RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1680, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՊՈՌԹԿՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Ստամբուլի հայաշատ թաղամասերում Արթնացել է մարդասպան թուրք հրոսակի անասնական բնազդը

Հունվարի 24-ին, անդրադառնալով մոտ 2 տարի առաջ զորամասում սպանված Սեւակ Շահինի ծնողների հետ «Թարաֆի» հարցազրույցին, որտեղ թղթակիցը հանգուցյալի մորՙ տկն Անիին հարցրել է. «Վերջին շրջանում ակտիվացել են հարձակումները Սամաթիայի հայերի դեմ: Դա ձեզ չի՞ կաշկանդում», նշել էինք, որ խնդիրը սոսկ հայ զինծառայողի հենց ապրիլի 24-ին իրականացված սպանությունը չէ, ոչ էլ մարդասպանի նկատմամբ իրավապահ մարմինների անսահման հանդուրժողականությունը, այլ թուրքահայության պատանդի կարգավիճակն ու համայնքի գլխին կախված թուրքական վտանգը:

Դեկտեմբեր եւ հունվար ամիսներին մարդասպան թուրք հրոսակիՙ Ստամբուլի հայաշատ Շիշլի եւ Սամաթիայի թաղամասերում զառամյալ հայ կանանց դեմ կատարած հարձակումներն այդ վտանգի ակնհայտ արտահայտությունն են: Երեկ t24.com.tr կայքէջը հաջորդականությամբ ներկայացրել է հարձակումների պատկերը:

Մինչ այդ հունվարի 23-ին եւ 24-ին նույնը bianet.org-ի գլխավորությամբ արել էին այլ կայքեր: Հարկ է, սակայն, նշել, որ այս կայքերը արձագանքել են գրանցված հարձակումներին միայն: Այսինքն, պատկերը ամբողջական չէ, թեեւ դա չի փոխում իրերի դրությունը:

Վերոհիշյալ կայքերի վկայությամբ, առաջին հարձակումը իրականացվել է Շիշլիում դեկտեմբերի 17-ին: Տուժողը Վեհբիե Չելիքերն է, 80 տարեկան: Նրա բնակարան ներխուժած անցանկալի այցելուն փորձել է կտրել կոկորդը: Մինչ տուժողին հիվանդանոց են փոխադրել, հարձակվողը հեռացել է բնակարանից առանց դիպչելու որեւէ իրի:

Հաջորդ հարձակումը իրագործվել է դեկտեմբերի 28-ին Սամաթիայում: Տուժողը Մարիցա Քյուչուկն է, 85 տարեկան, միայնակ էր ապրում: Դաժան ծեծի ենթարկվելուց հետո նա դաշույնի 7 հարված է ստացել իր բնակարանում, որտեղ էլ մահացել է:

Նույն օրերին Սամաթիայում բնակարան մտնելու պահին դաշունահարվել է 87-ամյա Թ. Ա.-ն, որը դաժան ծեծի պատճառով կորցրել է տեսողությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոցՙ վերակենդանացման բաժին:

Հունվարի 6-ին, հենց Սուրբ ծննդյան օրը հարձակման թիրախ է դարձել նույն թաղի բնակիչ մեկ ուրիշ հայ կին, որի անունը չի նշվում: Պարզապես հայտնի է, որ 3 անհայտ անձինք բռնություն գործելուց հետո փորձել են առեւանգել նրան:

Վերջին հարձակումը իրականացվել է հունվարի 23-ին, 83-ամյա Սուլթան Այքարի դեմ: Բնակարանի դուռը բացելու պահին նա թիկունքից գլխին հարված է ստացել եւ երեսնիվայր տապալվել է գետնին: Հարձակվողը նրան ոտնատակ է արել, վրա են հասել հարեւանները: Հիվանդանոցում պարզվել է, որ նրա աչքը կուրացած է:

Սամաթիայում հարձակման հետեւանքով վիրավորվել է նաեւ մեկ ուրիշ հայ կին, որի անունը նմանապես չի հրապարակվում:

Այս հարձակումներն, ինչ խոսք, մտահոգիչ են: Սակայն ավելի քան մտահոգիչ է թուրքի անուն-ազգանուն կրող հարձակման թիրախների հայկական ինքնության մասին հարձակվողի կամ հարձակվողների իրազեկվածությունը: Օրինակ, հարձակվողները ինչպե՞ս են իմացել, որ Վեհբիե Չելիքերը կամ Սուլթան Այքարը իրականում հայ են, կամ ո՞վ է իրազեկել սրանց: Իրազեկման հանգամանքը կազմակերպվածության բնույթ է հաղորդում Ստամբուլում միայնակ զառամյալ հայ կանանց նկատմամբ իրականացվող հարձակումներին, իսկ կազմակերպվածությունը անխուսափելիորեն ենթադրում է պետական կառույցների մասնակցություն:

Ըստ երեւույթին այս հանգամանքն էլ ստիպել է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի վարչության անդամներին, որ հունվարի 23-ին դիմեն ոստիկանության թաղային բաժանմունքՙ զգուշացնելու. «Հարձակումները համակարգված բնույթ են կրում: Թեեւ դրանց կազմակերպվածության մասին չենք կարող հստակ եզրակացության հանգել, քանի դեռ բացահայտված չեն իրագործողները, սակայն մտահոգված ենք, որ դրանք լինեն ատելության ու ռասիզմի դրսեւորում, որովհետեւ հարձակումների ժամանակ գողության դեպքեր չեն գրանցվել»:

Երեկ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը ոստիկանության բաժանմունք է ներկայացրել հայ կանանց նկատմամբ իրականացվող հարձակումների առնչությամբ պատրաստած զեկուցագիրը: Այս ձեռնարկումներում մասնաճյուղին աջակցել են «Նոր զարթօնքը», Հեղափոխական բանվորա-սոցիալիստական կուսակցությունը, «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» նախաձեռնությունը, «Աշխատանքի կուսակցությունը», «Կանաչների երիտասարդական միությունը» եւ այլն:

Ի՞նչ արդյունքի կհանգեցնի Մարդու իրավունքների միության եւ նրանց աջակցող կազմակերպությունների նախաձեռնությունը, չգիտենք: Բայց որ տկն Մարիցայի սպանությունից հետո հունվարի 4-ին Միջազգային համաներում կազմակերպությունը արձագանքել է Ստամբուլի հայաշատ թաղամասերում իրականացվող հարձակումներին, այդ արձագանքի հիման վրա Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ինչպես երեկ կայքէջում նշել է CNNturk-ը, Սամաթիայում իրականացվող հարձակումների վրա ուշադրություն սեւեռելու խնդրանքով դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, փաստ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ