RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏ

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1581, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍՆ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՄԱՐԶԵՐԻ ՓՄՁ-ՆԵՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպիսի՞ աջակցություն է ստացել փոքր ու միջին բիզնեսը անցած տարիներին եւ կստանա 2013-ին

Փոքր ու միջին բիզնեսին աջակցության նպատակով 2013-ին պետբյուջեից կհատկացվի 150 մլն դրամ: Կառավարության ընդունած «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը ներկայացնելիս երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը : Նա նաեւ նշեց, որ դա փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն (ՓՄՁ) աջակցության միակ ծրագիրը չէ:

ՓՄՁ հիմնադրամում առկա 778 մլն դրամը եւս կուղղվի փոքր ու միջին ձեռնարկություններին: «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության մոտ 6 մլրդ դրամից նույնպես վարկեր եւ վարկային երաշխիքներ կտրամադրվեն այս ոլորտին: Ընդ որում, ինչպես տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարը, կազմակերպությունը վարկերը տրամադրում է բավականին նպաստավոր տոկոսներով` տարեկան 10-11 տոկոսով: Նա նաեւ էական համարեց այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվում է տնտեսության իրական հատվածի եւ մասնավորապես արդյունաբերական ընկերություններին: Այս ծրագրով անցած տարիներին ֆինանսավորվել են մոտ 80 ընկերություններ:

Տիգրան Դավթյանի ներկայացմամբՙ վերջին 5 տարիներին փոքր ու միջին բիզնեսին տրամադրված աջակցության ծավալները կազմել են ընդհանուր առմամբ 98 մլրդ դրամ: Բացի պետական բյուջեից, այս ոլորտում աջակցության ծրագրեր են իրականացվել Համաշխարհային բանկի, Ռուսաստանի Դաշնության, «Ֆրեդա» կազմակերպության տրամադրած միջոցներով: Բացի ֆինանսավորումից եւ վարկային երաշխիքներից, ավելի քան 3 հազար փոքր ու միջին ընկերություններին եւ հատկապես սկսնակ կազմակերպություններին մատուցվել է նաեւ խորհրդատվական, ուսուցողական, տեխնիկական եւ այլ կարգի աջակցություն:

Նշելով, որ ՓՄՁ դերը համախառն ներքին արդյունքում տարեցտարի մեծանում է եւ 2012-ին կազմել է 43 տոկոս, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այս ոլորտի զարգացումն ունի նաեւ սոցիալական նշանակություն: Միաժամանակ, ոլորտին տրամադրվող միջոցների գերակշիռ մասը` 92-93 տոկոսը ուղղվում է մարզերում, առավելապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող կազմակերպութուններին: Մայրաքաղաքին բաժին է հասնում մնացած մասը` 7-8 տոկոսը միայն:

Այս ամենով հանդերձ, էկոնոմիկայի նախարարի կարծիքով, ՓՄՁ աջակցության ծրագրերը չի կարելի մեծածավալ համարել: Նշելով, որ այս ոլորտի ընկերությունների կողմից պահանջարկը մեծանում է, նա ասաց, որ իր պարտքն է, որպես էկոնոմիկայի նախարարի, այս ոլորտին տրվող աջակցության ծավալներն ավելացնելը:

Տիգրան Դավթյանը նաեւ անդրադարձավ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կատարած քայլերին: Նա մատնանշեց պետական մարմինների կողմից տեսչական ստուգումների ոլորտում բարեփոխումները: Համաձայն դրանց, անցում է կատարվում ռիսկերի վրա հիմնված ստուգումներին: Ստուգումներ իրականացնող 10 գերատեսչությունների ստուգաթերթերը հաստատվել են, իսկ նման լիազորություն ունեցող բոլոր 18 գերատեսչություններն ամբողջությամբ այս համակարգին կանցնեն այս տարի: Արդյունքում, ստուգումները կդառնան ավելի կանխատեսելի:

Այս տարվա մյուս կարեւոր փոփոխությունը փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի ներմուծումն է, որից կարող են օգտվել մինչեւ 58 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները: Բացի ավելի պարզեցված հարկման ձեւ համարվելուց, նոր հարկատեսակից օգտվող ՓՄՁ-ների համար կկրճատվեն ներկայացվող հարկային հաշվետվությունները:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանում որքա՞ն ընկերություն է փակվել անցյալ տարի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ամեն մի երկրում մշտապես բացվում են նոր ընկերություններ եւ փակվում ուրիշները: Հայաստանում նույնպես այդ գործընթացը տեղի է ունենում: Նրա տեղեկացմամբՙ այս պահին մեր երկրում գործում են ավելի քան 60 հազար տնտեսվարողներ, որոնցից 5 հազարըՙ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: Ինչ վերաբերվում է բացված եւ փակված ընկերությունների թվերին, ապա նախարարն ասաց, որ տվյալ պահին չունի կոնկրետ թվերի մասին տեղեկատվություն, բայց կարող է ասել, որ բացվածների թիվն ավելի շատ է, քան փակվածների:

Արտոնագրային վճարների փոփոխություններից ատամնաբույժների եւ ռիելթորների դժգոհությունների կապակցությամբ տրված հարցին էլ էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ մինչեւ հարկային օրենսդրության փոփոխություններն ընդունվելը, դրանք քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ դրանք էական փոփոխություններ են կրել: Այսինքն, գտնվել է փոխզիջումը` բյուջեի մուտքերը ապահովելու եւ գործարար միջավայրը բարելավելու հարցում: Տիգրան Դավթյանի կարծիքովՙ հարկային փոփոխությունների փաթեթից կարող են լինել բաղադրիչներ, որոնք ցանկալի չեն լինի այլ ոլորտի համար: Ուստի նախարարը չբացառեց քննարկումները տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ այդ հարցերի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ