RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ, ԱՅԼԵՎ ԲԱՆԻՎ

ՀԵՐՄԻՆԵ ԲԱԲՈՒՌՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի դասախոս

«Տաշիրի» հերթական բարեգործությունը Լոռու մարզում

2012-ի տարեմուտը Լոռու մարզի 300 մանկավարժների եւ շուրջ 40 երիտասարդ գիտնականների համար նշանավորվեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-հազարական դրամ պարգեւներով: Սա պատահական չէր. վերջին շրջանում բոլորս սրտագին ուրախությամբ ենք ողջունում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, մասնավորապես հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի ծավալած հայրենանվեր գործունեությունըՙ ի նպաստ հայ մտքի եւ գիտության զարգացմանը: Բազմապատիկ էր նաեւ մեր ուրախությունը, երբ տեղեկացանք, որ արժեւորման նժարին դրվելու հերթին է հասել երիտասարդության գիտական ներուժը: Եթե կրթության ոլորտի նվիրյալները պարբերաբար արժանանում են խրախուսման, ապա երիտասարդ գիտնականների համար այն թե՛ անակնկալ էր, թե՛ պարտավորեցնող ազդակՙ առավել ջանադիր գործունեություն ծավալելու: Արտագաղթի մերօրյա պայմաններում իսկապես օրախնդիր է հատկապես երիտասարդ մտավորականին, գիտնականին, արվեստագետին սատարելը, որոնց դերը ժամանակակից աշխարհում նաեւ որպես սոցիալական ուժ հանդես գալն է:

Մանանեխի հատիկի չափ վստահություն տածեք նրա հանդեպ, եւ հայ երիտասարդ գիտնականը կկանգնի պատվո հարթակներից բարձրագույնին:

Կարապետյան եղբայրների հերթական բարեգործական նախաձեռնությունը բխում էր ոչ միայն գնահատելով ոգեւորելու մղումից, այլեւ ակնհայտ վստահության եւ երիտասարդներիս զորավիգ լինելու պատվարժան քայլ էրՙ «ոչ միայն հացիվ, այլեւ բանիվ» արժեքի գիտակցումով: Քայլի կարեւորությունը բազմապատկվում է, երբ նկատի ենք առնում, որ արդի շրջանում արժեզրկվում են կրթությունն ու գիտությունը, նկատվում է նահանջ մշակութային գիտակցությունից: Կրթությունը բացարձակ արժեք է. այն պետք է գնահատել ըստ արժանվույն: Թերեւս այս նկատառումով է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը իր ուշադրությունն ու միջոցները կենտրոնացրել ոլորտի վրա` գիտակցելով, որ երկրի զարգացման գրավականը ոչ միայն որակյալ մասնագետներն են, այլեւ կիրթ հասարակությունը: Անհնար է ուղի հարթել դեպի ժողովրդավարություն մի հասարակության մեջ, ուր կաղում են առողջ միտքը, հստակ դատողությունը, ուր չկան խելամիտ անհատներ: Շահել եւ այսուհետեւ էլ կշահի այն երկիրը, որն իր ռազմավարության մեջ շեշտը կդնի կրթության ու գիտության վերելքին զարկ տալու վրա:

Հայ դարավոր իրականությունը կարող է վկայել հայ մեծատունների անուններ, որ հարստության, բարեկեցիկ կյանքի փայլից եւ շքեղության լույսից երբեք չեն կուրացել, չեն անտեսել նյութական օժանդակության կարոտ իրենց հայրենակցին, ձեռք են մեկնել չքավորին. այսօր հպարտությամբ եւ երախտագիտության զգացումով ենք հիշում նրանց: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներն ու ծրագրերն իրականացնողները նրանց արժանի հետեւորդներն են, որ իրենց աջակցությամբ ոչ թե մտահոգություն հայտնեցին մանկավարժի եւ գիտնականի ներկա կացության առթիվ, այլ յուրովսանն իրենց նպաստը բերեցին նրանց հոգսը թոթափելու գործին: Այս դեպքում լավագույն մանկավարժ կամ գիտնական բնորոշումն, անտարակույս, պայմանական է. պարզապես հայ մարդը հովանավորում է իրենց գործն անձնվիրաբար կատարող հայրենակիցներին, մանավանդ որ Կարապետյան ընտանիքի բարեգործական նախաձեռնությունները միտում են պարբերականության եւ լայն շրջանակի, իսկ մարզաբնակ մանկավարժներին եւ երիտասարդ գիտնականներին պարգեւատրելն ընդամենը հերթական օղակն էր մեկենասական գործունեության շարունակվող շղթայի: Արգո բարեգործների հայաշահ ձեռնարկումներին մաղթում ենք աստվածային օրհնությամբ եւ զորությամբ պսակված լուսավոր ընթացք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ