերը, ինչպես օրինակ` պիտոցինը: Այն առաջացնում է հսկայական ուժի արհեստական կծկումներ եւ դաժան ցավեր: Ցավերը մեղմացնելու համար ցավազրկող են սրսկում: Արդյունքը հաճախ լինում է այս պարագայում ամենեւին անցանկալի անզգայացումը: Եվ նման կարգի արհեստական միջամտությունները սովորաբար ավարտվում են կեսարյան հատումներով, որոնք կիրառելու անհրաժեշտությունը կարծես թե նույնպես արհեստականորեն է ստեղծվում եւ մեծ գումարներ ապահովում հիվանդանոցների համար:

Աստղիկ Վարդանյանն ընդգծում է, որ ոչ տեղին կեսարյան հատումները վտանգում են ոչ միայն տվյալ ծննդաբերության նորմալ ընթացքը, այլեւ ապագա ծննդաբերություններինը նույնպես: Դրանք լուրջ խնդիրներ կարող են առաջացնել պտղի զարգացման համար, քանի որ կնոջ օրգանիզմում արդեն իսկ խախտվել են բնական գործընթացները: Ըստ եվրոպական հետազոտություններիՙ կեսարյան հատումները մինչեւ 10-12 անգամ բարձրացնում են մայրական մահացությունների ցուցանիշն ու հավանականությունը: Ցավոք, «Հայ կանայք եւս բնական ծննդաբերությունն իրենց համար պատիժ են դիտարկում եւ հաճույքով ընդառաջ են գնում բարձր տեխնոլոգիաներին: Կամավոր կեսարյան հատումները նորաձեւություն են դարձել, ամերիկյան համընդհանուր միտում»:

Աստղիկ Վարդանյանի համոզմամբՙ պետք է նկատի առնել բնական ծննդաբերությունների մի շահեկան արժանիք եւս. բնական ծննդաբերության ժամանակ առաջանում են մեծաքանակ հորմոններ, որոնք կյանքի որեւէ այլ պարագայում չեն առաջանում, ինչպես` սիրո եւ հոգատարության հորմոնը, որ հետագայում արտահայտվում է ոչ միայն երեխայի նկատմամբ, այլեւ կնոջ ընդհանուր վարքագծում: Բնական ծննդաբերությունը նույնիսկ հոռետես ու աշխարհի հանդեպ դառնությամբ լեցուն կնոջը բարի է դարձնում:

ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4