RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1408, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 77

Facebook-Ը ՈՐՊԵՍ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Facebook սոցիալական ցանցը որպես նախընտրական քարոզչական միջոց Հայաստանում եւս սկսել է դրսեւորվել ու գնալով դառնում է ավելի գործածական:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ասում է, որ քաղաքական քննարկումների տեսանկյունից մեզանում սոցցանցերն արդեն վաղուց գործածական են. «Եվ սոցցանցերում քիչ թե շատ օբյեկտիվ քննարկումներ ծավալվում են»: Արթուր Աթանեսյանը հիշեցնում է, որ Հայաստանում հաղորդակցության ամենահանրահայտ մեթոդը դեռեւս Facebook-ը կամ որեւէ այլ սոցիալական ցանց չէ, մանավանդ եթե հաշվի առնենք ինտերնետ հասանելիության տարբերությունները Երեւանում եւ մարզերում:

Այնուամենայնիվ, ազդեցություններ սոցիալական կայքերը քաղաքական գործիչների եւ նախագահական թեկնածուների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման վրա թողնում են: Թեեւ, ինչպես նշում է Արթուր Աթանեսյանը, նրանց ֆեյսբուքյան քարոզչությունը միգուցե քաղաքական գործիչներն անձամբ իրենք չեն վարում, քանի որ թեկնածուների մեծ մասը իր անձնական էջն անհրաժեշտ կերպով վարելու համար երեւի թե ժամանակ էլ չունի: Փոխարենը նրանց համար քարոզչություն Facebook-ում անում են նրանց նախընտրական կուսակցական շտաբի աշխատակազմը կամ թեկնածուների լիազորած մարդիկ:

Ի դեպ, առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը ներկայումս Facebook-ում էջ չունի:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն էլ 2012-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2013-ի հունվարի 20-ը, այսինքն մինչ պաշտոնական քարոզարշավը, ուսումնասիրել է ինչպե՞ս եւ ի՞նչ ակտիվությամբ են կիրառել Facebook սոցիալական ցանցը հայաստանյան քաղաքական ուժերը ու նրանց համակիրները, իսկ հունվարի 4-ից` նաեւ նախագահի թեկնածուները: Ի դեպ, «Ռեգիոն» կենտրոնը Facebook-ի` որպես քաղաքական հարթակի դերն ուսումնասիրել է Հայաստանում դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ: Կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի փոխանցմամբ` եկել են եզրահանգման, որ քաղաքական գործիչներից ոմանք Facebook-ն օգտագործում են ոչ միայն որպես տեղեկատվություն տարածելու, այլեւ հանրության հետ կապվելու միջոց, նաեւ մասնակցում են սոցցանցում ընթացող քննարկումներին, բանավեճերին ու պահպանում կապը օգտատերերի հետ: Նախագահական պաշտոնական քարոզարշավին նախորդած շրջանում կատարած ուսումնասիրության ընթացքում «Ռեգիոն» կենտրոնը պարզել է, որ Facebook-ում ամենաակտիվը քաղաքական գործիչներից ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի էջն է, համենայն դեպս «Ռեգիոնի» ուսումնասիրած էջերի կտրվածքով, իսկ օրական ստատուսների միջին թվով ամենաակտիվը համարվել է «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը:

Լաուրա Բաղդասարյանն ընդգծեց, որ Facebook-ում նկատել են նաեւ բախումներ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ, մասնավորապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իրենց ուսումնասիրության արդյունքները` Լ. Բաղդասարյանը նշեց, որ Facebook-ը տալիս է հնարավորություն տեսնելու թեկնածուների իրական վարկանիշները:

Իսկ Արթուր Աթանեսյանը մեր զրույցում ընդգծեց, որ ֆեյսբուքյան մշակույթը Հայաստանում ամբողջությամբ դեռ չի ձեւավորվել. «Մեզանում շատ մարդիկ սոցիալական ցանցերն օգտագործում են զվարճության, ոչ թե մասնագիտական կամ քաղաքական հաղորդակցության համար»: Նա գտնում է, որ հայ հասարակությունը դեռեւս ավանդական հասարակություն է եւ ունի բավականին շատ կապեր ծանոթների, բարեկամների, ընկերների հետ իրական կյանքում, այդ պատճառով վիրտուալ սոցիալական ցանցերն ու կապերը մեզանում սակավ կարեւոր են: Ա. Աթանեսյանը բացատրում է, որ «սոցիալական ցանց» հասկացությունն ի սկզբանե նշանակում է մարդկանց միմյանց հետ կապող միջոցների ամբողջություն, որն ավելի շատ կարեւորվում է հասարակություններում, որտեղ մարդիկ իրարից անկախ են, զբաղված ու տարված են անհատապաշտությամբ, հետեւաբար իրական կապերի բացը փորձում են լրացնել վիրտուալ մակարդակում:

Նախընտրական քարոզարշավի համար վիրտուալ հարթակը, ինչպես տեսնում ենք, մեզանում եւս կիրառվում է: «Սակայն կուզենայի, որ նախագահի թեկնածուները կամ մեր քաղաքական գործիչներն իրենց քարոզարշավը կապեին նաեւ մեր ավանդական ԶԼՄ-ների հետ ու դարձնեին իրենց քարոզարշավն ավելի գրագետ: Իսկ ավանդական լրատվամիջոցները լինեին ավելի ակտիվ ու ավելի բազմազան ձեւերով ներկայացնեին քաղաքական գործիչներին ու նրանց ծրագրերը», հավելում է պարոն Աթանեսյանը:

Բայց մյուս կողմից էլ սոցիալական ցանցերն իրենք են ազդում ավանդական ԶԼՄ-ների վրա, ու հաճախ հոդվածներում, վերլուծություններում կամ հեռուստառեպորտաժներում կգտնեք Facebook-ի էջերից մեջբերումներ: Ըստ Լաուրա Բաղդասարյանի` այժմ ինֆորմացիոն քաղաքականություն ձեւավորողը միայն լրագրողները չեն, դա կարող է անել ամեն մի քաղաքացի, որը պարզապես օգտատեր է Facebook-ում, որտեղ եւս իրականացվում են մեդիա նախագծեր` հանձինս ֆեյսբուքյան ասուլիսների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ