RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013



Տեղադրվել է` 2013-01-29 23:51:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2292, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 119

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հեռավոր գյուղերում ապրող մարդիկ դուրս են գալիս գյուղամեջ` Երեւանից եկած հյուրին տեսնելու, խոսելու հետը, քաղաքներում հայտնի դեմքեր են տեսնում, ոմանքՙ առաջին անգամ նման մոտիկությունից, մայրաքաղաքում եւ հանրապետական նշանակության ճանապարհներին գունազարդ, մեծ, միջին, փոքր մեծությունների պաստառներ են հայտնվում, որոնցից մի քանիսը, ինչպես Մարկեսն իր «100 տարվա մենություն» գրքում, հիշեցնում են` «Վերեւում Աստված կա», այս պաստառների կողքին էլ կարդում ենք մեկ այլը. «Հնարավոր է»... Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների, քարոզչական ակտիվ շրջան է:

Ժողովրդավարական երկրներում, ինչպիսին համարում ենք նաեւ մեր երկիրը, յուրաքանչյուր ընտրություն նախորդից առնվազն մեկ քայլ առաջ է, չկրկնվող, իր տեսակով` աննախադեպ: Ու, եթե ուշադրությամբ զննեք ընտրական այսօրվա գործընթացները, ապա կհամոզվենք, որ այս ընտրությունները նախորդ բոլորից տարբերվում են: Ընդ որումՙ խոսքն ամենեւին էլ այս ընտրությունների «ոչ մրցակցային» լինելու մասին չէ, ավելին, ամենեւին էլ չի կարելի պնդել (անգամ անթույլատրելի է այդ պնդումը), թե այս ընտրությունները ոչ մրցակցային են: Օրինակՙ մինչ Հայաստանում գրեթե բոլորը խոսում են գալիք ընտրությունների կանխորոշված ու ոչ մրցակցային լինելու մասին, համաեվրոպական Euronews հեռուստաընկերությունը ՀՀ նախագահի ընտրութուններին վերաբերող իր փոքրիկ տեսանյութում օրեր առաջ ընդգծեց. «Փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանն ունի ուժեղ մրցակիցներ` ի դեմս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի...»: Հետեւաբար, գոնե Euronews-ի կարծիքով, մեր երկրում նախկին վարչապետներն ու ԱԳ նախարարները կարող են «ուժեղ մրցակիցներ» համարվել գործող նախագահների համար: Ու եթե անգամ մենք ինքներս հասկանում, տեսնում ենք, որ դա ամենեւին էլ այդպես չէ, սա չի նշանակում, որ ընտրությունները մրցակցային չեն: Մասնավորաբար մրցակցություն կա Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի միջեւ` առնվազն երկրորդ տեղը գրավելու համար: Քանի որ այս կազմով ընտրություններում երկրորդ տեղն ամենեւին էլ սովորական երկրորդ տեղ չէ:

«Հիմնական ընդդիմության» ու նաեւ այլընտրանքային ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու որոշումներից հետո, հայաստանյան ընդդիմադիր դաշտը կարիք ունի որոշակի համախմբման, բայց նախքան դա, ու ինչը թերեւս առավել կարեւոր է, հետագա գործողությունների մշակման, ե՛ւ միասնական գործողությունների, ե՛ւ առանձին-առանձին: Այն թեկնածուն, որ ընտրություններում կզբաղեցնի երկրորդ տեղը, մեծ հնարավորություններ կստանա դառնալու այս գործողությունների հենասյունը, եթե կուզեք, գոնե ժամանակավոր կոչվել «Հայաստանի գլխավոր ընդդիմադիրը»: Բացի սրանից, Րաֆֆին խնդիր ունի սեփական վարկանիշը ճշգրտելու: Գաղտնիք չէ, որ «Ժառանգության» առաջնորդը երկրում մշտապես ունեցել է ժողովրդականության որոշակի մակարդակ, սակայն վստահաբար իրեն` Րաֆֆուն խիստ հետաքրքրական է, թե այդ մակարդակը որքա՞ն է: Սա չի կարող պարզ լինել, ասենք, խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իսկ նախագահականը ամենահարմարն է անձնական վարկանիշը ճշգրտելու համար: Ինչ վերաբերում է Բագրատյանին, ապա նա, բացի ողջ ընդդիմադիր դաշտում հեղինակությունը ձեռք բերելու ցանկությունից, ուզում է նաեւ տապալվող (եթե ոչ արդեն իսկ տապալված) ՀԱԿ-ում դառնալ «այն երիտասարդը», ում իր վերջին հայտարարությամբ «ճանապարհ տվեց» 68-ամյա Տեր-Պետրոսյանը: Այսօր Բագրատյանը հայտարարում է, որ ինքն ունի ՀԱԿ-ի կեսից ավելիի աջակցությունը, սակայն, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, լինելով լիազորված հենց ողջ ՀԱԿ-ի անունից, հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցում գալիք ընտրություններին ու թեկնածուներից որեւէ մեկին չի սատարում (գոնե առայժմ): Ստացվում է, որ Բագրատյանը, լինելով ողջ ՀԱԿ-ի մի շատ կարեւոր մասնիկներից մեկը, առաջադրվելով ու ՀԱԿ-ի ներսում որոշակի սատարում ունենալով, չի կիսում ՀԱԿ-ի համակարգողի, այսինքն` ողջ ՀԱԿ-ի դիրքորոշումը, ինչը կնշանակի, որ ՀԱԿ-ն այլեւս գոյություն չունի, կամ համակարգող Զուրաբյանն ուղղակի այլեւս չունի լիազորություն ելույթներ ու հայտարարութուններ անելու ողջ ՀԱԿ-ի անունից, ինչը եւս կնշանակի, որ ՀԱԿ-ն այլեւս չկա: Այս պայմաններում, բնականաբար, ՀԱԿ-ում պետք է գտնվեն շատերը, ովքեր կցանկական «փոխարինել» Տեր-Պետրոսյանին, ու այդ շատերից մեկն էլ հենց Հրանտ Բագրատյանն է, որն իր նաեւ այս նպատակին հասնելու մեջ էլ ավելի կամրանա, եթե ընտրություններում գրավի երկրորդ տեղը:

Ուրեմնՙ մրցակցություն գալիք ընտրություններում կա:

Սակայն, ի տարբերություն բոլոր ընտրությունների, այս ընտրություններում ընդդիմությունը մասնատված է, ինչպես երբեք: 1996-ից Հայաստանի նախագահական բոլոր ընտրություններում ընդդիմությունը կենտրոնացած է եղել մեկ թեկնածուի շուրջը. 1996-ին այդ թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր, հանուն որի իրենց թեկնածությունները հանեցին շատերը, այդ թվումՙ այսօր առաջադրված Պարույր Հայրիկյանը, 1998-ին Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, 2003-ին երկրորդ նախագահը մրցակցում էր Կարեն Դեմիրճյանի որդու հետ, իսկ 2008-ին որպես ընդդիմության կենտրոնացված թեկնածու ընկալելի էր 63-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանը... Այսօր հիմնական ընդդիմադիրներից ՀՅԴ-ն չունի թեկնածու ու դեռեւս չի «ուղղորդել» սեփական համակիրներին, տապալվող ՀԱԿ-ը եւս չունի իր թեկնածուն ու ոչ մեկին չի սատարում որպես ամբողջություն, իսկ «Ժառանգության» առաջնորդին, չնայած, ինչպես վերջինիս կուսակից Զարուհի Փոստանջյանն է ասում` «Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանների, Արցախի ու Ջավախքի միասնական թեկնածուն է», ընդդիմադիր դաշտում չկա մի ուժ, անգամ «Ժառանգության» ցուցակով ԱԺ-ում հայտնված «Ազատ դեմոկրատները», որը կսատարի: Ո՞ւմ է ձեռնտու այս իրողությունը, իհարկե` իշխանություններին, չե՞ն հասկանում արդյոք սա Սերժ Սարգսյանի մրցակիցները, անշուշտ հասկանում են, ու եթե այդպես է, ապա այս հանգամանքը եւս մեկ անգամ ապացուցում է մեր այն եզրակացությունը, որ այս ընտրություններում ամենեւին էլ սովորական չի լինելու երկրորդ տեղը:

Ինչ վերաբերում է թեկնածուների վարած քարոզարշավին, ապա այս առումով էլ գալիք ընտրությունները նմանը չունեն, թեկուզ միայն այն առումով, որ նախորդ ոչ մի ընտրություններում հայաստանցի ընտրողները փողոցում քայլելիս, շուկայում առեւտուր անելիս, վարսավիրանոցում` մազ կտրելիս, երբեք չէին տեսել նախագահի թեկնածուի... Պետք է նկատել, որ Հայաստանի պետականության համար խիստ օգտակար են ինչպես Րաֆֆիի , այնպես էլ Բագրատյանի վարած քարոզարշավները, նույնը կարելի է ասել Հայրիկյանի մասով, միայն այն բացառությամբ, որ Հայրիկյանի քարոզարշավային ձեռագրին արդեն իսկ ծանոթ ենք: Տեսեք, Րաֆֆին նոր շունչ, երանգ է բերում հայաստանյան քարոզարշավային պատմությանը: Նա հայտնվում է ամենուր, ամենաանսպասելի տեղերում, որպես կանոն` ոտքով, սովորական մարդկանց բարեւելով, մեզանից մեկը լինելը մեզ համոզելու, ցույց տալու նպատակով: Ինչպես Ահարոն Ադիբեկյանն է ասում` «Րաֆֆին լավ առոգանություն ունի, վստահություն է ներշնչում...», մի խոսքով` «Հնարավոր է», բայց` ընդամենը:

Հրանտ Բագրատյանի քարոզարշավը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել: Նախ Բագրատյանը խոսում է հիմնականում տնտեսությունից ու դա անում է տերմիններով, բազմաթիվ թվերով, ինչը սովորական քաղաքացուն, ոչ մասնագետին, ամենեւին էլ հասկանալի չէ, ավելին` հետաքրքրական չէ: Բագրատյանը չի փայլում հռետորական ունակություններուվ, նա լավ առոգանություն չունի, փոխարենը, չժխտենք նախկին վարչապետի մասնագիտական գիտելիքների առկայությունը: Թեկնածու Բագրատյանն իր այս մասնագիտական զրույցներն ունենում է հիմնականում գյուղական համայնքներում, ինչպես ինքն է ասում. «Ես երբեք չէի մտածի, որ գյուղացիներին մեր ծրագրային դրույթները այդքան կհետաքրքրեն», գուցե եւ այդպես է ու ավելի լավ, որ այդպես է, քանի որ Բագրատյանին հետաքրքրությամբ լսելով գյուղացիները կարող են եւ որոշակի դասընթացներ անցնել: Հետեւաբար, Կիեւի համալսարանում դասախոսող ՀՀ նախագահի թեկնածու Բագրատյանը եթե անգամ շատերին անհասկանալի է, շատերին էլ ուսանելի է:

Գործող նախագահը որդեգրել է քարոզարշավային, այսպես կոչենք, ամերիկյան մոդել. նա իր հանդիպումներում ամենեւին էլ չի ծանրաբեռնում լսարանը սեփական ընդարձակ ծրագիրն ամբողջությամբ ներկայացնելով: Փոխարենը ամեն բնակավայրում Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր ծրագրային դրույթներից մեկը, բայց մանրամասնորեն, հետեւաբար, նրա բոլոր հանդիպումներում ունեցած ելույթներից ամբողջովին կստացվի ամբողջական ծրագիրը:

Պարույր Հայրիկյանը , չնայած մարզային հանդիպումներ ունենալու ակտիվությամբ չի փայլում, սակայն ակտիվ է ֆեյսբուքում. «Հայրիկեան նախագահ» էջում տեղադրվում են Հայրիկյանի այդ օրվա հանդիպումների մասին պատմող տեղեկություններ, լուսանկարներ եւ այլն: Կասկածից վեր է, որ Հայրիկյանի ծրագրային որոշ դրույթներ խիստ կարեւոր են, անգամ արդիական` Հայաստանի համար, սակայն դա չի նշանակում, որ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար ՀՀ նախագահը պետք է պարտադիր Հայրիկյանը լինի:

Արման Մելիքյանն , ինչպես գիտենք, «քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերով քարոզչություն չի անում», Արամ Հարությունյանը պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել, հետեւաբար դիտարկելի չէ որպես նախագահի թեկնածու, Անդրիաս Ղուկասյանը ԳԱԱ-ի դիմաց արդեն 10-րդ օրը հացադուլի է մատնված, ու ոչ թե ինքն է այցելում, այլ իրեն են այցելում, իսկ Վարդան Սեդրակյանը , տպավորություն է առաջանում, որ եկել է մեզ պարզապես հիշեցնելու` «Վերեւում Աստված կա», «Հնարավոր է», իհարկե...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 30-01-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ