RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2402, Տպվել է` 127, Ուղարկվել է էլ.փոստով` 89

«+ԿԻՆՈՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

ՄԱՐԻԱ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Լույս է տեսել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Հայաստանի մշակույթի նախարարության «+Կինո» ամսագրի հերթական համարը: Պարբերականը բացվում է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին նվիրված հոդվածներով,որտեղ արժեվորվում է մեծ դերասանուհու թողած մշակութային ժառանգությունըՙ եւ կինոյի,եւ թատրոնի բնագավառում: Խմբագրական հոդվածում ասվում է. «Գալյա Նովենցի կերպավորած դերերը մեր կինոյի պատմության մեջ կմնան, ինչպես Հասմիկի մարմնավորած հերոսները: Նա հայկական կինոյի հրաշալի շրջանի նորագույն Հասմիկն էր»:

Անմոռաց հանդիպումներ շարքում ամսագիրը շարունակաբար տպագրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուշերն ու հիշողությունները: Այս անգամ այն նվիրված է Խորհրդային երկրի պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին: Նա մասնավորապես գրում է. «Ես հիմա Անաստաս Միկոյանի հուշերն եմ կարդում: Էտ ինչ տիտանական աշխատանք է կատարել Անաստաս Միկոյանը, չնայած կոմունիստ է եղել, բայց զօր ու գիշեր աշխատել է, տառապել է, որ իր երկիրը երկիր դառնա: Անաստաս Միկոյանը սովորական ղեկավար ու անհատ չէր, նրան կարելի է համեմատել Չերչիլի, Ռուզվելտի, Քենեդիի հետ: Կարիբյան ծովի ճգնաժամի ընթացքում Միկոյանը մոլորակը փրկեց երրորդ համաշխարհային պատերազմից»:

Պարբերականի հաջորդ էջը բացվում է Գարեգին Նժդեհի «Բաց նամակներ հայ մտավորականությանը» վերնագրված նյութով: Ուշագրավ են մեծ զորավարի ու պետական գործչի նամակներից առանձնացված քաղվածքները.

«...Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտավորականի թիկունքին (...) Ոչ թե ռուսամետ ու եվրոպամետ, այլ ում ընտրելՙ բարեկամ կամ զինակից (...) Միեւնույն ժողովրդի ծոցի մեջ մերձավորին փշրանք նետելը հռչակվեց բարեգործություն (...) Ինքնապաշտպանությունը- ահա՛ մեր նոր կրոնը...»:

Այս համարում «+Կինոյի» հյուրն է Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, որին ներկայացնող «Մեր թատրոնը միշտ ձգտել է Շեքսպիրին» հոդվածը ընթերցվում է հետաքրքրությամբ:

Ամսագիրը պարբերաբար անդրադառնում է նաեւ մայրենի լեզվին: «Ճիշտ խոսենք եւ անաղարտ պահենք մեր մայրենին» հոդվածում բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը գրում է. «Անառարկելի ճշմարտություն է, որ լեզուն նաեւ ազգապահպանման հզոր գործոն է.ազգը գոյություն ունի առաջին հերթին իր մայրենի լեզվով: Լեզուն նաեւ ազգի հոգեբանությունն է ու նրա մշակույթը»: Մեջբերելով Հովհ. Թումանյանի լեզվի մասին խոսքը, ընդգծում է. «Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին»

«Ես եմ» կինոփառատոնը մեզանում կարեւոր դեր ու նշանակություն ունի, առաջին հերթին նրանով,որ այն բացառապես երիտասարդական է եւ ներկայացվող հեղինակների տարիքը չի անցնում երեսունից: 7-րդ միջազգայինի մասին է պատմում հրապարակված նյութը:

«Կարոտել եմ Հայֆիլմի միկրոմթնոլորտին» վերնագրված հոդվածում ներկայացված է 70 խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական եւ մուտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ կոմպոզիոտոր Յուրի Հարությունյանի ստեղծագործական կենսագրությանը:

Հայաստանում եւ ԱՄՆ-ում ստեղծագործող Շաքե Թուխմանյանին է անդրադարձել «Երազանքներս իրականություն են դարձել» հարցազրույցը: Հաջորդ էջը բացվում է հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկիՙ Գալուստ Հալաջյանի դիմանկարով: Ամսագրում հետաքրքրական լուսանկարչական գործեր է ներկայացրել հանուրին հայտնի Սամվել Սեւադան: «Այդ չքնաղ ու տաղանդաշատ հայուհին» վերնագրով դիմանկար-էսքիզը ներկայացնում է թատերագետ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Լուիզա Սամվելյանին: Հոդվածագիրը մասնավորապես գրում է. «Լուիզա Սամվելյանը մահացավ 1998-ին: Մութ ու ցուրտ դժգույն տարիները հոգեմաշ էին արել 20-րդ դարի այդ չքնաղ ու տաղանդաշատ հայուհուն»: Ինչ նոր խաղարկային ու վավերագրական ֆիլմեր են նկարահանվում Հայաստանումՙ այդ հարցի պատասխանն է ներկայացվում Խաղարկային եւ Վավերագրական էկրան բաժիններում:

«Եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար», Յոհաննես Լեփսուսի այս խոսքերով է սկսվում հայ ժողովրդի մեծ բարեկամ գերմանացի արեւելագետ, հայկական ցեղասպանության նշանավոր գիտակին նվիրված հոդվածը, որի ձեւավորումն արված է ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գործերով:

«Լույս է տեսել» բաժնում ներկայացված է ՀՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Իսրայելյանին նվիրված գիրքը: Իսկ «Կինոգերդաստաններ» խորագրով էջում այս անգամ տեղ է գտել հայկական կինովավերագրողներ Գուրգեն եւ Ռոբերտ Բալասանյանների գործունեությունը: Ի դեպ, Գ.Բալասանյանի հեղինակած «Թանկագին կադրեր» նյութը անդրադառնում է Վիլյամ Սարոյանիՙ Սովետական Հայաստանում գտնվելու տարիների իր նկարահանումներին:

Ինչպես միշտ հետաքրքրական են «Մի լուսանկարի պատմություն», «Ֆիլմ» թերթի էջերից», «Ցուցադրվում է էկրաններին», «Թեմաներ ֆիլմերի համար» խորագրերի ներքո հրապարակված նյութերը:

«+Կինո» ամսագրի հերթական համարը կարող եք ձեռք բերել մամուլի կրպակներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ