RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1570, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՏԱՍՆՅԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՑԵՐ, 80-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԵՄ...

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի ԱԳՆ հաշվետվության համաձայն` ամրապնդել ենք ու ամրապնդել

«2012 թ. վերահաստատեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Դրա մասին էին վկայում 2012 թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, 2012 թ. հունիսի 19-ի Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը եւ 2012 թ. դեկտեմբերի 6-ին Դուբլինումՙ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը», ներկայացնում է 2012 թ. ԱԳՆ հաշվետվությունը նախարարության գործունեության վերաբերյալ:

Ըստ նույն փաստաթղթի, Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները, սադրիչ գործողությունները Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին լրջորեն վնասել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացին, այլեւ վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: «Բաքվի ապակառուցողական քայլերը համապատասխան բացասական արձագանք ստացան միջազգային հանրության կողմից, ինչպիսին էր Սաֆարովի գործարքը, որը միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից», նշված է հաշվետվության մեջ:

Հայաստանը մի շարք պաշտոնական հայտարարություններով, ըստ հաշվետվության, վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Ադրբեջանական կողմը, ոտնահարելով վերոհիշյալ հայտարարությունները եւ ի հակառակ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի եւ հորդորների, ողջ տարվա ընթացքում դեմ արտահայտվելով Հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, վստահության ամրապնդման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մերժելով 1994 թ. հաստատված հրադադարի ամրապնդումը, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, իր թշնամական, ռազմատենչ հայտարարություններով, ապակառուցողական քայելով, մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ դարձած կոպտագույն սադրանքներով թե՛ Արցախի հետ շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին, փաստացի հակադրվեց միջնորդների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Միեւնույն ժամանակ, 2012-ը նշանավորվել է նաեւ ԱՄՆ Ռոդ Այլընդ եւ Մասաչուսեթս նահանգների, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման որոշումներով:

Վերջին շրջանի եվրոպական ինտեգրման ու եվրասիական հնարավոր միության շուրջը քննարկումների ֆոնին հետաքրքրական է, որ ԱԳՆ հաշվետվությունը հենց նախաբանում նախ շեշտում է, որ Հայաստանը շարունակել է ամրապնդել եւ զարգացնել իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ այն դեպքում, երբ «Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում 2012-ին զգալի առաջընթաց է արձանագրվել»: Ընդ որում, Հայաստան-ԵՄ հարաբերությունների առնչությամբ նշումներն արված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ շփումների ներկայացումից հետո:

Հաշվետվության առանձին բաժիններում, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ընդգծելով, որ տարին հոբելյանական էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի, նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակի ֆոնին` առանձնանալով բազմաթիվ բարձրաստիճան այցելությունների ու հանդիպումների քանակով: Եվ սա այն դեպքում, երբ ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության զարգացումը 2012 թ. մնացել է «ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից»:

«2012 թ. եվրոպական ուղղությունը շարունակել է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների շարքում», Եվրոպայի բաժնում էլ այսպես է ձեւակերպված արտաքին քաղաքական հաշվետվությունը: «Հետեւողական եւ ակտիվ քաղաքականություն է իրականացվել` նպատակ ունենալով սերտացնել համագործակցությունն ու հարաբերությունները եվրոպական երկրների ու կառույցների հետ», շեշտում է փաստաթուղթը, ավելացնելով, որ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները 2012 թ. նշանավորվել են ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցելություններով, հաստատվել է Արեւելյան գործընկերության «ճանապարհային քարտեզը», ստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, նաեւ ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, ապա Վրաստանի ու Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների «ամրապնդման» ուղղությամբ հետեւողական քայլեր են ձեռնարկել: Եթե այս պնդումը ճիշտ կարելի է ընդունել Իրանի դեպքում, ապա Վրաստանի պարագայում բարիդրացիական ձեւակերպումն իսկ իր տեղում չէ, թեեւ երկու երկրների պաշտոնյաները հոգնեցնելու աստիճան կրկնել են, թե Հայաստան-Վրաստան ոչ մի անլուծելի հարց չկա (փաստացի` չլուծվող հարցեր շատ կան):

Այս ամենի հետ միաժամանակ, 2012-ին Հայաստանը, ըստ ԱԳն հաշվետվության, ակտիվ ներգրավված է եղել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը, կարեւորել է Չինաստանի, Հնդկաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերությունները, մասնակցել է ՄԱԿ-ի կառույցների գործունեությանը, «հետեւողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»` ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքին «ակտիվ ներգրավվածությամբ»:

«Ուշադրության կենտրոնում են եղել զարգացումներն արաբական աշխարհում: Մեր ջանքերն ուղղված են եղել սիրիահայության անվտանգության ապահովմանը եւ առաջացող խնդիրների լուծմանը: Քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ», վերջին շրջանի ամենահուզող հարցերի առնչությամբ էլ այսպիսին է տարվա ամփոփումը ԱԳՆ հաշվետվությունում:

2012 թ. ընթացքում Հանրապետության նախագահն իրականացրել է 17 օտարերկրյա այց, Հայաստան են այցելել 3 պետության ղեկավար, Եվրոպական խորհրդի նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը: ԱԺ նախագահը կատարել է 5 այց, Հայաստան է ժամանել այլ երկրների խորհրդարանի 3 ղեկավար, վարչապետն իրականացրել է 5 այց, Երեւան է ժամանել 2 երկրի վարչապետ, արտգործնախարարը կատարել է 44 օտարերկրյա այց, Հայաստան են այցելել 27 երկրի արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար:

2012 թ. ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 4 պետության հետ: Ստորագրվել է 82 միջազգային պայմանագիր եւ 23 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել եւ հաստատվել է 84 եւ ուժի մեջ է մտել 52 միջկառավարական եւ միջպետական փաստաթուղթ:

2012 թ. ՀՀ-ն դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ է ստորագրել 4 պետության` Տուվալուի, Գրենադայի, Մալավիի եւ Բութանի հետ: Հաշվետվությունը նաեւ կատարման եզրակացություն է տալիս. «ԱԳՆ-ն կատարել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված նախարարությանը վերաբերող բոլոր ծրագրերը, կառավարության բոլոր 364 հանձնարարականները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ