RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1351, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 7,2 ՏՈԿՈՍ ԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2012-ի միջազգային տնտեսության ցածր` 2-3 տոկոս աճի ֆոնին

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2012-ի տարեկան սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) նախորդ տարվա համեմատ աճել է 7,2 տոկոսով: Հիշեցնենք, որ երկրի նախագահը խնդիր էր դրել 7 տոկոս տնտեսական, այսինքնՙ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշ ունենալ: 2011-ին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5,9 տոկոս, որը համապատասխան էր տնտեսական (ՀՆԱ) 4,7 տոկոս աճի:

Հավանական է, որ այս տարվա տնտեսական (ՀՆԱ) աճի ցուցանիշը գտնվի 6 տոկոսի միջակայքում: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսմամբ ակնկալվում է 7 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 6 տոկոսից փոքր-ինչ ավելի: Ցուցանիշների վերջնական ամփոփումից հետո պարզ կլինի, թե ի վերջո ինչ տնտեսական աճ ենք ունեցել 2012-ին:

Այդուհանդերձ, անկախ նրանից, թե տնտեսական աճի վերջնական ցուցանիշը որը կլինի, ակնհայտ է, որ տարեկան 6-7 տոկոս աճը բավականին բարձր ցուցանիշ է: Դա իհարկե, 2002-2007-ի երկնիշ տնտեսական աճը չէ, բայց հարկ է նկատի ունենալ, որ համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշն անցյալ տարի եղել է 2 տոկոս, իսկ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանինը, Համաշխարհային բանկի տեղեկացմամբ` 3 տոկոս:

Հաջորդ դրական գործոնն այն է, որ, ի տարբերություն 2000-ականների հիմնականում մեկ ճյուղով` շինարարությամբ պայմանավորված տնտեսական աճի, ներկայիս տնտեսական աճն ավելի դիվերսիֆիկացված է: Այն ապահովվել է հիմնականում երեք ճյուղի` արդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների շնորհիվ եւ երկրոդ այդ աճի մեջ կարեւոր դեր են ունեցել տնտեսության իրական հատվածի ճյուղերը` արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Մասնավորապես, 2012-ին արդյունաբերության աճը կազմել է 8,8 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրլն 120 մլրդ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 9,5 տոկոսով, կազմելով 840 մլրդ դրամ: Անցյալ տարի ամենամեծ աճ արձանագրել է ծառայությունների ոլորտը` 10,8 տոկոս, որի ծավալը կազմել է 972 մլրդ դրամ: Առեւտուրն աճել է 3,6 տոկոսով եւ կազմել 2 տրլն 194 մլրդ դրամ, իսկ շինարարությունը գրեթե մնացել է անփոփոխ նախորդ` 2011-ի համեմատ` 469 մլրդ դրամ ծավալով:

Հաջորդ կարեւոր դրական ցուցանիշը արտաքին առեւտրաշրջանառության ու արտահանման առաջանցիկ աճն է: Այսպես, 2012-ին 2011-ի համեմատ արտաքին առեւտրաշրջանառության աճել է 5,5 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 694 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 428 մլն դոլար, նախորդ տարվա համեմար արձանագրելով 7 տոկոս աճ:

Վերադառնալով տնտեսական աճի ցուցանիշին, տեղեկացնենք, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 2013 թվականի համար Համաշխարհային բանկը կանխատեսում է համախառն ներքին արդյունքի 3,6 տոկոս աճ: Հայաստանի կառավարությունը 2013-ի համար կանխատեսել է 6,2 տոկոս տնտեսական աճ, երբ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկը միայն 2015-ին է կանխատեսում 4,3 տոկոս աճի ցուցանիշ: Այսինքն, նկատի ունենալով արտաքին տնտեսական միջավայրով պայմանավորված ռիսկերը, հաջորդ տարի Հայաստանի տնտեսության համար 6 տոկոս աճը ապահովելը նույնպես բավականին դժվար կլինի: Մյուս բարդությունն էլ այն է, որ 2012-ի բարձր տնտեսական աճից հետո ավելի դժվար է արդեն իսկ ավելացած բազայի վրա բարձր աճ ապահովելը: Այնուամենայնիվ, հուսանք, որ արդյունաբերության զարգացման աջակցության եւ արտահանման ավելացման վրա հիմնված կառավարության տնտեսական քաղաքականությունը հնարավորություն կտա տնտեսական աճի ծրագրված ցուցանիշին մոտ արդյունք ունենալ նաեւ այս տարի:

Ներմուծումը կազմել է 4 մլրդ 266 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 2,9 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2012-ին կազմել է 2 մլրդ 838 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2012-ին կազմել է 121 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 149 հազար դրամ, պետականումՙ 97 հազար դրամ:

Ինչ վերաբերում է 2012-ի միայն դեկտեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 6,7 տոկոս աճ: Արդյունաբերությունն դեկտեմբերին աճել է 7,1 տոկոսով, գյուղատնտեսությունը` 2,8 տոկոսով, շինարարությունը` 3 տոկոսով, առեւտուրը` 4,8 տոկոսով, ծառայությունները` 8,7 տոկոսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ