RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2330, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ԿԻՐՍԱՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎ. «ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ԱՎԵԼԻ ԽԵԼՈՔ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ»

Հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվեց ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստը, որի բացման արարողությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ նիստի ընդմիջմանը Ծաղկաձոր մեկնած լրագրողներին հնարավորություն ընձեռվեց հանդիպելու ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին:

Վերջինս տեղեկացրեց, որ նախագահական խորհրդի նիստում մի շարք հարցեր են քննարկվելու: Գլխավոր հարցը «Շախմատը դպրոցում» ծրագիրն է, որն աշխարհում առաջինը ներդրել է Հայաստանը ու փայլուն կերպով իրականացնում է: Ըստ Իլյումժինովի, շախմատի Հայաստանի ֆեդերացիան հիանալի օրինակ է ծառայում ՖԻԴԵ-ի անդամ մյուս երկրներին, որոնք ամեն կերպ ջանում են իրենց մոտ էլ կիրառել Հայաստանի փորձը:

Կիրսան Իլյումժինովը նաեւ նշեց, որ այսօր Հայաստանը շախմատային հզոր տերություններից մեկն է: Դրա վառ ապացույցը հայ շախմատիստների նվաճումներն են շախմատային օլիմպիադաներում: Անդրադառնալով 2016-ին Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային Հայաստանի հավաքականի մասնակցության հարցին, ՖԻԴԵ-ի նախագահը նշեց, որ, իր կարծիքով, չպետք է որեւէ խնդիր ծագի: Նա հիշեցրեց, որ հայ ըմբիշներն ու բռնցքամարտիկները ժամանակին մեկնել են Բաքուՙ մասնակցելով աշխարհի առաջնություններին, ուստի որեւէ խոչընդոտ չի տեսնում շախմատիստների համար: Բնականաբար, օլիմպիադայի կազմակերպիչները պետք է հոգան մասնակիցների անվտանգությունը: Նա տեղեկացրեց, որ ՖԻԴԵ-ն ՄՕԿ-ի անդամ է եւ եթե հայկական կողմի պահանջով քվեարկության չդրվեր Բաքվի թեկնածությունը, ապա շախմատի միջազգային ֆեդերացիան խիստ պատժամիջոցների կենթարկվեր:

Իլյումժինովը նշեց, որ ինքը լավ է հասկանում Հայաստանի ունեցած խնդիրները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ուստի ձգտում է շախմատի միջոցով որոշակի հարցեր լուծել: ՖԻԴԵ-ի նախագահը նշեց, որ Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի ամենագիտուն մարդիկ իրենց փայլուն խաղով ապացուցեցին, որ ոչ միայն ավելի խելոք են թուրքերից, այլեւՙ մոլորակի մյուս ազգերից: Իլյումժինովը պատրաստակամություն հայտնեց ՖԻԴԵ-ի միջոցներով հայ լրագրողներին հրավիրել Բաքուՙ 2016-ի շախմատային օլիմպիադան լուսաբանելու: Ի դեպ, շուտով ՖԻԴԵ-ի հանձնախմբի կազմում Բաքու կմեկնի Վանիկ Զաքարյանըՙ տեղում ծանոթանալու նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Կիրսան Իլյումժինովը նաեւ տեղեկացրեց, որ գարնանը Երեւանում կսկսվի շախմատի համաշխարհային ակադեմիայի շինարարությունը: Մոսկվայից Երեւան են ժամանել գործարարներ, որոնք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկում են այդ հարցը:

ՖԻԴԵ-ի նախագահը նշեց, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում: Առաջին անգամ նա Հայաստանում է գտնվել դեռեւս 1980-ականներին, երբ սովորում էր Մոսկվայում: Երկրորդ անգամ Երեւան է ժամանել 1996-ինՙ արդեն որպես ՖԻԴԵ-ի նախագահ: Դա Իլյումժինովի առաջին օլիմպիադան էր, որը Երեւանում անցկացվեց քաղաքական բարդ իրավիճակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ