RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1577, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ՓԱՐԻԶՈՒՄ 3 PKK-ԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԲԱՑԱՀԱՅՏՎԻ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նույնը վերաբերում է Դեդ Հասանի սպանությանը, որքան էլ թուրքերը շրջանառության մեջ դնեն Սաքինե Ջանսըզ-Դեդ Հասան «առնչությունները»

Հունվարի 9-ին Փարիզի կենտրոնում աղմկահարույց սպանության զոհ դարձավ երեք կին: Սպանվածներից Սաքինե Ջանսըզը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի հիմնադիրներից էր, թուրքական աղբյուրների վկայությամբՙ նաեւ այս կազմակերպության եվրոպական կառույցի գանձապահը, Ֆիդան Դողանըՙ Քուրդիստանի ազգային կոնգրեսի փարիզյան ներկայացուցիչը, իսկ Լեյլա Սոյլեմեզըՙ PKK-ի երիտասարդական շարժման ակտիվիստը:

Ծնունդով երեքն էլ Թուրքիայից էին: Սաքինե Ջանսըզը ծնվել է Թունջելի վերանվանված Դերսիմում, Ֆիդան Դողանըՙ Մարաշի Նուրհակ գավառի Բարըշ գյուղում, Լեյլա Սոյլեմեզըՙ Միջերկրականի առափնյա քաղաքներից Մերսինում:

Հունվարի 20-ին սպանված կանանց աճյունները տեղափոխվել են քրդաբնակ Դիարբեքիր, որտեղ կազմակերպվել է հոգեհանգստյան արարողություն, ապա եւ ծննդավայրում թաղվել են: Սպանվածների դագաղները ծածկված են եղել PKK-ի դրոշով: Նրանցից Ջանսըզի եւ Դողանի աճյունները վերցրել են ալավիական աղոթատեղիից, որը կոչվում է «ջեմ էվի», իսկ Սոյլեմեզինըՙ Մերսինի «Նուր» մզկիթից: Այսինքնՙ սպանվածներից առաջին երկուսը, ի տարբերություն վերջինի, ալավի են, ոչ թե սուննի:

«Զաման» թերթի հունվարի 21-ի վկայությամբ Թունջելիում Սաքինե Ջանսըզի հուղարկավորությանը մասնակցել են քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մի շարք պատգամավորներ: Նրանցից Այսել Թուղլուքն ասել է, որ Ջանսըզը սպանվել է թուրքական եւ միջազգային խորքային կառույցների համագործակցությամբ, սպանությունն իրականացվել է վերին աստիճանի արհեստավարժ ձեւով, որպեսզի կացնահարեն խաղաղության հաստատման ձեռնարկումները:

Ըստ ամենայնի, տիկին Թուղլուքը նկատի է ունեցել PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի եւ թուրքական պետական կառույցների վերջերս սկզբնավորված բանակցությունները, որոնք ընթանում են Իմրալիի կալանավայրում:

Ֆիդան Դողանի հուղարկավորությանը, բացի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մյուս պատգամավորներից, մասնակցել է նաեւ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը: Արարողությանը պատգամավորներից տիկին Գյուլթան Քըշանաքը հանուն խաղաղության եւ քրդական հարցի կարգավորման, ինչպես նաեւ քուրդ ժողովրդի ազատագրության, Թուրքիայում պայքարը շարունակելու վճռականություն է հայտնել: Այդ ընթացքում հանգուցյալի հայր Հասան Դողանը ընդգծել է. «Մի՞թե սա է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Դրան երեք կանանց դեմքը փշրելո՞վ են հասնում: Սպանելու համար չորս կրակո՞ց են արձակում: Սպանված կանանց աչքը, համենայն դեպս, չեն փորում»:

Այլ կերպ մարդասպանը կամ մարդասպանները Փարիզում 3 PKK-ական կանանց սպանելուց զատ այլանդակել են նրանց դիակները, որն ամենայն հավանականությամբ սպանությանը ներկուսակցական հաշվեհարդարի պատրանք հաղորդելու նպատակով է արվել, քանի որ դաժանությունը վրեժխնդրության երանգ է պարունակում:

Համենայն դեպս, իսկույն արձագանքելով սպանությանը, թուրքական կառույցները առաջ քաշեցին PKK-ի ներսում խմորումների սաստկացման վարկածն ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ սպանությունը ներկուսակցական հաշվեհարդարի հետեւանք է: Նրանք հիմնավորելու համար իրենց իսկ առաջ քաշած վարկածը, սպանությանը մասնակից էին դարձնում նաեւ սիրիական եւ իրանական ծառայություններին, իսկ Անկարան պահանջում էր մասնակցել սպանության գործի հետաքննությանը, որն, ի դեպ, ֆրանսիական իշխանությունները մերժեցին:

Մինչ թուրքական կառույցները փորձում էին հիմնավորել սեփական վարկածը, իսկ համանուն մամուլը դա տարածում էր աշխարհով մեկ, հունվարի 16-ին Մոսկվայում ռեստորանից դուրս գալու պահին դիպուկահարի կրակոցից սպանվում է ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանը, որը քրեական աշխարհին հայտնի է Դեդ Հասան անունով:

Թուրքիան դա դիտարկեց որպես սեփական վարկածի հիմնավորման պատեհ առիթ եւ սկսեց լուրեր տարածել, թե Փարիզում երեք քուրդ կանանց սպանությունն անմիջականորեն առնչվում է Դեդ Հասանի սպանության հետ, քանի որ վերջինը «Կալաշնիկով» էր մատակարարում PKK-ին, իսկ Սաքինե Ջանսըզը քրդական այս կազմակերպության եվրոպական կառույցի գանձապահի կարգավիճակով զենքի դիմաց վերջինիս գումար էր վճարում կամ գումարին համարժեք թմրանյութ տրամադրում:

Սաքինե Ջանսըզ-Դեդ Հասան առնչության իսկությունը ստուգելու հնարավորություն, ինչ խոսք, չունենք: Բայց որ հակառակորդին դիպուկահարի միջոցով ոչնչացնելը անսովոր է քրեական աշխարհի համար, կասկած չի հարուցում: Ակնհայտ է նաեւ, որ «Կալաշնիկովը» սոսկ Ռուսաստանում չի արտադրվում, եւ այդ ինքնաձիգը ձեռքբերելու համար պարտադիր չէ Մոսկվայում մատակարար ունենալը:

Այլ կերպ, կարեւորը Ջանսըզ-Դեդ Հասան առնչության մասին թուրքական վարկածը չէ, այլ այդ վարկածի հետ կապված նկրտումները, որոնք անհասկանալի են մնում: Թեեւ Փարիզում ոստիկանությունը երեք կանանց սպանության մեղադրանքով հունվարի 22-ին ձերբակալել է ազգությամբ քուրդ ոմն Օմեր Գյունային, որի ընտանիքը բնակվում է Գերմանիայում, սակայն ձերբակալվածն ընդամենը հրաձիգ է: Որեւէ հիմք չկա ենթադրելու, որ կբացահայտվեն սպանության բուն կազմակերպիչները, մանավանդ եթե սպանության գործը, ինչպես Փարիզում, այնպես էլ Մոսկվայում, նախաձեռնել եւ հետնաբեմից կառավարել են հետախուզական կառույցները:

Այս ամենը առեղծվածային է դարձնում սպանությունները: Ինչ վերաբերում է դրանց մեկնաբանությանը, ապա դրա հնարավորությունն էլ բացառում է սպանության առնչությամբ հրապարակված տվյալների սակավությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ