RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3212, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 111

ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱԼԿՈՀՈԼԸ ՉԳԻՐԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Պատրաստեց ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Մարդիկ, որոնք հետեւում են իրենց մարմնի քաշին, պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն, թե որքան ալկոհոլ են օգտագործում, քանի որ ալկոհոլը եւս պարունակում է կալորիականություն, ինչի միջոցով գիրության հասնելը դժվար չէ:

Ալկոհոլային խմիչքների կալորիականությանն անդրադարձել է BBC-ն, ըստ որի կանոնավոր կերպով չափազանց շատ կալորիաների օգտագործումը` լինի սննդի, թե ալկոհոլային խմիչքների միջոցով, կարող է հանգեցնել քաշի ավելացման: Հաշվի առնենք, որ ալկոհոլային խմիչքները, ի տարբերություն սննդի, ունեն շատ ցածր սննդային արժեք կամ էլ սննդային արժեք ընդհանրապես չունեն:

Համաձայն Քաղցկեղի հետազոտման միջազգային հիմնադրամի (WCRF)` անընդհատ ալկոհոլ օգտագործողների մեջ օրգանիզմում ընդհանուր կալորիաների շուրջ 10 տոկոսը ստացվում է ալկոհոլից: Օրինակ` մի մեծ բաժակով գինի խմելը համազոր է շոկոլադե 2 կտոր բիսքվիտ ուտելուն. երկու դեպքում էլ օրգանիզմը ստանում է 178 կալորիա, որոնք ծախսելու համար պահանջվում է արագ քայլել ավելի քան կես ժամ:

WCRF-ը նշում է, որ նիհարելու համար դիետա պահողները հաճախ անտեսում են ալկոհոլային խմիչքներում առկա կալորիաները կամ մոռանում դրանց մասին: WCRF-ում Առողջապահական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Քեյթ Մենդոզան նույնիսկ նշում է, որ շատերն անգամ անտեղյակ են ալկոհոլային խմիչքներում պարունակվող կալորիաների մասին:

1 գրամում ալկոհոլը պարունակում է 7 կիլոկալորիա եւ իր կալորիաներով քիչ է զիջում ճարպերին, որոնց մի գրամում կա 9 կիլոկալորիա: Ի դեպ, պրոտեինը (պարզ սպիտակուցային նյութ) եւ ածխաջրերը մեկ գրամում պարունակում են 4 կիլոկալորիա:

BBC-ի փոխանցմամբ` տղամարդիկ կարիք ունեն օրական շուրջ 2500 կալորիայի, կանայք` շուրջ 2000 կալորիայի:

Քեյթ Մենդոզան ընդգծում է, որ ալկոհոլի կիրառումը նվազեցնելով` կարելի է հասնել մեծ ազդեցության քաշի կորստի կամ առողջարար քաշի պահպանման գործում: Վերջինս հավելում է, որ ալկոհոլի կրճատումը նաեւ կարող է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ալկոհոլի հետ են կապվում նաեւ կրծքագեղձի, աղիների, բերանի խոռոչի ու լյարդի քաղցկեղի դեպքերը:

Մասնագետները խորհուրդ են տալիս մի շարք ձեւեր, որոնք կօգնեն կրճատելու ալկոհոլի կիրառումը նրանց համար, ովքեր չեն ուզում իրենց ամբողջովին զրկել ալկոհոլից: Այդ ձեւերից են ալկոհոլին սոդայաջուր կամ ցածր կալորիականությամբ ոչ ալկոհոլային խմիչքներ խառնելը, բաժակներն ավելի փոքր բաժակներով փոխարինելը, յուրաքանչյուր շաբաթվա մեջ մի քանի գիշեր ալկոհոլից զերծ մնալը եւ այլն: Նույնիսկ Անգլիայի կառավարության հրահանգներում ասվում է` լավ կլինի, որ տղամարդիկ օրական 3-4 միավորից ավելի ալկոհոլային խմիչքներ չօգտագործեն, իսկ կանայք սահմանափակվեն օրական 2-3 միավորով (ըստ ընդունված չափանիշի, օրինակ, գինու 175 միլիլիտր տարողությամբ բաժակը կազմում է շուրջ 2 միավոր, իսկ ավելի մեծ` 250 միլիլիտր տարողությամբ բաժակը` շուրջ 3 միավոր):

Իսկ WCRF-ը հաշվարկել եւ իր կայքում (wcrf-uk.org) տեղադրել է տարբեր խմիչքների մեջ ալկոհոլի կալորիականությունը հաշվող աղյուսակ, որը ցույց է տալիս, թե մոտավորապես ֆիզիկական որքան վարժություններ են հարկավոր սպառելու համար ալկոհոլային տվյալ խմիչքից ստացված կալորիաները: Իսկ փորձագետները խորհուրդ են տալիս ալկոհոլի օգտագործման ծանր շրջան ունենալուց հետո առնվազն 48 ժամ խուսափել կրկին ալկոհոլ օգտագործելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ