«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

http://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2012-09-28 | #170, 2012-09-29 | #171, 2012-10-02


ԱԶԱՏԵՔ ՄԵԶ ԱՅԴ ԱՐԱՏԱՎՈՐ «ՂԵԿԱՎԱՐԻՑ»

Երկրի նախագահին բաց նամակում խնդրում են սննդամթերքի անվտանգության ծառայության Գյումրիի կենտրոնի աշխատակիցները

Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին եւ դեռես գործող աշխատակիցներս դիմում ենք Ձեզ, պարոն նախագահ, Ձեր ուշադրությունը հրավիրելով ծառայության Գյումրիի կենտրոնում ստեղծված իրավիճակի վրա:

Երբ ծառայության պետ նշանակվեց Աբրամ Բախչագուլյանը, Գյումրիի կենտրոնում նույնպես տեղի ունեցավ այն, ինչ ծառայության մյուս ստորաբաժանումներում: Մասնավորապես հեռացվեցին կամ ազատման դիմում գրելու պարտադրանքի առաջեւ կանգնեցին մասնագետները: Նրանց փոխարինեցին մարդիկ Բախչագուլյանի շրջապատից, որոնք մարդու առողջության եւ կյանքի համար այս կարեւորագույն ոլորտի մասնագետներ չեն:

Սակայն նախ 2010-ին վերացվեց Գյումրու կենտրոնի պետի հաստիքը, ապա սույն թվականի հունվարին վերականգնվեց` Բախչագուլյանը կենտրոնի պետ նշանակեց իր համախոհ Համբարձում Մաթեւոսյանին, որը սկսեց ահաբեկել եւ հետապնդել, որպեսզի ազատվի գիտակ մարդկանցից: Նշանակվելով այս պաշտոնում, նա անմիջապես գործի անցավ` սեփական բիզնեսների համար բարենպաստ դաշտ ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, մթերային խանութների սեփականատերերից Համբարձում Մաթեւոսյանը պահանջել է իրացնել միայն իր թռչնանոցի արտադրած ձուն եւ հացի արտադրամասի հացամթերքը: Նրա որդին ծառայությանը պատկանող պետական մեքենայով` դեղին «Նիվա», սեփական ապրանքը հասցնում է առեւտրի կետերին: Ծառայության Գյումրիի կենտրոնի տնօրենը մի քանի օր առաջ ստեղծել է «Փորձաքննություն» ՍՊԸ-ն, ոմն Յուրա Գրիգորյանի անվան տակ, որը չունի ոչ գործունեության լիցենզիա, ոչ լաբորատորիա, բայց տալիս է փորձագիտական եզրակացության մսի վաճառքի թույլտվությունը: Մինչ այդ նման եզրակացություն կարող էր տալ «Դոսի» ՍՊԸ-ն, որը ուներ եւ լիցենզիա, եւ լաբորատորիա, որին փաստորեն թույլ չտրվեց շարունակել գործունեությունը: Մաթեւոսյանի կամակատար Գնել Մանուկյանը, ահաբեկելով տնտեսվարողներին, ստիպում է պայմանագիր կնքել միայն «Փորձաքննություն» ՍՊԸ-ի հետ:

Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա կենտրոնի նախկին պետմասնագիտությամբ կենսաքիմիկոս եւ անասնաբույժ-փորձագետ գլխավոր մասնագետ-տեսուչ Անուշ Մնացականյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու հրահանգ էր տրվել այն դեպքում, երբ վերջինս ավելի քան 1,5 ամիս բյուլետենի մեջ գտնվելուց հետո եկել էր աշխատանքի: Անուշ Մնացականյանը, չդիմանալով անառողջ մթնոլորտին եւ հոգեբանական ճնշումներին, աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Ծառայողական քննություն սկսելու մեկ այլ հրահանգ էլ Համբարձում Մաթեւոսյանը տվել է վիրահատվելուց հետո նոր աշխատանքի եկած մեկ այլ գլխավոր մասնագետ-տեսուչի` Իվետա Չարխիֆալաքյանի նկատմամբ:

Շիրակի մարզի հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Վարդան Պապոյանն արդեն հասցրել է խիստ նկատողություն ստանալ, ինչը նրանից ազատվելու Մաթեւոսյանի մտադրության մասին է վկայում: Քանի որ նրա տեղը ուզում է խցկել իր մտերիմ Աղաբեկ Սարգսյանին: Նույնպիսի հետապնդումներ են կատարվում նաեւ անասնաբույժ Լեւոն Գեւորգյանի նկատմամբ: Ի դեպ, Մաթեւոսյանի նկարագիրը հայտնի է Ախուրյանի շրջխորհրդում աշխատած ժամանակ:

Պրն նախագահ, ներկայացնելով այս փաստերը, խնդրում ենք Ձեզ Շիրակի մարզի բնակչությանը եւ կենտրոնի աշխատակիցներին ազատել այդ արատավոր «ղեկավարից»:

Դիմում ենք հույսով`

Անուշ Մնացականյան,
Իվետա Չարխիֆալաքյան,
Վարդան Պապոյան,
Լեւոն Գեւորգյան (ստորագրություններ)

Խմբ. կողմից - Ի դեպ, սննդամթերքի անվտանգության ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանի գործունեության եւ այս կառույցում ստեղծված մթնոլորտի մասին անդրադարձել ենք մեր թերթի սեպտեմբերի 19-ի համարում` «Սննդամթերքի անվտանգություն` ում է վստահված մեր առողջությունը» հրապարակման մեջ: Ինչին ի պատասխան, մեր թերթի կայքում ինչ-որ անգրագետ մեզ մեղադրեց «ստահոտ» տեղեկություններ հաղորդելու մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4