RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



TIME OUT ԵՎ GAME OVER

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1446, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՌԵՏՐՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՆՍՏՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Հ. Հ.

Այն պահին, երբ ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ անցկացնող Անդրիաս Ղուկասյանին այցելած ՄԻՊ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները տեղեկացել էին, որ Ղուկասյանն առողջական խնդիրներ չունի, նախագահի թեկնածուն էլ հայտարարել էր, որ շարունակելու է հացադուլն այնքան ժամանակ, մինչեւ վերջ չդրվի շինծու ընտրություններին, նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ առաջիկա երեք օրը կանցկացնի ծոմապահության մեջ ու ավարտելուց հետո Անդրիաս Ղուկասյանին կհամոզի միասին դադարեցնել հացադուլը: Առավոտյան Հայրիկյանն այցելել է Ղուկասյանին, նրան առաջարկել իր աջակցությունը, սակայն տեղեկացրել, որ միասին հացադուլի նստել չեն կարող: Հայրիկյանը նախընտրում է հասարակության աչքից հեռուՙ տանը նստել հացադուլի: Հացադուլի մեկ այլ «վարպետ» Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ զրկվեց այն ուժի աջակցությունից, ում ինքը տարավ խորհրդարան եւ դարձրեց խորհրդարանական ուժ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որ միայն «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ կարողացավ մտնել խորհրդարան, երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին որեւէ թեկնածուի չի սատարում:

Ռետրո ընդդիմություն հանդիսացող Հայ ազգային կոնգրեսն էլ հայտարարել է, որ պայքարը դեռ շարունակվում էՙ վերադառնալու են քաղաքական դաշտ մարտի 1-ին: ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ հիմա ՀԱԿ-ը գտնվում է time-out փուլում, եւ իրենք ու իրենց ղեկավարը կվերադառնան «մեծ քաղաքականություն» «խայտառակ ընտրություններից» հետո: Թեպետ Մանուկյանը հավաստիացրել է, որ տարվա ընթացքում կլինեն քաղաքական բազմաթիվ միջոցառումներ ու պայքար, սակայն իրականությունն այլ բանի մասին է խոսում: ՀԱԿ-ը ոչ թե գտնվում է time-out, այլ game over կարգավիճակում:

Game over իրավիճակին որեւէ կերպ չեն կարողանում համակերպվել նախագահի առաջադրված թեկնածուներ Ռոբերտ Սիմոնյանն ու Պավլիկ Սարգսյանը: Նրանք ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք են ուղարկել: Մասնավորապես, Սիմոնյանը դիմել է ԸՕ նախատեսված 8 մլն ընտրագրավի համար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ընտրությունները հետաձգելու պահանջով, սակայն դատախազությունից նրա բողոքին պատասխանել են, որ որեւէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ եւ նամակը հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում: Պավլիկ Սարգսյանն էլ պահանջել է իրեն հռչակել «ՀՀ նախագահի խոչընդոտված թեկնածու», քանի որ չի կարողացել 8 մլն դրամ գրավը վճարել: Դատախազությունն այս բողոքում էլ հանցագործության մասին հաղորդում չի գտել եւ մերժել է այն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ