RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2392, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ ՄԱՆԻԼԱՅՈՒՄ

Ի. Պ.

Եթե որեւէ մեկն իր ունեցած բոլոր գրքերը դնի փողոցում` իր տան դիմաց, ապա տրամաբանական է, որ մի ակնթարթում այդ գրքերը կանհետանան: Սակայն Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հերնանդո Գուանլաո անունով մի մարդ իր անձնական գրքերը դրել է դրսում` իր տան դիմաց, գրքերը ոչ թե անհետացել են, այլ համալրվել են նոր օրինակներով: Այս պատմությանն անդրադարձել է Կանադայում հրատարակվող «Ապագա» շաբաթաթերթը` օգտվելով BBC-ից: Ստորեւ «Ապագայից» քաղվածաբար ներկայացնում ենք Հերնանդո Գուանլաոյի գրքերի հավաքածուի պատմությունը:

Հերնանդո Գուանլաոն 60 տարեկանին մոտ է եւ մեծ սեր ունի գրքերի ու գրականության հանդեպ: Գրքերի հանդեպ նրա նման վերաբերմունքով է պայմանավորված, որ Գուանլաոյի ամբողջ բնակարանը հետզհետե լցվել է գրքերով: Իսկ Գուանլաոն դրանք տնից հանել է, ու դնելով հենց տան առջեւ` ոչ պաշտոնապես հիմնել է մի գրադարան, որպեսզի Մանիլայի մյուս բնակիչներին էլ ընձեռի ընթերցանության հաճույքը:

Հերնանդո Գուանլաոն թույլ է տալիս ընթերցողներին, որ գրքերը տուն տանեն եւ պահեն իրենց մոտ որքան կուզենան, նույնիսկ կարող են չվերադարձնել: Ըստ Գուանլաոյի` իր գրադարանում միակ օրենքն այն է, որ իրենց մոտ օրենքներ չկան:

«Արդար չէր լինի, եթե գրքերը շարեի միայն իմ պահարանում կամ սնդուկներում», ասում է Գուանլաոն:

Գուանլաոյի գրադարանը կամ իր կոչած գրքերի ակումբն արդեն 12 տարի գոյություն ունի, ու այդ ընթացքում գրքերի թիվը ոչ թե նվազել, այլ ավելացել է, քանի որ շատերը սկսել են նույնիսկ գրքեր նվիրել նրա գրադարանին:

Գուանլաոն իր գրադարանը բացել է 2000-ից` իր ծնողների մահվանից քիչ ժամանակ անց, եւ գրադարանը նաեւ ծնողների հիշատակը հարգելու մի ձեւ է: Գրադարանի միջոցով Գուանլաոն տարածում է նաեւ ընթերցանության հանդեպ իր ժառանգած սերը:

Գրադարանում ի սկզբանե եղել է 100 գիրք, թե որքա՞ն է դրանց կոնկրետ թիվն այժմ, Գուանլաոն չգիտի, սակայն մոտավորապես դրանց թիվը մինչեւ 3000-ի հասնում է:

Սելինը, որը բնակվում է Գուանլաոյի տան մոտ, ուրախությամբ է ընդունում գրադարանի գոյությունը: Ի դեպ, Սելինը մեկն է այն մարդկանցից, որոնք պարբերաբար լրացնում են Գուանլաոյի գրադարանը նոր գրքերով: Ըստ Սելինի` Մանիլայի ազգային գրադարանը շատ հեռու է իրենց թաղամասից, ու բոլորի համար այնտեղ հասնելը հեշտ չէ, բացի դրանից` ազգային գրադարանից թույլ չեն տալիս ընթերցելու համար գրքերը դուրս հանել` ի տարբերություն Գուանլաոյի գրադարանի:

Հրաժարվելով իր աշխատանքից ու գոյատեւելով միայն խնայողություններով` Գուանլաոն իր ողջ ժամանակը նվիրել է գրադարանի պահպանմանը: «Ամեն մի գիրք պետք է անընդհատ գործածվի, քանի որ ամեն գիրք ունի իր պատգամը», ասում է Հերնանդո Գուանլաոն:

Իսկ բնակչության ամենաաղքատ շերտերին իր գրքերով օգնելու համար Գուանլաոն ինքն է գնում նրանց մոտ գրքերի պարկով բեռնված իր հեծանվով: Գուանլաոն գրքեր է տվել նաեւ մի անձի, որը փորձում է Գուանլաոյի գրադարանի նմանությամբ մի գրադարան էլ բացել Մանիլայից դուրս` Բիքոլի մարզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ