ՎՐԱՑ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԻՎԱՆԻՇՎԻԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՆՈՒՄ, ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐՆ ԷԼ` ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ Վ. Պ. Աբխազական երկաթուղին վրացական իշխանավորների համար դեմ ու կողմ արտահայտվելու պատճառ է դարձել: Երկաթուղին վերագործարկելու մտադրության կողմ արտահայտվողներին հակադարձողներ են գտնվում` պատճառաբանությամբ, թե Ռուսաստանի հետ այդօրինակ շփումը Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի տեղավորվում: Մինչդեռ ակնհայտ է, որ այսպիսի պատճառաբանությամբ թեկուզ երկրի վարչապետին դեմ դուրս գալու տարբերակը նախընտրելի է, քան ուղղակի նախկին իշխանական վերնախավի մաս լինելու պատճառով ներկաների հետ չհամաձայնելու դիրք բռնելը: Որ Վրաստանը դիտարկում է աբխազական երկաթուղով հաղորդակցություն վերականգնելու տարբերակը` բնավ էլ նորություն չէ: Եվ այն, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երեւան նախորդ շաբաթ կատարած այցելությանը կրկին շեշտեց դա, չի կարող դիտարկվել որպես երկնքից ընկած նորություն վրաց պաշտոնյաների համար: Սակայն արի ու տես, որ ոմանք փաստացի երկրի բռնած դիրքորոշման մասին ոչ թե մինչ այդ եղած հայտարարություններից են տեղեկանում, այլ միայն այն ժամանակ, երբ այդ մասին հայտնում է վարչապետ միլիարդատերը, այն էլ հարեւան երկիր այցելության շրջանակներում: Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն լքել է իր պաշտոնը` հենց պատճառաբանելով, թե վարչապետ Իվանիշվիլու երեւանյան հայտարարությունը աբխազական երկաթգծի առնչությամբ այնպիսի արտաքին քաղաքական կուրս է, որին ինքը համաձայն չէ: 2010-ից փոխարտգործնախարար Վաշակիձեն հարցն իր համար սկզբունքային է որակել: Մյուս կողմից, Հայաստանում Իվանիշվիլու կատարած հայտարարությունների պատճառով փոխարտգործնախարարի պաշտոնը լքող Վաշակիձեն, երեւի թե որպես փորձված դիվանագետ, ամեն ինչ չէ, որ ներկայացնում է, քանի որ, ի շարս այլ պարտավորությունների, հենց Վաշակիձեն էր հիմնականում ներգրավված Ռուսաստանի հետ Վրաստանի` Ժնեւյան բանակցություններում: Այս շեշտադրումն անելուց հետո կարելի է ենթադրել, որ Վրաստանի արտգործնախարարի տեղակալը վարչապետի հետ անհամաձայնության մեջ է ավելի շուտ հենց Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման առնչությամբ: Ի դեպ, փոխարտգործնախարարը միակը չէ, որ անհամաձայնություններ ունի միլիարդատեր վարչապետի հետ: Վրաստանում սպասվող նախագահական ընտրությունների առնչությամբ էլ իրար չեն հասկացել Իվանիշվիլին ու նորանշանակ պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան` թե ինչպիսին պիտի լինի Վրաստանը` նախագահական-խորհրդարանական տիրույթում ու հատկապես, թե ինչպես ու ի դեմս որ թեկնածուի է հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր կոալիցիան հանդես գալու նախագահական ընտրություններում: Հունվարի 21-ի դրությամբ Ալասանիան կզբաղվի միայն բանակի հարցերով, քանի որ այլեւս փոխվարչապետ չէ` «վարչապետի հետ ծանր խոսակցությունից հետո»: |